Haaretz. Անսպասելի դաշի՞ նք Նաթանյահուի եւ Էրդողանի միջեւ Իրանի դեմ Լեռնային Ղարաբաղում

Նեգեւում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք կատարող ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները համեմատաբար սովորական տեսարան է, ինչը վկայում է երկու երկրների միջեւ զանգվածային ռազմական գործարքների մասին: Սակայն Իլ-76 բեռնատար ինքնաթիռների ժամանման հաճախականությունը` երկու այդպիսի ինքնաթիռ վայրէջք էր կատարել Ուվդայում անցած հինգշաբթի` սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող հակամարտության լուրջ սրացումից ընդամենը երկու օր առաջ, եւ եւս երկու ինքնաթիռ ժամանել էր երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին, մատնանշում են ադրբեջանական ուժերի նախապատրաստումն ու ուժեղացումը Լեռնային Ղարաբաղի համար հաջորդ բախումից առաջ, որտեղ մարտերը շարունակվում են չորրորդ օրը, գրում է իսրայելական Haaretz թերթը, փոխանցում է Inosmi-ն:

Իսրայելի կառավարությունը ձեռնպահ է մնում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ որեւէ հայտարարություն անելուց: Պաշտոնապես այն պատրաստ չէ պաշտպանել որեւէ կողմին: Բացի այդ, այն դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, որն ընդամենը երկու շաբաթ առաջ բացեց իր առաջին դեսպանատունը Թել Ավիվում: Իսրայելցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում ասում են, որ «մենք շահեր ունենք երկու կողմերում էլ», եւ Իսրայելը հաստատ բացահայտ կերպով մարտահրավեր չի նետի Ռուսաստանի կառավարությանը, որը Հայաստանի հովանավորներից մեկն է (չնայած միաժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին):

Խոսքը ոչ միայն զենքի վաճառքի շահութաբեր գործարքների մասին է, որոնք անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ եւ ռադարային համակարգեր են ներառում: Իսրայելն Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է համարում: Կասպից ծովի ափին գտնվող այս կլեպտոկրատիան Իսրայելի գնած նավթի մատակարարումների աղբյուրն է, ինչպես նաեւ իր դիրքի շնորհիվ այն որպես ծայրաստիճան օգտակար «հետեւի դուռ» է ծառայում հարեւան Իրանի համար, որը կարող է օգտագործվել հետախուզական եւ այլ քողարկված նպատակներով` հատկապես հաշվի առնելով այն, որ մեծամասամբ շիական այս երկիրը աշխարհիկ երկիր է եւ արդեն երկար ժամանակ կասկածով է մոտենում իրենից հարավ գտնվող Իսլամական Հանրապետության հեղափոխական նկրտումների նկատմամբ:

Սակայն էթնիկ առումով Ադրբեջանը շատ ավելի սերտորեն կապված է մեկ այլ տարածաշրջանային տերության`՝ Թուրքիայի հետ, որը, ըստ Լեռնային Ղարաբաղից, հիմնականում հայկական աղբյուրներից ստացվող հաղորդագրությունների, ներկայից սրմանը շատ ավելի մեծ մասնակցությունը ունի, քան նախկինում: Հայերը պնդում են, որ իրենց հակառակորդները թուրքական անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, որ թուրքական F-16 կործանիչը խփել է մի հայկական ինքնաթիռ եւ որ հակամարտության դաշտ են ժամանել նույնիսկ սիրիացի զինյալները Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակից: Թուրքիան մերժում է տեղեկություններն այն մասին, որ այս հակամարտության մեջ ներգրավված են դրա զինված ուժերը, սակայն այն բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին:

Շատ երկար ժամանակ անց առաջին անգամ Իսրայելը, ըստ էության, հայտնվեց Թուրքիայի հետ նույն կողմում: Արդյո՞ք դա շահերի ժամանակավոր եւ պատահական զուգադիպություն է, թե՞ ցուցիչ է, որ թուրք-իսրայելական երկարամյա դաշինքի որոշ տարրեր դեռ պահպանվում են:

Անցած 12 տարվա ընթացքում, այսինքն`  «Ձուլված կապար» օպերացիայից հետո, որն Իսրայելն իրականացրել էր Գազայի հատվածում, երկու երկրների հարաբերությունները զարգանում էին կայուն հետընթաց հետագծով: Առաջին մի քանի տարվա ընթացքում կային նրանք, ով դա ժամանակավոր երեւույթ էր համարում, ինչը բացատրվում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի` տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու փորձերով:

Սակայն այսօր Իսրայելի հետախուզական համայնքի եւ անվտանգության ուժերի համաձայնությունն այն է, որ գնալով ավելի շատ ավտորիտար Էրդողանն անուղղելի հակասեմական է, եւ քանի դեռ նա շարունակում է Թուրքիայի ղեկավար մնալ, կապերի իրական ամրապնդման հեռանկարներ չեն լինի:

Չնայած Թուրքիան դեռ շարունակում է ցածր մակարդակի դիվանագիտական եւ լայն առեւտրային կապեր պահպանել Իսրայելի հետ` Էրդողանը խստորեն դատապարտել է Իսրայելի` Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ վերջերս տեղի ունեցած հարաբերությունների «կարգավորումը»: Վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիան հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի առանցքային առաջնորդներին` թույլ տալով նրանց գրասենյակներ բացել Ստամբուլում եւ նույնիսկ նրանց մի մասին Թուրքիայի քաղաքացիություն տալ: Դա մասամբ պայմանավորված է Էրդողանի ցանկությամբ` ներկայանալ որպես պաղեստինցիների պաշտպան եւ ցույց տալ իր անձնական մտերմությունը «Մուսուլմանական եղբայրություն» շարժման հետ (Ռուսաստանում արգելված կազմակերպություն – խմբ.), որը 2013-ին կորցրեց իր նախնական բազան Եգիպտոսում, այն ժամանակ նախագահ Մոհամմադ Մուրսիի դեմ ընդվզումից հետո:

Իսրայելի հետախուզական համայնքի ներսում շարունակական բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ` Թուրքիայի հետ հարաբերությունների սառնությունը ժամանակավոր է եւ Էրդողանի անձնական նախասիրությունների արդյունք է, թե՞ ավելի խորը տեղաշարժի արտացոլանք է: Դա մեծապես կախված է այն անձնական հարաբերությունների բնույթից, որոնք անցյալում այս կամ այն պաշտոնյան պահպանել է թուրք գործընկերների հետ: Օրինակ, Իսրայելի ռազմաօդային ուժերի մի ավագ սպա, ով ավելի քան 10 տարի վերապատրաստվել է Թուրքիայի օդային տարածքում եւ ՆԱՏՕ-ի տարբեր ֆորումների միջոցով շարունակել է կապ պահպանել իր թուրք գործընկերների հետ, անցյալ տարի ասել էր, որ համոզված է, որ «Թուրքիան մեր թշնամին չէ եւ Էրդողանի հեռանալուն պես այն կրկին մեր մերձավոր դաշնակիցը կդառնա»:

Մյուս կողմից, հետախուզական ծառայության պաշտոնյաները, ովքեր հետեւում են, թե ինչպես է Ստամբուլն ավելի ու ավելի է ակտիվ կառավարում ՀԱՄԱՍ-ի գործողություններն Արեւմտյան ափին եւ ինչպես է MIT թուրքական հետախուզական ծառայությունն անցել Էրդողանի մերձավոր գործընկերների վերահսկողության տակ, ովքեր ցանկանում են սերտ համագործակցել Իրանի հետ, համոզված են, որ նույնիսկ եթե Էրդողանը ստիպված լինի հրաժարական տալ, նրա իրավահաջորդները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իր քաղաքականությունը:

«Անկասկած` տարիներ կպահանջվեն նախկինում ունեցած փոխհարաբերությունները վերականգնելու համար,- ասել է հետախուզության վերլուծաբաններից մեկը:- Ստուգում կդառնա այն` կփակվե՞ն արդյոք ՀԱՄԱՍ-ի գրասենյակները»:

Եվ դա առաջին հերթին կախված է Իրանից, ինչը մեզ վերադարձնում է Լեռնային Ղարաբաղ: Չնայած երկու կողմերի նախաձեռնություններին` օսմանցիների եւ պարսիկների պատմական մրցակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի տարբեր թեժ կետերում վերահսկողության համար պայքարը, խանգարում են Թուրքիային եւ Իրանին կայուն դաշինք կազմել:

Իրանը Հայաստանի հիմնական աջակիցներից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, ինչն Իսրայելին հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական խողովակներով երկխոսություն հաստատել Էրդողանի Թուրքիայի հետ, ինչպես նաեւ մեծացնել պառակտումն Անկարայի եւ Թեհրանի միջեւ:

Մի քանի տասնամյակ տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցները ոչ արաբական երկրներ են եղել` Թուրքիան եւ Իրանը, որոնք Իսրայելի հետ միասին ոչ պաշտոնական «ծայրամասային դաշինք» են կազմել, որը նախ տուժեց Իրանում իսլամական հեղափոխությունից 1979 թվականին, ապա` 2003-ին Էրդողանի իշխանության գալուց հետո: Իսրայելն այժմ ավելի քան երբեք մոտ է արաբական երկրների արեւմտամետ բլոկին, որի մեջ մտնում են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը, որոնք կիսում են Իսրայելի թշնամանքն Իրանի եւ Թուրքիայի նկատմամբ եւ մրցակցում է նրանց հետ տարածաշրջանում գերիշխանության համար` Սիրիայում, Եմենում, Լիբանանում եւ Լիբիայում մի շարք միջնորդավորված հակամարտությունների շրջանակներում:

Զենքի վաճառքն Ադրբեջանին եւ հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում հիշեցնում են, որ «ծայրամասային դաշինքը» գուցե դեռ մեռած չէ:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × one =