ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ Հայաստանի Հանրապետությանը չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:
«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը ընդունում է, որ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման, Փաշինյանն արձագանքեց վրդովված։
«Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա։ Բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը, որ կառավարության աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն է հայտնել այդ մասին, Փաշինյանն արձագանքեց. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը ՀԾԿՀ նախագահի հարցադրմանն ի պատասխանել հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի հրատապ արբիտրի որոշումը պարտադիր է կատարման։ Դրանով Հայաստանի կառավարությանը պարտավորեցվում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված քայլերից։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից ավելի ուշ մեկնաբանել էին, որ ՀԾԿՀ նախագահից ստացած հարցադրմանն ի պատասխան գրասենյակի ղեկավարը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումները արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ։






