Բնական դաշնակիցների ցանկը գծագրվում է: Աշխարհաքաղաքական խզվածքներում ավելանալու են հիբրիդային պատերազմները

Աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, որոնք ազդեցություն ունեն գրեթե բոլոր պետությունների վրա։ Նոր ձեւավորվող քաղաքական, տնտեսական քարտեզը կյանքի է կոչվում ինչպես փափուկ ուժի, այնպես էլ՝ կոշտ ուժի օգնությամբ, այսօր արդեն՝ հիբրիդային պատերազմների միջոցով։ Մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց ունեցած հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի հետ։

-Հոկտեմբերի 12-13-ը առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում էր Հնդկաստանի ԱԳ նախարարը։ Ո՞րն էր Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի նպատակը։

2020 թ. 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց, տարածաշրջանում ուժերի վերադասավորում տեղի ունեցավ։ Այս հանգամանքն իր ազդեցությունը թողեց Կոսովոյից մինչեւ Կենտրոնական Ասիա, այսինքն՝ այս տարածքներում մեծացավ Թուրքիայի ազդեցությունը։ Եվ Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը պետք է դիտարկել այս պրիզմայով։ Հնդկաստանը խնդիրներ ունի իր անմիջական հարեւան Պակիստանի հետ, որը տարբեր ձեւերով օգնեց Ադրբեջանին եւ ուղղակիորեն մասնակցեց 44-օրյա պատերազմին։ Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժությունը նպատակ ուներ մեծացնել Պակիստանի դերը եւ քաղաքական կշիռը Պարսից ծոցում, ինչը հակասում է Հնդկաստանի պետական շահերին։ Ուստի տրամաբանական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու Հնդկաստանի ցանկությունը։

– Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Հնդկաստանը։ Որո՞նք են այս պետության շահերը մեր տարածաշրջանում։

Երկրների հարաբերությունները կառուցվում են աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ քաղաքակրթական շահերի հիման վրա։ Միջազգային հարաբերություններում գնահատում եւ արժեւորում են քաղաքական եւ ռազմավարական կշիռ ունեցող երկրներին։ Հայաստանը մինչեւ 44-օրյա պատերազմն ուներ այդ կշիռը։ Ինչպես արդեն նշեցի, պատերազմից հետո Թուրքիան փորձում է Պակիստանի քաղաքական կշիռը մեծացնել Պարսից ծոցում՝ Մեծ Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ից ավելի մեծ դերակատարման թույլտվություն ստանալու նկատառումով։ Պակիստանի հզորացումը եւ քաղաքական կշռի մեծացումը ուղիղ համեմատական են Հնդկաստանի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքական կշռի թուլացմանը։ Իսկ հզոր Հայաստանը կարող է զբաղեցնել Թուրքիային Անդրկովկասում ու հեռու պահել Պակիստանում կամ Աֆղանիստանում որոշակի «խաղեր տալուց»։

– Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը սեպտեմբերի 15-ին համատեղ հայտարարություն հրապարակեցին պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Ի՞նչ է այս եռակողմ գործակցությունը եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։

Այս եռակողմ պայմանագիրը տրամաբանական շարունակությունն է դեռեւս 2000-ականներից մեկնարկած գործընթացի՝ Չինաստանի սանձազերծման, որի նպատակը այդ եւ նրա հարեւան երկրներում քաոսային իրավիճակ ստեղծելն է։ AUKUS պայմանագիրը նաեւ հարված էր ԱՄՆ-ի եւ Անգլիայի տնտեսական մրցակից Ֆրանսիային եւ Գերմանիային։ Այս պայմանագրի հիմքում ընկած է ԱՄՆ-ի ուժերի կենտրոնացումը Չինաստանի շուրջ, ինչը նշանակում է ԱՄՆ-ի նահանջ Միջին Արեւելքից։ Հետեւաբար՝ Միացյալ Նահանգները փնտրում է վստահելի ու հավատարիմ գործընկեր, որը կփոխարինի իրեն։ Այդ դերն այսօր ամեն կերպ փորձում է ստանձնել Թուրիքան՝ սեփական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Վերջապես չմոռանանք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր ԿՀՎ-ի ծրագիրն է եղել Թուրքիայի հզորացմամբ թուլացնել Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը։ Ու այսօր էլ Էրդողանի գլխավոր խորհրդականների կողքին կարող ենք տեսնել ԿՀՎ-ի փորձագետների։

– Իրան-Ադրբեջան սահմանում լարվածության սրացումից առաջ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան Աֆղանստանում։ Որքանո՞վ է Աֆղանստանում տեղի ունեցածը փոխկապակցված Իրանի շուրջ լարվածության աճի հետ։

Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը անակնկալ էր միայն աֆղան ժողովրդի համար, իրենք մինչեւ վերջին վայրկյանը չէին հավատում, որ ԱՄՆ-ը մի գիշերվա մեջ դուրս կգա իրենց երկրից։ Թուրքիան համոզել էր ԱՄՆ-ին, որ իրենց ուժերը թալիբների հետ լավ հարաբերություններ ունեն եւ ի վիճակի կլինեն Բագրամ միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովել, բայց չկարողացան։ Այնպես որ, Աֆղանստանում աշխարհաքաղաքական խաղերը նոր են սկսվում, իսկ այդ երկրում Թուրքիայի դերակատարումը ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության վրա։

– Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում նախատեսում է այցելել Երեւան եւ Բաքու։ Ո՞րն է լինելու, ըստ Ձեզ, այցի նպատակը, ի՞նչ օրակարգի շուրջ է նախատեսում Իրանը երկխոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ։

Ինչպես ասացի, Իրանը հիմա փորձում է արագություն վերցրած գնացքի հետեւից վազել, եւ Իրանի ԱԳ նախարարի այցը պետք է մեկնաբանել որպես Իրանը տարածաշրջանային մրցություններում գործոն դարձնելու փորձ։ Սակայն գործոն դառնալու համար Իրանը ստիպված է ավելի կոնկրետ քայլեր իրականացնել։

– Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում խաղաղություն չհաստատվեց։ Այսօր խիստ լարված է իրավիճակը Իրան-Ադրբեջան սահմանին, նաեւ Նախիջեւանի հատվածում։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում այս մասով։ Արդյոք Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր են ռազմական բախումներ։ Ի՞նչ դերակատարություն ունի այստեղ Թուրքիան, ի՞նչ խնդիրներ է լուծում։

44-օրյա պատերազմը փոխեց Անդրկովկասում խաղացող եւ աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը։ Այդ պատերազմի հետեւանքով Թուրքիայի դերակատարումն ու ազդեցությունը մեծացան, եւ թուլացան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը։ Այսօր թուլացած Հայաստանի պարագայում Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում բացատրվում է միայն Հայաստանի գոյությամբ։ Ռուսաստանը Հայաստանում իր դիրքերը զիջելով՝ սկզբում նահանջելու է մինչեւ այսօրվա իր սահմանները, իսկ երկարատեւ հեռանկարում հայտնի չէ, թե մինչեւ ուր։ Իրանը 44-օրյա պատերազմի ծավալից ու տեւողությունից անակնկալի եկավ։

Դրա վառ ապացույցը Իրանի քաղաքական եւ կրոնական ղեկավարների ելույթներն էին՝ հօգուտ Ադրբեջանի, ինչն ավելի սանձազերծեց ադրբեջանցիների պահվածքը։ Պատերազմից հետո Թուրքիան ավելի բաց խաղաց, ինչի արդյունքում ընդամենը օրեր անց Իրանը հասկացավ, որ տարածաշրջանից դուրս է մղվում եւ ձեռնարկեց իր դիրքերը վերականգնելու փորձեր։ Առայժմ Իրանը վազում է իրադարձությունների հետեւից։

Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրան պատերազմի հավանականությանը, ապա դա ներկա դրությամբ գրեթե անհավանական է։ Ադրբեջանը ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ այլ բնագավառներում ի վիճակի չէ Իրանի հետ պատերազմ մղելու, իսկ այդպիսի պատերազմի պարագայում հաստատ Թուրքիան ուղղակիորեն չի միջամտի։ Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին կապող բազում տեսանելի ու անտեսանելի թելեր կան։ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ուղղակիորեն, Իսրայելն անուղղակիորեն փորձում են Ադրբեջանի միջոցով պարզել Իրանի հակազդեցության ձեւ ու չափը տարբեր իրավիճակներում։

– Որքանո՞վ է մեծացել ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկը ամբողջ աշխարհում։

Այսօր միջազգային բոլոր ուժերը գիտեն, որ իրենց միջեւ ուղիղ բախումը կբերի աշխարհի կործանման, ուստի որեւիցե մեկը այդ ձգանը չի սեղմի։ Ուղղակի բոլոր աշխարհաքաղաքական խզվածքներում ավելանալու են հիբրիդային կամ պրոքսի պատերազմները, որտեղ գերպետություններն իրենց կուտակած էներգիան մաշեցնելու են։ Բացառված չէ, որ եկող տարիներին ականատես լինենք պատերազմների սրացման՝ Հնդկական օվկիանոսից մինչեւ Աֆրիկա ու Միջին Արեւելք, մինչեւ Անդրկովկաս եւ Կենտրոնական Ասիա։

Լուսինե Մխիթարյան

HH Press.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 + thirteen =