ՈՐՈՇՈՒՄ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության)

ՈՐՈՇՈՒՄ

Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա  իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին

Տեղի ունեցավ Արցախի Հանրապետության լուծարման անօրինական ակտը, որպես պետականության վերացման վերջին ցեղասպանական գործողություն այն տարածքում, որտեղ նրան հաջողվեց գոյատեւել հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո։

Հաշվի առնելով, 2023 թ․ սեպտեմբերի 28-ի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անօրինական հրամանագիրը, որտեղ գրված է․ «Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», որը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը եւ Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան ու 44-օրյա պատերազմը, արգելված զենքերի կիրառումը, Թուրքիայի Հանրապետության անմիջական մասնակցությունը, Մերձավոր Արեւելքից վարձկան ահաբեկիչների ներգրավումը, Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների դաշինքի գործողությունները, հատկապես Արցախի 9-ամսյա լիակատար շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի լայնածավալ ագրեսիան Արցախի Ինքնիշխան Հանրապետության դեմ, որով սկսվեցին եւ մինչ օրս շարունակվում են էթնիկ զտումների, բռնագաղթի եւ ցեղասպանության քաղաքականությունը Արցախի հայության դեմ։

10 օրվա ընթացքում Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունից 100 հազարից ավելին բռնագաղթել է Հայաստանի Հանրապետություն՝ փախչելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի ցեղասպան գործողություններից։ Արցախի Հանրապետությունում Հայերի ցեղասպանության, էթնիկ զտումների եւ հայրենազրկման հետեւանքով, ինչպես եւ ոչ վաղ անցյալում Նախիջեւանի Հայկական Ինքնավարությանում, ոչ մի բնիկ հայ բնակիչ չի մնալու։

Հաշվի առնելով, որ Արցախը եւ Արցախի հայության իրավունքները չպաշտպանելու Հայաստանի Հանրապետության կառավարության  հանձնառությունը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության իրավունքների ու իրավասությունների շրջանակներում։

Հաշվի առնելով, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ Հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության, այլ կերպ ասած՝ Արեւելյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի հայերի իրավունքների ու իրավասությունների շրջանակներում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է հայ ժողովրդին՝ հայկական լայն շրջանակներին։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ներկայի վարչակարգը հրաժարվեց պաշտպանել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, որը հակասում է Միջազգային ընկերակցության կողմից ընդունված երեք հիմնական սկզբունքներից մեկին՝ «ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառում, տարածքային ամբողջականության հարգում», եւ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով այն, որ փաստացի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներկայիս գծագրվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» իրականում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը բռնի ուժով պարտադրված անօրինական պայմանագիր է համարվելու, որը ոչ մի կերպ չի կարող ապահովել երկարատեւ խաղաղություն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ։

Հաշվի առնելով, որ Հայ ժողովրդի հանդեպ թշնամական կոալիցիան ու նրա պրոքսի գործիքներ Թուրքիան ու Ադրբեջանը, բոլորը միասին, որպես ահաբեկչական պետություններ, Արցախում իրականացրել են Արցախի հայության Ցեղասպանություն ու բռնագաղթ։

Հաշվի առնելով, որ Հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ 130 տարուց ավելի շարունակվող պետական ահաբեկչական քաղաքականությունը իրականացվել է էթնիկ-ազգային հիմքով եւ պանթուրքիզմի ու պանթուրանիզմի մարդատյաց-հայատյաց գաղափարախոսության հենքով։ Դրա վկայությունն է նաեւ հայ մշակույթի ու քաղաքակրթական ժառանգության նկատմամբ նրանց որդեգրած ահաբեկչական հանցագործ քաղաքականությունն ու ծրագիրը, որի նպատակն է ջնջել հայկական հետքը ողջ տարածաշրջանում, ամբողջ Հայկական լեռնաշխարհում եւ դրան հարակից տարածքներում։

Հաշվի առնելով, որ Սփյուռքի հայությունը Հայերի Ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով առաջացած հավաքականություն է, եւ որ նրան ուղիղ կերպով առնչվում են հայ ազգային պետական բոլոր խնդիրները, այդ թվում ներկայի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները։

Հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն)  եւ աշխարհով մեկ սփռված հայերը ընտրել են Միջազգային ընկերակցության կողմից 1918-1920 թթ. Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին:

Հաշվի առնելով, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն)  երկու դիմումնագրերը ուղղված ՄԱԿ-ին՝

«Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 07 օգոստոս 2019 թ.,

«Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ», 17.06.2023 թ.,

ինչպես նաեւ

«Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախությունը ճանաչելու մասին» Որոշումը, 22.02.2023 թ.։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) որոշում է

  1.  Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը), մինչեւ Արցախի Հանրապետության պետական կառույցների վերականգնումը, ստանձնում է միջազգային հարթակներում եւ իրավունքի սուբյեկտներում, պետություններում, Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդին ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառությունը։
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) պետական կառույցներում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների (կոոպտացիայի) միջոցով, որպես պատգամավոր ներգրավել Արցախի ներկայացուցիչներին:
  3. Ստեղծել հայկական քաղաքակրթության պետականությունների՝ Հայաստան պետության՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն, Կիլիկիա, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւանի Հայկական Ինքնավարություն եւ Ջավախք, պետականություների պաշտպանի ինստիտուտը։
  4. Կազմավորել եւ գործարկել Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Մերձկասպիայի Բնիկ ժողովուրդների մշտական տրիբունալ։

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) առաջարկում է․

  1. Արցախից բռնագաղթված եւ Հայաստանում հաստատված Արցախի հայերին օժանդակելու եւ օգնելու գործողությունը կանոնակարգել հասցեական։ Այսինքն՝ տվյալ համայնք – տվյալ մարզ, որպեսզի օգնությունն ու օժանդակությունը կազմակերպվի կանոնագրված, հստակ։ Առաջարկում է հաստատել Հայաստանի այն մարզերի, քաղաքների եւ բնակավայրերի ցանկը, որտեղ հաստատվում են Արցախից բռնագաղթված հայերը, եւ նրանց վարչական մարմինների հետ անմիջական կապ հաստատել համակարգված աջակցություն ուղղորդելու համար։
  2. Ցուցակագրել Արցախի հայերի մարդկային, նյութական եւ այլ բոլոր կորուստները, դրանք հետագայում ներպետական եւ միջազգային ատյաններ ներկայացնելու համար։
  3. ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել միջոցներ ձեռք առնել եւ Արցախից դուրս բերել հայկական պատմամշակութային ժառանգությունը, որոնց թվում՝ խաչքարերը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) կոչ է անում․

Աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին, արտերկրի կուսակցություններին, հասարակական, քաղաքական, մշակութային կրոնական կազմակերպություններին, հոգեւոր առաջնորդներին, երիտասարդությանը, կանանց կազմակերպություններին իրենց բնակության վայրում եւ այլուր պահանջել նախաձեռնելու միջազգային դատական գործընթաց 1894-1896 թթ․ Օսմանյան Թուրքիայում սկսված, 1918 թ․-ից Ադրբեջանի Հանրապետության մեջ շարունակված եւ մինչեւ այսօր շարունակվող Հայերի Ցեղասպանությունն իրականացրած զույգ ահաբեկչական պետությունների մարդասպան ու հանցագործ ղեկավարներին դատելու համար։

Այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, որն իրավասու է լուծելու բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ողջ հայության նկատմամբ իրական սպառնալիքների եւ մարտահրավերների կանխմանը: Հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում, իրավունք ունի եւ պետք է դիմի Միջազգային ընկերակցությանը, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին եւ այլն: Հայ ժողովրդի համար նման համակարգված գործողությունը կենսական ռազմավարություն է՝ գլոբալ ուժերի կողմից իրականացվող բոլոր ցեղասպանական գործողությունները ճնշելու եւ Ցեղասպանությունները կանխելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը հնարավորություն ուներ տարածաշրջանում խաղաղ ապրելու ու լինելու, բայց այդ հնարավորությունը բաց թողեց բռնատիրական ալիեւյան կլանը։

Անհրաժեշտ ենք համարում հատուկ շեշտել հետեւյալը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չի հաշտվելու Արցախին, Արցախի հայությանը, հայ ժողովրդին ագրեսոր ու ահաբեկիչ պետությունների կողմից պարտադրված ներկայի իրողությունների հետ, այդ թվում՝ Արցախի բռնազավթման փաստի հետ, ինչպես չի հաշտվել Արեւմտյան Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի բռնազավթման իրողությունների հետ։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չի հաշտվելու, ներսից ու դրսից, Հայաստանի Հանրապետությանը պարտադրված այս վասալական վիճակի հետ։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) որդեգրել է «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ երկրի պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն» իրավական – քաղաքական օրակարգն ու ռազմավարությունը։

Հայաստան պետությունը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով թվարկված բոլոր իրողությունները, այս պահից սկսած, հանդես է գալիս, որպես համայն հայ ժողովրդի անկախ ազգային պետական կառույց եւ հայտ է ներկայացնում առաջնորդելու հայ ժողովրդի պայքարը հանուն կյանքի, ազատության ու ապագայի։

Սույն Որոշումը հասցեագրված է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին, ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին:

Մարտիկ Գասպարյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

29 սեպտեմբեր 2023 թ․

Добавить комментарий

Ваш адрес электронной почты не будет опубликован.

семь + тринадцать =