Ստանիսլավ Տարասով․ “Նիկոլ Փաշինյանը կարող է սկսել մերկացնել հրաժարական ներկայացրած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին”

Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմի իր ոճին եւ սկսի մերկացնել հրաժարական ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա կարծում է, որ ամբողջ գործընթացում շատ ինտրիգներ եւ անորոշություններ կան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իրեն խոստացել են ընդլայնել լիազորությունները, սակայն իրավիճակը օդից կախված է մնացել, եւ ինքը հրաժարական տալիս։

«Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է տվել այդ խոստումները։ Այս խոստումները տվել է դեռեւս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժամանակին ասել էր, որ սահմանադրական բարեփոխումից հետո երկու «Ս»-ի (երկու Սարգսյան-խմբ.) տանդեմ կձեւավորվի։ Սակայն հետո իրավիճակը փոխվեց (2018-ին իշխանափոխություն եղավ-խմբ.), իսկ Արմեն Սարգսյանը մնաց։ Նրա վրա խաղադրույք էր կատարվել՝ որպես երրորդ ուժի գործոն։ Ինչպես հայտնի է, որոշակի փուլում նա սատարում էր Փաշինյանին, թեեւ տարաձայնություններ կային։ Դա դրսեւորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության՝ պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջի ժամանակ, երբ Սարգսյանը չստորագրեց հրամանագիրը (ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին – խմբ.), որը, սակայն, ըստ օրենքի, որոշ ժամանակ անց ուժի մեջ մտավ»,- հավելեց Տարասովը։

Փորձագետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին սատարել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ հայտարարությունների ստորագրման ժամանակ։

«Այդ պահին նախագահը չխաղաց երրորդ ուժի գործոնը, որպեսզի, հավանաբար, դրա դիմաց իր լիազորությունների ընդլայնում ստանա։ Սակայն հետագայում, որպես երրորդ ուժի գործոն, նա չկայացավ։ Նախագահը կատարեց մի գործառույթ, որը չպետք է ապակայունացնի իրավիճակը՝ նպաստելով Փաշինյանի իշխանության պահպանմանը եւ այն արտաքին քաղաքական սցենարների իրականացմանը, որոնք վերջինս իրականացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։

Այժմ ներքին տարաձայնությունները հասել են գագաթնակետին, եւ իշխանությունները հասկացրեցին, որ Սարգսյանի հեռանալու ժամանակն է։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ըստ ամենայնի, եղել են ներքին եւ արտաքին գործոններ։ Շատ հնարավոր է, որ նախագահը դժգոհ է եղել Թուրքիայի հետ բանակցություններից։ Բացի այդ, Հայաստանում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ, որոնցում նա չի ցանկանում ներգրավված լինել»,- պարզաբանեց Տարասովը։

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ հաջորդ նախագահ (որպես միջանկյալ գործիչ) կլինի Փաշինյանի մարդը, ով Սահմանադրության փոփոխություն է նախապատրաստում՝ կառավարման նախագահական ձեւին անցնելու, ինչպես նաեւ երկրի ղեկավարի աթոռը ստանձնելու նպատակով։

«Սարգսյանը մեծ կապեր ունի Սփյուռքում, թագավորական ընտանիքի հետ (Բրիտանիայի – խմբ.), Անգլիայում դեսպան է եղել։ Սրա հետեւում կանգնած է Փաշինյանի խնդիրը՝ Եվրոպայում հայկական սփյուռքի հետ, որը դադարում է աջակցել նրան»,- նշեց Տարասովը։

Փորձագետը դա անվանեց լոկալ ճգնաժամ, որը չի անդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

«Նախագահը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն տեղ չէր զբաղեցնում»,- եզրափակեց նա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − 16 =