Ցմահ ազատազրկման ակտերը դեր ունեն ՀՀ–ից կորզվող զիջումների գինը բարձրացնելու տրամաբանության մեջ

Մեր կանխատեսումների շրջանակում էին այս որոշումները. Ադրբեջանական դատարանները գերազանց կերպով իրականացրեցին իրենց դերը և գործադիր իշխանության քաղաքական որոշումները բերեցին դատական որոշումների մակարդակ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման որոշումներին, որոնք կայացվեցին այսօր։

«Ընդ որում, դատավարությունների ընթացքում բացահայտ կերպով խախտվել են արդար դատաքննության երաշխիքները։ Այսինքն անգամ ձևական երաշխիքների պահպանման փորձեր տեղի չունեցան։ Հասկանալի է, որ մենք գործ ունենք ոչ լեգիտիմ դատական որոշումների հետ, որոնք օրինականացնում են ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման գործադիր իշխանության վրեժխնդիր որոշումները, քայլերը։

Կարծում եմ հայկական կողմը պետք է կարողանա հասնել այս որոշումների և գործընթացների վիճարկման հենց միջազգային դատական ատյաններում»,–ասաց նա։

Հարցին՝ սա որքանո՞վ է ավելի բարդացնում նրանց վերադարձի հնարավորությունը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած բարդացում չեմ տեսնում, քանի որ պրոցեսները եղել են քաղաքական, և մենք տեսանք նույն Վագիվ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքչյանի և մյուս հայրենադարձված գերիների պարագայում, որ նրանք հայրենադարձվեցին առանց ադրբեջանական դատարանների կողմից սահմանված պատժաչափերը կրելու։ Ընդ որում նրանց վերադարձի պարագայում գործեց պայմանավորվածություն, այլ ոչ թե իրավական գործընթաց՝ պատիժը կրելու նպատակով քաղաքացիության երկիր հանձնելը։ Սա ևս վկայություն է, որ գործընթացները քաղաքական են, այլ ոչ իրավական։

Բայց կարծում եմ՝  վերադարձի պարագայում Հայաստանից կորզվող զիջումների գինը բարձրացնելու տրամաբանության մեջ այս ակտերը նշանակություն ունեն, քանի որ նրանք անընդհատ խաղարկելու են, որ կան դատական ակտեր, նրանց արարքները հաստատված են, նրանք դատապարտված են ցմահ ազատազրկման։ Նման կերպ ընդամենը փորձելու են գործընթացը բարդացնել։ Որևէ իրական գործնական խոչընդոտ ես չեմ տեսնում այս դատական ակտերի գոյության պայմաններում»։

Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ այս դատական ակտերը չեն տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. «Խաղաղությունը պետք է մեծացնի վստահությունը ժողովուրդների, ազգերի միջև, վերացնի այն գործոնները, որոնք տարիներով եղել են ատելություն ծնող, և ցանկացած գործընթաց, որը ապօրինի է և կարող է գեներացնել հավելյալ ատելություն, ուղղակի պետք է բացառել։

Մինչդեռ մենք տեսնում էինք, որ այս դատավարությունների լուսաբանումը ուղեկցվում էր հայատյաց արտահայտություններով, գեներացվում էին նոր հակահայկական խոսույթներ, և կարծես թե բավարարվում էր հասարակության այն պահանջը, որ հայերը պետք է դատապարտվեն ցմահ ազատազրկման, պետք է տանջանքներ և տառապանքներ կրեն ոչ միայն սեփական երկրում, այլ նաև ադրբեջանական բանտախցերում։

Սրանով փորձում էին անգամ բարոյական բավարարում տալ ադրբեջանական հասարակությանը։ Դրա համար մեր կողմից դատավարությունները ընկալվում են որպես ատելություն գեներացնող, այլ ոչ թե ատելությունը մեղմող, խտրականությունը վերացնող գործընթացներ, և որևէ կերպ չեն տեղավորվում խաղաղության խոստումներում»։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × five =