Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք. Փաշինյան

Ինչո՞ւ մենք խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք. Պատճառը շատ պարզ է. Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։

Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։

Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 3 =