Արման Կիրակոսյանի հիշատակին

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Պատմական գիտությունների դոկտոր՝ Արման Ջոնի Կիրակոսյանը տասնամյակներ շարունակ մեծ աշխատանք է կատարել Հայկական Հարցի պատմագիտական ուսումնասիրման, ինչպես նաեւ միջազգային ճանաչման ռազմավարական ասպարեզներում:

Նրա բազմաթիվ գիտական աշխատություններից եւ հոդվածներից անգլերեն են թարգմանվել ու հրատարակվել «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» եւ «Բրիտանական դիվանագիտությունը եւ Հայկական Հարցը» գրքերը։ Վերջինս 1999 թ.-ին Արման Կիրակոսյանի պաշտպանած դոկտորական ատենախոսության թեման է։ Գրքում մասնավորապես վեր են հանվում անգլիական դիվանագիտության սկզբունքները եւ Սուլթան Համիդի, երիտթուրքերի, քեմալականների իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 2005 թ.-ին լույս է տեսել «Ակնարկներ Հայկական Հարցի եւ Եղեռնի միջազգային ճանաչման պատմության» հոդվածների ժողովածուն։ Երկար կարելի է նկարագրել Արման Կիրակոսյանի՝ Հայկական Հարցին առնչվող պատմագիտական եւ դիվանագիտական գործունեությունը: Նա իր հորից՝ պատմաբան եւ քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանից, ժառանգել էր 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործություններն ուսումնասիրելու եւ հայկական իրավունքները դիվանագիտական – քաղաքական հարթակներում բարձրացնելու պատվավոր գործը շարունակելու առաքելությունը:

Երախտագիտությամբ նշենք․ որ ականավոր գիտնական, քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց Հայկական Հարցի ուսումնասիրման եւ դրա կարգավորման ուղիների վերաբերյալ փաստագրական նյութերը վեր հանելու եւ հայկական ու օտար լայն շրջանակներին այդ ամենը ներկայացնելու գործում։ Նրա գրչին են պատկանում՝ «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը (1914–1916 թթ.)», 1965 թ․, «Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը XIX դարի 70–ական թվականներին», 1978 թ․, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք I, 1982 թ․,  «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք II, 1983 թ․ մենագրությունները եւ Ռուբեն Սահակյանի հետ միասին կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923 թթ.)», 1972 թ․ ժողովածուն։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) հետապնդելով Հայկական Հարցի լուծման նպատակ, բարձր է գնահատում Արման Կիրակոսյանի  եւ նրա հոր Ջոն Կիրակոսյանի գործն ու ավանդն այս ասպարեզում:

Վերջին տարիներին Հայերի ցեղասպանության ճանաչումը Գերմանիայում եւ այլուր, Ֆրանսիայում Հայերի ցեղասպանության հիշատակի օրվա ամրագրումը, եւ մանավանդ, 1915-1923 թթ․-ին հարկադիր տեղահանված հայերի վերաբերյալ 2019 թ․ մարտի 25-ին Թուրքիայի Հանրապետությանն ուղղված ՄԱԿ-ի նախադեպային հարցապնդումը վկայում է այն մասին, որ մեր ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավական – քաղաքական շրջանակներում դանդաղ, սակայն օրինաչափ կերպով ավելի ու ավելի մեծ ուշադրության է արժանանում:

Հայկական Հարցի ամբողջական եւ վերջնական լուծման գործում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից, կարեւոր ձեռնարկներ իրականացվեցին 2018 թ․-ին։ Մասնավորապես, մայիս եւ նոյեմբեր ամիսներին երեք դիմումներ ուղարկվեցին ՄԱԿ, որոնք վերաբերում էին Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ հայ ժողովրդի վերաբերյալ ընդունված որոշումներին։ Դրանք են՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ դիմումը, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ եւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ դիմումները։ Սույն դիմումներն իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք փաստացի կայացվել են, սակայն մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։

Հավելենք, որ հայերի իրավունքների պաշտպանության այս նոր գործընթացում չափազանց մեծ ու ծանրակշիռ է Արման Կիրակոսյանի ու նրա հոր՝ Ջոն Կիրակոսյանի Հայկական Հարցի ուսումնասիրությանը նվիրված  ողջ գիտական ժառանգությունը, որից մենք մշտապես օգտվել եւ օգտվում ենք։

Խորապես ցավում ենք մեր ժողովրդի այս մեծ կորստի համար։ Աստված թող լույսի մեջ պահի Արման Կիրակոսյանի հոգին: Իսկ մենք պարտավոր ենք առավել մեծ եռանդով լծվելու Հայկական Հարցի ամբողջական ու վերջնական կարգավորման գործին:

Համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ

 13072019 թ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − twelve =