Ռազմական լրագրող Արամ Խաչատրյան. «Ռազմական լրագրող Որպես ՌԴ քաղաքացի՝ կոչ եմ անում ՌԴ իշխանություններին՝ մի լռեք. սա երկակի ստանդարտ է»

Մոտ 3 շաբաթ առաջ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, այդ ագրեսիայի ընթացքում տեղի ունեցան ռազմական հանցագործություններ. արդեն հոկտեմբերի 2-ին համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի «խիզախ» զինվորականները գնդակահարում անզեն հայ զինծառայողներին, որոնք գերի էին վերցրել:

Այս առնչությամբ, «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, , ռազմական լրագրող Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա ռազմական հանցագործության աղաղակող փաստ է. «Այդ փաստի առնչությամբ Հայաստանի կառավարությունը, ՊՆ-ն և այլ կառույցներ հանդես են եկել հայտարարություններում: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, պետություններ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Հունաստանը, Կիպրոսը, ԵՄ-ն դատապարտել են այդ փաստը: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հարցում Ռուսաստանը ոչ միայն զգուշավորություն ու պասիվություն է դրսևորել, այլ Ռուսաստանը ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, որի հետ ես անձամբ ծանոթ եմ, հայտարարել է, որ պետք է հետաքննել այդ տեսագրությունը: Փաստացի նրանք հավասարության նշան են դրել ագրեսորի և զոհի միջև: Սա շատ վիրավորական է:

Երկրորդ, ես կարծում եմ, որ շատ վիրավորական է նաև, որ ՌԴ պետդումայի, Դաշնության խորհրդի համապատասխան հանձնաժողովները չեն դատապարտել այդ ռազմական հանցագործությունները: Ստացվում է, որ մեր հիմնական դաշնակից Ռուսաստանը չի դատապարտել դա: Ավելին ասեմ, ՀԱՊԿ-ի գծով մեր երկու դաշնակիցները՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, դատապարտել են Հայաստանին և պաշտպանել Ադրբեջանին: Այսինքն պաշտպանել են այն պետությանը, որը ռազմական հանցագործություններ է գործել»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Նա հվելեց, որ երեկ Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հանդես է եկել խիստ հայտարարությամբ. «Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը ոչ միայն Ժնևի կոնվեցիայի կոպիտ խախտում է, այլ սա ևս մեկ ապացույց է, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անկախությունը:

Ցեղասպանության այդ ակտը դատապարտել է նաև հայտնի ռուս երգչուհի, հաղորդավարուհի Կատյա Գորդոնը, որը հայտարարել է, որ հայ զինծռայողների գնդակահարությունը ցեղասպանություն է և ստորություն:

Կան հարցեր Հայաստանի ՊՆ-ին ուղղված: Ադրբեջանի կողմից Հայաստանին ինքնիշխան տարածքի վրա հարձակվելուց հետո Ադրբեջանի բանակի որոշ դիվերսիոն խմբեր գտնվել են Հայաստանի տարածքում: Հնարավոր է, որ դրանց շարքում է եղել նաև այն խումբը, որը գնդակահարել է հայ զինծառայողներին: Ընդ որում, հայ զինծառայողներին գնդակահարել են հենց Հայաստանի տարածքում և ամենավիրավորականն այն է, որ այդ դիվերսիոն խմբերը երկու օր առաջ անխոչընդոտ լքել են Հայաստանի տարածքը: Հիմա հարց ՊՆ-ին՝ ինչո՞ւ եք նրանց ազատ թողել հեռանան: Ինչու եք թույլ տալիս, որ ռազմական հանցագործները ազատորեն լքեն մեր տարածքը, ինչի՞ հիման վրա»,-ընդգծեց Արամ Խաչատրյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանը ճանաչել որպես հանցագործ պետություն. «Ես որպես Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ, որպես ՌԴ քաղաքացի, կոչ եմ անում ՌԴ իշխանություններին ավելի ակտիվ արտահայտել իր կարծիքը այս հարցում, եթե կա հանցագործություն, դրա մասին պետք է բարձրաձայնել, չպետք է հավասարության նշան դնել ագրեսորի ու զոհի միջև: Այստեղ պետք չեն երկակի ստանդարտներ»:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × one =