ԱՀՀ Նախագահի ուղերձը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 93-րդ տարեդարձի առթիվ – 19.01.2017 թ.

Հայտարարություն
Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման մասին

Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են Փարիզի (Վերսալի) Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 97-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում (88-րդ եւ 92-րդ հոդվածներ) եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի (Վերսալի) Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի եւ նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Նիկարագուայի, Ռումինիայի, Հեջազի, Գվատեմալայի, Պանամայի, Հայիթիի եւ Լիբիայի ներկայացուցիչները։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի պրեմիեր մինիստր Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վիլսոնը։

1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Արեւմտյան Հայաստանի հայության կողմից Հայկական Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ Հայկական Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ: Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի եւ Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։

1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովի որոշումով «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.
1/ Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,
2/ որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

Դյուրին է նկատել, որ հայկական պահանջների եւ իրավունքների մասով հետեւողականորեն 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:

Այդ իրավունքները պաշտպանելու եւ հաստատելու համար 2004-ին Շուշիում ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որն աշխատանքներ ձեռնակեց ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների ձեւաչափում եւ իրականում ինքն է նախաձեռնողը Արեւմտյան Հայաստանի Հայերի ինքնության եւ քաղաքացիության համակարգի ձեւավորման: Հետագա աշխատանքների եւ ընդունված իրավական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրա են ձեւավորվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետականության հիմքերը. Արեւմտյան Հայաստանի Կառավարության՝ հռչակված 2011թ.-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Նախագահական համակարգի՝ ձեւավորված 2013-2014 թթ.-ին:

Ուստի, կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի վավերացումը մասնակից պետությունների կողմից եւ դրա հոդվածների պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:

Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի /Խորհրդարանի/ Նախագահ

19.01.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 + thirteen =