Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտնել է, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն։
Ամենայն հավանականությամբ, Խաղերը կանցկացվեն 2021-ին։ Հետաձգման մանրամասները կքննարկվեն առաջիկա չորս շաբաթում։
«Հիմք ընդունելով ՄՕԿ-ում եղած տեղեկությունները, Խաղերի հետաձգման մասին որոշում արդեն կա։ Դետալները քննարկվում են, բայց Խաղերը հաստատ չեն մեկնարկի հուլիսի 24-ին։ Ես միայն այսքանը գիտեմ։
Ամեն ինչ տեղի կունենա փուլային։ Մենք կհետաձգենք Խաղերը եւ կսկսենք բանակցությունները նոր ժամկետի վերաբերյալ»,- Դիք Փաունդն ասել է USA Today-ին։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անժամկետ հետաձգվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բոլոր ընտրական եւ վարկանիշային մրցաշարերը։ Կանադայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեներն արդեն հայտարարել են, որ կբոյկոտեն Խաղերը, եթե չհետաձգվեն։