Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանին վերջերս «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» միջազգային համաժողովի համար, որն անցկացվել է Հռոմում Ադրբեջանի կառավարության եւ վարչակարգի ակադեմիական քարոզչական ճակատի հովանու ներքո։
«Մենք պնդում ենք, որ Վատիկանը գործել է անպատասխանատու՝ թույլ տալով, որ իր ակադեմիական հարթակը հմտորեն օգտագործվի հանրահայտ եւ հորինված պատումի առաջմղման համար, որը ձգտում է ջնջել համաշխարհային ակադեմիական հիշողությունից Հայ Առաքելական եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Առանց հայ գիտնականների մասնակցության նման միջոցառում կազմակերպելով՝ Վատիկանը իրեն թույլ է տվել մեղսակից դառնալ բնիկ քրիստոնյաների պատմության խեղաթյուրմանը, որոնց ներդրումը համաշխարհային քրիստոնեության մեջ, իրենց իսկ գիտականխոստովանությամբ, անհերքելի է։
Մենք պնդում ենք, որ Վատիկանը ականատես է եղել ռազմավարության, որը կոչված է ոչ միայն օրինականացնելու ներկայիս տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ, այլեւ վերաշարադրելու հին քաղաքակրթությունների առկայությունը, որոնց արմատները խորն են եւ որոնց պատմությունը հնարավոր չէ ջնջել:
Ադրբեջանի այդ քարոզչական ճակատը ձգտում է կառուցել հետադիմական պատմություն, որն անարժան խորություն է հաղորդում իրենց երիտասարդ պետությանը հանձին Ադրբեջանի:
Մենք հաստատում ենք, որ իսկական ժառանգության փոխարեն այդ վարչակարգի ակադեմիական ճակատը Վատիկանին առաջարկել է ներկայացում։
Նման կոնֆերանսներում արտահայտված հիմնական թեզը, թե Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական քրիստոնեական հուշարձաններն այսպես կոչված «կովկասյան աղվանական» քաղաքակրթության ժառանգությունն են, պատմական ժխտման չարաբաստիկ գործողություն է։ Սա ուղղակի հարձակում է բնիկ ժողովուրդների ժառանգության վրա, որոնց սուրբ ավանդույթները պահպանվել են այս հողի վրա հազարամյակներ:
Մենք կոչ ենք անում Վատիկանին պաշտպանել պատմական ճշմարտությունը եւ մերժել այն ամենը, ինչը ձգտում է ջնջել բնիկ քրիստոնյա համայնքների ժառանգությունը:
Կոչ ենք անում Վատիկանին հեռու մնալ դրանից եւ հաստատել իր հանձնառությունը Սուրբ եւ Առաքելական Հայ Ուղղափառ եկեղեցու քրիստոնեական ավանդույթի իսկությունը պահպանելու հարցում։
Հայկական անցյալի ճշմարտությունը չի կարող թաղվել լոբբիստական եւ ֆինանսավորվող ռեւիզիոնիստական ստի տակ: «Մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր ճարտարապետությունը, մեր այբուբենը, մեր սրբերն ու նահատակները, մեր հին գերեզմանոցները, մեր սուրբ մասունքները, մեր աստվածաբանական դպրոցները եւ մեր ժողովուրդը հայ առաքելական ավանդության կենդանի վկայությունն են»,-նշել է Երուսաղեմի պատրիարքարանը։