ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հատիս լեռան վրա «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման վերաբերյալ թույլտվություն չի տվել։ Այս մասին ասվում է Armenia Today-ի հարցմանը գերատեսչության պատասխանում։
Ավելի վաղ Ծառուկյան հիմնադրամը ներկայացրել էր «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական դիզայն-պրոեկտի անիմացիոն տարբերակը։ Հիմնադրամից հայտնել էին, որ նախագիծը կյանքի կոչելու վերջին քննարկումներն են։ Թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումնից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները՝ միասին 77,7 մ բարձրությամբ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախարարություն հայտ չի ներկայացվել համալիրի կառուցման նպատակով հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար, ինչպես նաև կառուցման վերաբերյալ եզրակացություն չի տրվել։
Միևնույն ժամանակ, նախարարությունն ընդգծում է, որ Հատիս լեռան գագաթին վերջերս հայտնաբերվել է հնավայր-ամրոց, որը դեռևս ներառված չէ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և չունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
Նախարարությունը խոստանում է հայտնել իրենց դիրքորոշումը նախագծային փաթեթի ներկայացումից հետո։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հանրապետությունում Քրիստոսի արձանը տեղադրելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով, արձանի բարձրությունը ինքնին կկազմի 33 մետր՝ ըստ Քրիստոսի ապրած տարիների, իսկ հուշարձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին կարող է երկուսից երեք անգամ ավելի մեծ լինել։ Այս նախագծին աջակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով դրա կարևորությունը երկրում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
Արձանի կառուցման մեկնարկի մասին հայտնի էր դարձել հուլիսի 9-ին, Ծառուկյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել էին շինարարության բացման արարողությանը։ Աշխատանքները մեկնարկեցին, չնայած Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի և Հայ առաքելական եկեղեցու դժգոհությանը, ավելի ուշ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը քննադատել էր նախագիծը և պահանջել դադարեցնել այն, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ նախագիծն արդեն դադարեցվել է մինչև շինարարական թույլտվություն ստանալը: «Ծառուկյան» հիմնադրամը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները կսկսվեն միայն իշխանությունների կողմից դրական եզրակացությունից հետո։