ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասվում է.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը:

1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության եւ համայնքային ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան՝ ոչնչացման ճանապարհով: Մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չսպրդեն պատմությունից: Եւ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինել ատելության քայքայիչ ազդեցությունների հանդեպ՝ իր բոլոր ձեւերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժ ու տոկունություն ցուցաբերելով՝ հայ ժողովուրդը գոյատեւեց եւ վերականգնեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ անհամար եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը իրենց նախնիներից շատերին բերել է մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ այն բանի համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ սգում ենք նրա համար, ինչը կորսվել է, եկեք նաեւ մեր հայացքը ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Այն աշխարհը, որը պղծված չէ մոլեռանդության եւ անհանդուրժողականության ամենօրյա արատներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ եւ անվտանգ: Եկեք հաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը`աշխարհի ցանկացած կետում: Եւ եկեք ապաքինում ու հաշտեցում ձեռք բերենք աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ սկսված ցեղասպանության հետեւանքով»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» գրասենյակները: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × one =