«Ազատ ամբիոն» խորագիր. «Հայը շարունակում է մարդասիրության դասեր տալ»

Մարդկությանը, արդարությանը, հումանիզմի արժեքներին հավատացող հայը շարունակում է այդ արժեքների հանդեպ նվիրվածությունն ու հավատարմությունը փնտրել նաեւ «միջազգային հանրության» մոտ։ Ինքնակործանման գնով հումանիզմի եւ արդարության դասեր է տալիս, մինչդեռ հասցեատեր չի գտնում ․․․ արդեն դարեր շարունակ։ Արդյունքում հիասթափվում է, զարմանում, զայրանում, թեւաթափ լինում, բայց նորից հույսը դնում օտարի վրա։ Իրերն ու երեւույթներն իրենց անուններով չկոչելու նման համառությունը կամ անկարողությունն այլեւս փրկարար հետքայլի տեղ չի թողել մեզ՝ հետեւում անտակ անդունդն է։ Հետեւաբար պարտավոր ենք ճիշտ գնահատական տալ մեր շուրջը եւ մեզ հետ տեղի ունեցող գործընթացներին։

Նախեւառաջ մենք հստակ պետք է արձանագրենք, որ այսօր Թուրքիա եւ Ադրբեջան կոչվող պետական միավորները շարունակում են Հայկական լեռնաշխարհում բնիկներիս՝ հայերիս ոչնչացման ավելի քան մեկդարյա ցեղասպան ծրագիրը: Այն ինչ կատարվում է Արցախի, իսկ ամբողջության մեջ Հայաստանի նկատմամբ, ցեղասպանություն է։

Հետեւաբար երկրորդ՝ Արցախի ամբողջական շրջափակումը դուրս է զուտ հումանիտար ճգնաժամի տիրույթից։ Բոլոր այն ահաբեկչական, ցեղասպան, հանցագործ քայլերը, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմը կիրառում է արցախահայության հանդեպ, մոտ ապագայում սպառնալու է Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը։ Եթե, իհարկե, շարունակենք համարժեք գնահատական չտալ իրավիճակին եւ համապատասխան քայլեր չձեռնարկենք։

Երրորդ՝ որպես փաստացի ՀՀ-ն ներկայացնողներ այսօրվա գործող իշխանությունը պատասխանատու է ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների համար։ Այս ամենին հավելենք, որ աշխարհն էլ իր անտարբերությամբ է հովանավորում ադրբեջանական ահաբեկչությունը, խթանում Բաքվի բռնապետի ցեղասպան քաղաքականության հաջողությունը։

Եթե անդրադառնանք հայությանը, ապա Արցախյան առաջին պատերազմի արդյունքում գրանցած հաղթանակը բոլորովին նոր մտածողություն էր ձեւավորել սերունդների մոտ՝ օգնելով մասամբ թոթափել զոհի, թույլի հոգեվիճակը։ Մենք արձանագրել էինք արդարության հաղթանակը, այդպես դաստիարակվել եւ մեծացել էին մի քանի սերունդ, սակայն մի մեծ բացթողում կար, որը չար կատակ խաղաց մեզ հետ, երբ բախվեցինք աշխարհաքաղաքական ներկա զարգացումներին եւ դրանց ծառայող ՀՀ գործող իշխանությունների «խաղաղության օրակարգին»։ Այն փափկակյացությունից ծնված թուլությունն էր, սայթաքելու դեպքում ոտքի կանգնելու համար բավարար կամք չունենալն ու արժանապատիվ կյանքի համար պայքարը կուշտ փորով ընկածի թվացյալ խաղաղ կյանքին ստորադասելը։

Այսօր հասարակության մի ստվար զանգված մոլորված է, ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ չի գտնում, որովհետեւ չի հավատում, որ այն կա։ Դրան են ուղղված գործող իշխանության կողմից թիրախավորումները՝ մե՛կ իրական լրագրաղական համայնքին, մեկ՝ մշակույթի ու գիտության ոլորտի ներկայացուցիչներին, մե՛կ հողի մշակին ու աշխատավորին։ Ամենքի համար ստեղծված է «պայքարի» իր դաշտը, խնդիրների փունջը, որոնց դեմ յուրաքանչյուրն առանձին է պայքարում։ Մասնատված է հասարակությունը, իրար դեմ դուրս եկած։ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դրսեւորվող միասնականությունը, արժեքների, մարդկային կյանքի, հայրենիքի համար պայքարելու պատրաստակամությունը բախվեց անարդարությանն ու անտարբերությանը։ Հայի թշնամիները հաղթում են հայտնի առակի պես մեզ առանձնացնելով, բաժանելով օտարելով, իրական թշնամու փոխարեն կեղծ թշնամական թիրախներ ստեղծելով։

Կան իրավիճակներ, որոնք պահանջում են ստանդարտից դուրս լուծումներ։ Կենսունակ է գորդյան հանգույցը լուծելու տարբերակը։

ՀՀ tert

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + 1 =