Միջերկրական ծովում՝ Հունաստանի ափամերձ հատվածներից հետազոտական նավի հետ կանչելը Թուրքիայի կողմից տակտիկական քայլ է: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման գնահատական տվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Եթե մենք ընդհանուր գնահատենք Էրդողանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը, ապա տեսնում ենք, որ ունի հետևյալ առանձնահատկությունը. նա փորձում է Թուրքիայի շուրջ լարվածությունը բարձրացնել: Նման պայմաններում նա կարող է գնալ մի փոքր հետքայլի՝ փոխարենն ակնկալելով մեծ զիջում հակառակ կողմից: Ես կարծում եմ, որ թուրքական նավի դուրս գալը հունական ծովային հատվածից հենց այդ տակտիկայի արտահայտումն է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, տեղի է ունենում տարածաշրջանի մի շարք երկրներում: Թուրքիայի հաշվարկներով՝ իր գործողություններով պետք է սեփական ազդեցությունն ուժեղանա, հեղինակությունը բարձրանա, սակայն թուրքագետը նշում է, որ դա միանշանակ չէ: Զարգացումները ցույց են տալիս, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիան գնաց ագրեսիվ գործողությունների, սակայն փոխարենը ստացավ եվրոպական և տարածաշրջանային երկրների համախմբում իր դեմ: Ստեղծվում է հակաթուրքական առանցք, որին մասնակցում է Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը, Եգիպտոսը, Ֆրանսիան և այլն:
«Այնպես, որ ես չէի ասի, որ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները»,-հավելեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին միջազգային արձագանքին, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Եվրոպան ակտիվորեն խոսում է պատժամիջոցների մասին: Հավանական է, որ մեկ շաբաթ անց, երբ պետք է սկսվեն ԵՄ ղեկավար մարմինների նիստերը, Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը կբարձրացվի: Այստեղ ակտիվ դերակատարում ունի Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան: Արաբական երկրների շրջանում ևս նկատվում է հակաթուրքական առանցքի ձևավորման գործընթացներ, քանի որ շատ լավ գիտակցում են թուրքական սպառնալիքները: