Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ
– Պարոն Տարասով, Ռուսաստանում հետեւո՞ւմ են Ամուլսարի դեպքերին։
– Նայում ենք այս իրավիճակին զգուշությամբ, զարմանքով եւ տագնապով։ Իհարկե, սա Հայաստանի ներքին գործն է, ռուսական շահեր չկան։ Պարզապես այս պատմությունը կարող է հանգեցնել Հայաստանում ներքին ապակայունացման։ Պատահական չէ, կարդում ենք ձեր մամուլը, այդտեղ արդեն բարձրաձայնվում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հետո կարդում ենք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, հնարավոր է իշխանության փոփոխություն, եւ Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի աթոռը։ Մենք չունենք տպավորություն, որ նա պատրաստ է իրավիճակի նման զարգացմանը, եւ թվում է, որ կարող է «ձգել գայկաները», եւ իրավիճակը կսրվի։ Իսկ, ընդհանուր առմամբ, այս ապակայունացման իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ։
– Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալության հրապարակած հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի ոսկին Փաշինյանին կստիպի հեռանալ, հիմա էլ գրվում է, որ Փաշինյանին ծանր ընտրություն եւ որոշում են սպասվում։ Մյուս կողմից՝ նշվում է, թե Հայաստանին չի հաջողվի զարգացնել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը, քանի որ դրանք անհամադրելի են։ Ռուսներին դուր չի՞ գա, եթե Ամուլսարը դառնա հանք։
– Ձեզ խորհուրդ կտամ նայել, թե ինչ պարբերական է նման հոդվածներ հրապարակում։ Այսպես կոչված՝ ոչ համակարգային լրատվամիջոցներին, որտեղ քաղաքագետներն ասում են այն, ինչ իրենց թվում է։ Այնպես որ, սա Մոսկվան չի ասում․․․
– «Ռեգնում»-ին այդպիսին չես կոչի, ավելին՝ ունի կրեմլյան շրջանակներին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում։
– Այո, այո, այսպես ասեմ՝ մենք ավելի մոտ ենք կանգնած որոշումների ընդունման կենտրոնին․․․ ինչ կարող ենք ասել անկեղծորեն, դա այն է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եվ երկրորդ․ Նիկոլ Փաշինյանի քայլերը, իհարկե, զգուշավորություն են առաջացնում։ Մասնավորապես իր՝ Արցախի հարցով խիստ իրարամերժ հայտարարությունները, արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող հայտարարությունները, որոնցից հարց է ծագում՝ իսկ Ռուսաստանը նրա համար գործընկեր չէ՞։ Արդյոք չի՞ ուզում Ռուսաստանի թիկունքում էլի ինչ-որ մեկի հետ խաղալ։ Կամ՝ երբ խոսում է, որ սփյուռքը պետք է աշխատի Հայաստանի համար, որովհետեւ ի՞նչ է սփյուռքը․ սփյուռքը Ռուսաստանում 1․5-2 միլիոն հայերն են, նրանք հո այստեղ հայկական անձնագրերով չե՞ն ման գալիս, այլ՝ ռուսաստանյան։ Եվ մենք էլ նրանց ընդունում ենք որպես լիարժեք համաքաղաքացիներ, որոնք մեր նման պաշտպանում են Ռուսաստանը։ Եվ երբ նրանց կոչ է արվում ցուցաբերել երկակի լոյալություն Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ, սա նույնպես ոչ լավ տրամադրություններ է ստեղծում։
Եվ երկրորդ հարցն այն է, որ Փաշինյանի օրոք Հայաստանը բոլորովին այն չէ, որը Սարգսյանի օրոք էր։ Սարգսյանի օրոք Հայաստանն ավելի դրական էր։
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Պուտինը հոկտեմբերին Հայաստան կգա՞։
– Գիտեք, կան որոշ հարցեր։ Մասնավորապես, Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում հասկանալ Քոչարյանի դեմ գործողությունները։ Բանն այն է, որ այստեղ կա մի անձնական պահ, որը ստիպում է զգուշավորություն դրսեւորել։ Բանն այն է, որ Քոչարյանն ու Պուտինը գրեթե ընկերներ են, եւ Պուտինը մի քանի անգամ Քոչարյանին բանտ է զանգել։ Որքանով ես եմ հիշում՝ նրա տարեդարձը շնորհավորեց։ Մի խոսքով, կան խաղի կանոններ, մանավանդ որ Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախագահներն ու նախկին նախագահներն անձեռնմխելի են։ Եվ երբ արդեն սկսվում են վրեժխնդրության տարրեր, հեռացում պատմությունից՝ այն ամենի ֆոնին, որ այդ երկրի առաջ կանգնած են տնտեսությանն առնչվող լրջագույն մարտահրավերներ, այս հեռացումը սկսում է պղտորել հասարակությունը, եւ սա առաջացնում է, նորից եմ ասում՝ զգուշավոր վերաբերմունք։
– Այսինքն՝ Պուտինի գալ-չգալն ուղղակիորեն կապում եք Քոչարյանի կալանքի հե՞տ։
– Ուղղակի կապել չեմ կարող։ Չեմ ուզում նման հայտարարության պատասխանատվություն վերցնել ինձ վրա, բայց ուզում եմ ասել, որ հիմքեր ունենք ենթադրելու, որ Պուտինը Փաշինյանին հասկացնել է տվել, որ պետք չէր Քոչարյանին ձեռք տալ, ինչը ստիպեց նրան ունենալ Հայաստանի ղեկավարի նկատմամբ կորսված կամ, ավելի ճիշտ՝ գոյություն չունեցող քաղաքական վստահություն։ Մեզ թվում էր, որ Հայաստանը ոչ միայն պետք է բարեկամական հարաբերությունների մեջ լիներ Ռուսաստանի հետ։ Ամփոփելով ասեմ, որ պաշտոնական օրակարգով՝ Պուտինը մտադիր է գալ Հայաստան, բայց ուզում եմ նաեւ ասել, որ եթե Պուտինը չգա Հայաստան, ես չեմ զարմանա։
– Վերջերս խոսվում է, որ Սերժ Սարգսյանը եւս հնարավոր է առաջիկայում հայտնվի ճաղերի հետեւում, թեպետ ՀՔԾ-ից հայտարարում են, որ նա կասկածյալի կարգավիճակ չունի։ Եթե դա տեղի ունենա, Մոսկվայի արձագանքը նո՞ւյնը կլինի, ինչ Քոչարյանի պարագայում։
– Ես զարմանում եմ, թե հայերն իրենց հետ ինչ են անում։ Դուք երեք նախագահ ունեք։ Լավ, Տեր-Պետրոսյանին ձեռք չեք տալիս, ասում են՝ ընկերներ են․․․ Լավ, երեք նախագահ։ Լավ, թե վատ, բայց սրանք մարդիկ են, որոնք ստեղծել ու ամրացրել են հայկական պետությունը։ Փաշինյանն ասում է, որ նրանք բոլորը ժուլիկներ են, իսկ մենք էլ ասում ենք՝ իսկ Հայաստանը, ինչ է, չկա՞, գոյություն չունի՞, այդ ժուլիկնե՞րն են կառուցել Հայաստանը։ Նա, առհասարակ, հասկանո՞ւմ է, թե ինչ է անում, որովհետեւ եթե վաղը նա այդ հանքով կորցնի ժողովրդի վստահությունը, եւ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նրան վաղն իսկ կհանեն եւ կհոշոտեն։ Նա ինքն է ստեղծում այդ իրավիճակը, երբ իշխանության եկած յուրաքանչյուր ոք սկսում է հաշիվ մաքրել նախկին իշխանության հետ։
– Դուք նրան համարել էիք պրագմատիկ քաղաքական գործիչ, ինչո՞ւ է նման բան անում, Ձեր կարծիքով։
– Նա ի՞նչ պրագմատիկ, 1․5 տարի է անցել, նա ի՞նչ է արել․․․ անգամ նորմալ այցելություններ չունի։ Հա, նա Պուտինի հետ մի 5 անգամ հանդիպել է, բայց իր ասածների ֆոնին՝ «թավշյա հեղափոխություն, ժողովրդավարություն», չգիտեմ էլի ինչեր, նա չի կարողանում հանդիպել Թրամփի հետ։ Հա, գնաց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սեղմեց Եվրոպայի լիդերների ձեռքը․․․ ո՞ւր են նրա այցերը։
– Դրանցից մեկին՝ Վարշավա չգնաց, որին, ի դեպ, Ռուսաստանը եւս հրավիրված չէր։
– Այո, սա քայլ էր, հիանալի քայլ։ Բայց ուզում եմ ասել, որ սա հենց հայերի համար էր, որովհետեւ ԽՍՀՄ կազմում գտնվելիս հայերը շատ ավելին են արել ֆաշիզմի դեմ պայքարում, քան որեւէ այլ ազգ։ Հայերը զանգվածաբար հերոսներ են տվել, ադմիրալներ, մարշալներ ու գեներալներ։ Եթե նա գնար Վարշավա, խաչ կքաշեր հայերի այս ամբողջ պատմության վրա, որովհետեւ նրանք Ստալինին ու Մոսկվային չէին առաջին հերթին պաշտպանում, այլ իրենց։ Իրենց անկախությունը։
– Փաստորեն, այն, ինչ ձեռնտու է ՌԴ-ին, անվանում եք հրաշալի։
– Սա ձեռնտու չէ Ռուսաստանին։ Պարզապես այս իրավիճակում Փաշինյանը որոշակիացրեց իր դիրքորոշումը։
– Ցուցաբերեց համերաշխություն Պուտինի հետ։
– Այդպես մատուցվում է։ Իրականում այդպես չէ, եւ մենք էլ այդպես չենք ընկալում։ Նորից եմ ասում՝ եթե նա հայտնվեր այնտեղ, հայոց պատմության եւս մի էջ թերթած կլիներ։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը․․․ Թրամփն էլ ինչ-որ մրրիկի պատճառով չգնաց։ Վիբրացիա է․ Ռուսաստանը սկսում է ուժեղանալ եւ առաջնորդող դիրքեր գրավել։
– Ամեն դեպքում, ինչո՞ւ է Պուտինը թերագնահատում Փաշինյանի ժեստը։
– Ի՞նչ կապ ունեն Պուտինն ու Փաշինյանը, նա առաջին հերթին զոհված հայորդիներին հարգանքի տուրք մատուցեց։
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ամուլսարի հետեւում կանգնած են բրիտանացի լորդ, ազնվական եւ բանկեր։
– Նման հաղորդումներին բոլորովին չեմ հավատում։ Ես, իհարկե, կոնկրետ որեւէ բան չգիտեմ, եւ այո, իհարկե, այստեղ կանգնած է ինչ-որ արեւմտյան կապիտալ, թե չէ որտեղի՞ց Հայաստանին ու հայերին այդքան փող։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը ֆինանսավորում է, բայց ով էլ որ լինի՝ լորդ, փոստատար, թե հավաքարար, այն փաստին, որ նրանք ֆինանսավորում են երկիրը, պետք չէ բացասաբար անդրադառնալ։ Վատը կարող է վերաբերել նրան, թե ինչպես է տեղի ունենում այդ կապիտալի բաշխումը, պետական բյուջեն ստանո՞ւմ է իրեն հասանելիք մասնաբաժինը, թե՞ սա մասնավոր կրպակ է, որն իրենցով են արել օլիգարխները։ Երկրորդ․ նորից եմ ասում՝ մենք այդ հանքին ուշադիր հետեւում ենք, քանի որ այս հարցը, բնապահպանականից բացի, ունի նաեւ քաղաքական բնույթ։ Այլապես ինչո՞ւ այս հարցն այդքան սուր քաղաքական բնույթ ստացավ։
– Ունե՞ք Ձեր սեփական վարկածը, թե ինչու։
– Ինձ թվում է, որ Փաշինյանին ինչ-որ մեկը «քաշում» է, քանի որ այս սցենարով նրա քաղաքական ազդեցությունն օր-օրի թուլանում է։ Եվ այս դեպքում էլ չեմ զարմանա, որ նա ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց այս անգամ կհաղթի՞ այդ ընտրություններում՝ մեծ հարցական է։ Իսկ եթե չհաղթի, էլ վարչապետ չի լինի, իսկ եթե չլինի, ապա նրանք, ում պատրաստվում է նստեցնել, նրան կնստեցնեն։