2017 թ. մայիսի 19-ին, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության տարելիցից գրեթե մեկ ամիս անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սովորականից մարդաշատ է: Ամեն տարի մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ այստեղ են այցելում նաեւ Հայաստանում բնակվող հույներն ու ասորիները, ովքեր նույնպես ցեղասպան քաղաքականության զոհ են դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների գլխավորությամբ` անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան, hունական համայնքի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար։

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Է. Շարմազանովի խոսքերով` վաշինգտոնյան վերջին դեպքերից հետո Թուրքիան ապացուցեց, որ չի փոխվել, սակայն գալու է ժամանակը, երբ թուրքական ժխտողականությունը ֆիասկո է ապրելու:

20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին ըստ տարբեր աղբյուրների` զոհ է գնացել 353.000 -ից մինչեւ 1.2 մլն հույն: Պատմության մեջ 1916-23 թվականների տեղի ունեցած դեպքերն արձանագրվել են որպես քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդ. Պոլատովի (Պոլատիդիս) համոզմամբ` պատմական հայրենիքը հետ բերելու գործընթացում հայերը, հույներն ու ասորիները պետք է միասնական լինեն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը վստահեցնում է, որ եղբայր ժողովուրդների համագործակցությունը եւ պայքարը շարունակական է, իսկ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես պետական կառույց ստանձնել է տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների նկատմամբ իր մասով պատասխանատվությունը:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Հայաստանի Հանրապետությունը, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան, Արցախի Հանրապետությունը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

19.05.2017թ.

Աղբյուր` «Նոյյան Տապան» 

 

****

Հրամանագիր հույների եւ պոնտացիների ցեղասպանությունը դատապարտելու մասին

Նկատի ունենալով արխիվային նյութերը,

նկատի ունենալով անցյալի բնութագրերը,

նկատի ունենալով, որ Արեւմտյան Հայաստանի մեջ հետեւողական կիրառական հալածանքի են ենթարկվել հույները եւ պոնտացիները,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը թիւ 33-06/04/2015-ի հրամանագրով հայտարարում է.

Հոդված 1. Դատապարտել հույների եւ պոնտացիների հանդեպ իրականացված կոտորածները, որ տեղի են ունեցել Արեւմտյան Հայաստանում 1916-1923 թթ. ընթացքում, թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 9 դեկտեմբեր 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, որը պահանջում է կանխարգելել եւ պատժել ցեղասպանության հանցագործությունը: 

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ 

06.04.2015 թ.

 

*****

ՀՌՉԱԿԱԳԻՐ 

1894-1923 ԹԹ. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԴԷՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

27 ԱՊՐԻԼ 2017 

Նկատի ունենալով.

ա) Ներկայ միջազգային քաղաքական համակարգը, որ տիրեց 2-րդ համաշխարհային պատերազմէն այս կողմ, ներկայիս կը գտնուի փակուղիի առջեւ: Միջազգային նոր քաղաքական համակարգի մը ձեւաւորումը արդէն անյապաղ պահանջք կը դառնայ երկրագունդի խաղաղութեան եւ կայունութեան ձգտող ազդեցիկ տէրութիւններու կողմէ, որ պէտք է հիմնուած ըլլայ միջազգային օրէնքի գերակայութեան, փոխադարձ միջպետական յարգանքի եւ ազգերու հաւասար իրաւունքներու սկզբունքներուն վրայ:

բ) Վերջին երկու տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական զարգացումները ընդհանրապէս Միջին Արեւելքի եւ յատկապէս Հայ բնիկ ժողովուրդի կենսական տարածաշրջանին մէջ՝ ուր ան գոյութիւն ունեցած է ու պիտի շարունակէ ունենալ: Այդ զարգացումները օրըստօրէ Հայ եւ այլ բնիկ ժողովուրդներուն կ՛ենթարկեն լուրջ մարդկային, ազգային եւ մշակութային սպառնալիքներու դէմ առ դէմ՝ առանց էական ինքնապաշտպանութեան հնարաւորութիւններու:

գ) Արեւմտեան Հայաստանի 7 նահանգներն ու Կիլիկիոյ բռնազաւթուած տարածքները այսօր կը հանդիսանան 21-րդ դարու մարդկութեան դէմ ամենավայրագ եւ բարբարոսական ոճիրներ կիրառող ահաբեկչական ջոկատներու հաւաքագրութեան ու պատրաստութեան, պատսպարելու ու մեկնարկի վայրը՝ այդ նոյն արիւնարբու եւ բարբարոս ոճրագործներու հովանաւորութեան ներքոյ, որոնք նոյն ոճիրները գործելով մէկ դար առաջ՝ կատարեցին Հայ եւ այլ բնիկ ժողովուրդներու ցեղասպանութիւնն ու բռնի տեղահանումը: 

Նկատի ունենալով նաեւ.

դ) Արեւմտեան Հայաստանի անկախութիւնն ու պետականութիւնը ճանչցող միջազգային բոլոր փաստաթուղթերը՝ յատկապէս.

  • Կիլիկիոյ անկախութեան մասին Ֆրանսայի Հռչակագիրը
  • Ռուսաստանի դեկրետը Արեւմտեան (Թրքա) Հայաստանի անկախութեան մասին
  • Վերսայլի եւ Սան Ռեմոյի որոշումները Հայկական պետութեան միջազգային ճանաչումներուն մասին
  • Սեւրի խաղաղութեան դաշնագիրը եւ ԱՄՆ նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռը
  • ՄԱԿ-ի Հռչակագիրը մարդկանց իրաւունքներուն մասին
  • ՄԱԿ-ի Հռչակագիրը բնիկ ժողովուրդներու իրաւունքներուն մասին

ե) Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հիմնադրման, Պետական կառոյցներու ստեղծման, Արեւմտեան Հայաստանի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան վերաբերեալ բոլոր հռչակագիրներն ու որոշումները:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը կը հռչակէ եւ կը հաստատէ հետեւեալ սկզբունքները.

  1. Արեւմտեան Հայաստանի 7 նահանգներն ու Կիլիկիոյ տարածքները կը գտնուին բռնազաւման տակ Թիւրքիոյ կողմէ, եւ ենթակայ են ազատագրման՝ միջազգային օրէնքներով:
  1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը գործի դնելով միջազգային օրէնքն ու ինքնիշխանութեան բոլոր հնարաւորութիւններն ու պարտաւորութիւնները՝ կը լծուի գրաւեալ Արեւմտեան Հայաստանի ազատագրման սրբազան առաքելութեան:
  1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Պետական կառոյցները պատրաստ են ստանձնելու Արեւմտեան Հայաստանի պետականութեան հաստատման եւ տարածքային ամբողջական պատասխանատւութիւնները՝ թէ միջազգային ընտանիքին եւ թէ Արեւմտեան Հայաստանի ժողովուրդին, ներառեալ տարբեր ազգային եւ կրօնական համայնքներուն եւ փոքրամասնութիւններուն նկատմամբ:

Սոյն հռչակագիրը կը հանձնեք աշխարհատարած տարագիր Հայ ազգի, բռնազաւթուած Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ մէջ ապրող մեր ժողովուրդի, ներառեալ տարբեր ազգային եւ կրօնական համայնքներու եւ փոքրամասնութիւններու, բնիկներու, ինչպէս նաեւ միջազային ընտանիքի գիտակցութեանը, որպէս մեր յառաջիկայ աշխատանքներու եւ քաղաքական քայլերու որոշիչ հիմք:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × two =