Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց ժողովրդապետին, Հովսեփ քահանա Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս
✔@PontifexI am close to Armenian Catholics of Qamishli, in Syria, as they gather for the funeral of their parish priest, Father Hovsep Bedoyan, who was killed yesterday together with his father. I pray for them, their families, and for all Christians in Syria.
2019թ. նոյեմբերի 11-ի առավոտյան ահաբեկիչների ձեռքով սպանվել է Սիրիայի Ղամիշլի բնակավայրի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը: