«Խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ օրակարգը կեղծ է, քանի որ հաշվի չի առնում պատմական իրողությունները

Հայաստանի, այդ թվում՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «ՀՀ թերթ»-ը (hhtert.am) զրուցել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հետ։

– Ներկայումս Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ՝ սկսած գոյաբանականից։ Որքանով է պատրաստ հայությունը պատասխանել այդ մարտահրավերներին։ Ունենք արդյոք բավարար ներուժ եւ ռեսուրսներ։

 Անշուշտ ունենք բավարար ներուժ եւ ռեսուրսներ։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ դրանք պետք էր նպատակային կերպով կազմակերպել, ձեւավորել, զարգացնել։ Մենք համոզված էինք, որ Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորումից, այսինքն՝ 1988 թ․ փետրվարից ի վեր, հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ուղին համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության ուղին է։ Իրավունքների պաշտպանության հարցին պատասխանեցինք նախորդ հարցերում մեկում (կարդալ նախորդ հարցազրույցում), ուստի այժմ անդրադառնանք պաշտպանության խնդրին։

Երբ ուսումնասիրեցինք պաշտպանության կազմակերպման համաշխարհային փորձը՝ նկատեցինք, որ փոքրաթիվ ժողովուրդների ու փոքր տարածքների պաշտպանության կազմակերպման լավագույն ձեւը շվեյցարական եւ իսրայելյան տարբերակներն են։ Դրանք հիմնված են երկու բաղադրիչների վրա՝ կանոնավոր բանակ եւ աշխարհազոր, երբ ամբողջ բնակչությունը մասնակցում է երկրի պաշտպանությանը։ Բերենք մեկ օրինակ։ Երբ 1940 թվականին Գերմանիան ծրագրում էր ներխուժել Շվեյցարիա, որն այդ պահին ամբողջովին շրջապատված էր թշնամական պետություններով, որովհետեւ հարեւան պետությունները կամ արդեն զավթված էին Գերմանիայի կողմից, կամ Գերմանիային դաշնակից պետություններ էին, այդ օրհասական պահին 4 միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիան մեկ շաբաթում զորակոչեց 850 հազար զինվոր, լիովին կազմ ու պատրաստ պաշտպանելու երկիրը։ Դա երկրի բնակչության մեկ չորրորդ մասն էր։ Նույն սկզբունքով դժվար չէ հաշվարկել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության պաշտպանության ներուժը։ Իհարկե դրան պետք է գումարել նաեւ աշխարհասփյուռ հայության մասնակցությունն ու ներուժը։ Փոխառնելով պաշտպանության շվեյցարական փորձը Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2011 թ․ մարտի 29-ին որոշում կայացրեց մշտական, զինված, դրական չեզոքության կարգավիճակ ընտրելու եւ դրան համապատասխան Արեւմտյան Հայաստանի հայերի զինված ուժերը կազմավորելու վերաբերյալ։

Ամփոփելով կարելի է ասել, որ պաշտպանության կազմակերպման այդ հայեցակարգը կարող էին ընտրել նաեւ մեր մոտ՝ նկատի առնելով աշխարհագրական մեր դիրքը եւ հարեւաններին։ Այսօր էլ կարելի է որոշում կայացնել ու գնալ այդ ճանապարհով․ կարեւորը հայրենիքը պաշտպանելու պատրաստ քաղաքացին է, զինվորն ու կամավորը, իսկ զենք – զինամթերքը ձեռք կբերվի, դաշնակիցներն ի հայտ կգան։ Աշխարհում հարգում եւ հաշվի են նստում միայն ուժի, վճռականության ու խիզախության դրսեւորումների հետ։ Եվ դա է միակ ճանապարհը՝ ապահովելու հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

– Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլորովին նոր իրողություններ են ստեղծված մեր տարածաշրջանում։ Ինչ լուծումներ եք տեսնում որպես քաղաքական սուբյեկտ մեր դիրքերը պահպանելու համար։

– Այս հարցում մեր իրավական – քաղաքական դիրքորոշումը ձեւակերպել ենք որպես՝ «երկրի պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության» հայեցակարգ։ Դա գործնականում իրականացնելու առաջին քայլն Արցախում եւ Հայաստանում ժողովրդին զինելն է։ Անմիջապես, արագ եւ անվերապահորեն։ Զենք բաժանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը, եւ ովքեր պարտավորություն են ստանձնում այդ զենքը գործածելու միայն այդ նպատակով։

Քայլ երկրորդ։ ՄԱԿ-ի Կանոնադրության 11-րդ,12-րդ եւ 35-րդ հոդվածների հիման վրա դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններին ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացնելու Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը, ըստ Փարիզի խաղաղության կոնֆերանսի Հայաստանի սահմաները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թվականի փետրվարի 24-ի «Զեկույց – առաջարկի»։ Սա նշանակում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններին, հակամարտության կարգավորման սեփական նախաձեռնությամբ, տարբերակով ու առաջարկով, կարող է դիմել ՄԱԿ-ին անդամ չհանդիսացող պետությունը։ Կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է․ «Գլխավոր ասամբլեան, համաձայն 35-րդ հոդվածի 2-րդ կետի եւ բացառությամբ 12-րդ հոդվածով նախատեսվածների, կարող է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կամ Անվտանգության խորհրդի եւ կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետության առաջարկությամբ քննարկել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող ցանկացած հարց, կարող է այդ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ ներկայացնել շահագրգիռ պետությանը կամ պետություններին, Անվտանգության խորհրդին կամ բոլորին միաժամանակ: Ցանկացած հարց, որի առնչությամբ անհրաժեշտ է նախաձեռնել գործողություն, նախքան քննարկումը կամ քննարկումից հետո Գլխավոր ասամբլեան փոխանցում է Անվտանգության խորհրդին», եւ 35-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է․ «Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել ցանկացած վեճի մասին, որի կողմն է հանդիսանում ինքը, եթե նախապես սույն Կանոնադրությամբ նախատեսվող խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնում տվյալ վեճի առնչությամբ»։

Այս բոլոր հարցերում հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի Հանրապետության ներկայի վարչապետն ու իր քաղաքական թիմը հրաժարվում են պաշտպանել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, որն ըստ էության Միջազգային ընկերակցության կողմից ընդունված երեք հիմնական սկզբունքներից՝ «ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառում, տարածքային ամբողջականության հարգում», մեկն է։ Ինչը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների ու որոշումների տեսակետից՝ հակասահմանադրական ու անօրինական է։

Ներկայումս, Հայաստանից ներս ու Հայաստանից դուրս, նախադրյալներ են ստեղծվել ազգային պետականություն ձեւավորելու, մանավանդ որ հայ ժողովրդի թշնամի պետությունների պաշտոնյաների՝ նախագահների, արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ այլ պաշտոնյաների ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները նպաստում են դրան։ Պետք է փորձել։ Պետք է գնալ ազգային կառավարություն հաստատելու ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ կյանքի կոչել ու իրականացնել «երկրի պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության» հայեցակարգը։

– «Խաղաղության օրակարգ», «խաղաղության դարաշրջան» բառակապակցությունները շատ հաճախ ենք լսում ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցիչների կողմից, սակայն իրականում մեր դեմ տարվում է սողացող պատերազմ։ Ինչ է պետք իրական խաղաղության հասնելու համար։

 «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» ՀՀ իշխանությունների որդեգրած օրակարգը կեղծ օրակարգ է եւ այն չի հանգեցնելու խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Այդ օրակարգը հաշվի չի առել եւ հաշվի չի առնում պատմական իրողություններն առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի քան 100 տարի է ինչ իրականացնում են Հայերի ցեղասպանություն՝ էթնիկ-ազգային հիմքով եւ պանթուրքիզմի ու պանթուրանիզմի հայատյաց – մարդատյաց գաղափարախոսության հենքով։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ինչ էլ զիջեն ՀՀ ներկայի իշխանությունները եւ ինչ էլ որ շահեն հայ ժողովրդի թշնամիները, միեւնույնն է թշնամիները կանգ չեն առնելու եւ ավելի մեծ ախորժակով շարունակելու են իրենց հայատյաց- մարդատյաց քաղաքականությունը։ Դրա վերաբերյալ ամենապարզ վկայությունը Հայոց մշակութային ժառանգության նկատմամբ նրանց որդեգրած հանցագործ քաղաքականությունն ու ծրագիրն է, որի նպատակն է ջնջել հայկական հետքը ողջ տարածաշրջանում, ամբողջ Հայկական լեռնաշխարհում եւ դրան հարակից տարածքներում։

Որպես Հայերի ցեղասպանության իրականացման գործիք՝ պանթուրքիզմի տեսությունը շրջանառության մեջ է դրվել 1873-1874 թթ․՝ Եվրոպայում, ապա որդեգրվել Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից, իսկ 1918 թ․ նաեւ Ադրբեջանի։ Ցեղասպանությունն իրականացվել է հայերի, հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ 1894-1923 թթ․ ընթացքում, իսկ հայերի նկատմամբ շարունակվում է մինչեւ այսօր։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն 1894-1924 թթ․ ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, ոչնչացրել են կայսրության ավելի քան 4 միլիոն հայ, հույն, ասորի քաղաքացիների։ Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ հայերի բռնագաղթ, կոտորած, ցեղասպանություն իրականացվել է 1918-2022 թթ․ ընթացքում, Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, ինչպես նաեւ Շուշիում, Նախիջեւանում, Արցախում, Գարդմանում, Գանձակում, Մարաղայում, Շահումյանում, Թալիշում եւ այլ հայկական տարածքներում։

Թուրքիայի եւ Ադրբեջանի 100-ամյակից ավել երկարող հանցագործությունների այս համառոտ թվարկման նպատակը պատմական իրողությունները հիշելը չէ։ Դրա թվարկումը, այդ թվում, 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, դրան հաջորդած թուրք պետական պաշտոնյաների բերանով Արցախին, Հայաստանին եւ հայությանն ուղղված ահաբեկումները փաստում են, որ ցեղասպան ու հանցագործ զույգ պետությունների օրակարգում «խաղաղության դարաշրջանի» ոչ միայն ծրագիր, այլեւ չնչին պատկերացում իսկ չկա։ Մենք չենք հավատում այն պնդումներին, թե Հայաստանը, Հայոց բանակը, հայ ժողովուրդը ցեղասպան պետություններին դիմակայելու ներուժ չունի, եւ բարեկամներ չունի։ Մենք հասկանում ենք, որ դա եւս արվում է մեկ նպատակով։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ այսօր, նույն մեթոդներով ու ձեւերով, հայ ժողովրդին ստիպելու հաշտվել ագրեսորների ու ցեղասպանների կողմից ուժի սպառնալիքի դիրքերից պարտադրվող պայմանագրեր ստորագրելուն։ Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել հետեւյալը․ որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն), նախապես հայտարարում ենք, որ չենք ճանաչելու Արցախին, Հայաստանին ու հայ ժողովրդին ագրեսոր ու ցեղասպան պետությունների կողմից պարտադրված որեւէ պայմանագիր։ Հայտնի դրույթը հնչում է այսպես․ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Երբ պատրաստ լինենք դիմադրելու ու չեզոքացնելու ցանկացած ագրեսիա ու պատերազմ, այն ժամանակ էլ կունենանք կայուն ու երկարատեւ խաղաղություն։

– Ինչու՞ այս ամենը պատահեց Արցախի եւ Հայաստանի հետ, մի՞թե չէինք կարող կանխատեսել ու կանխարգելել վերահաս աղետը։

 Կարող էինք եւ պարտավոր էինք կանխատեսել ու կախարգելել, սակայն դա պետք է անեին հայկական հասարակական, քաղաքական եւ, մանավանդ, պետական շրջանակները։ Հարցը նրանց է ուղղված։ Մենք այդ սպառալիքների մասին 2010 թվականից բարձրաձայնեցինք հրապարակումների ու առանձին հանդիպումների միջոցով, այդ թվում՝ ներկայացնելով դրանք հաղթահարելու միջոցներն ու ուղիները։ Այնպես չէ, որ չհասկացան ու անտեսեցին, բայց բավարար չափով ջանք չթափեցին այդ ուղղությամբ հիմնական ու հիմնավոր աշխատանքներ ձեռնարկելու համար։ Բանն այն է, որ դեռեւս 2000-ական թթ․ կեսերից, արեւմտյան վերլուծական ու պաշտոնական հրապարակումներում, քննարկվում էին Մերձավոր Արեւելքում գտնվող պետությունների սահմանների վերաձեւավորման հարցերը։ Հրապարակվում էին հոդվածներ ու քարտեզներ։ Այդ քննարկումներում եւ քարտեզներում հաճախ տեղ էին գտնում նաեւ Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին, Հայերի ցեղասպանությանը եւ Հայկական Հարցին վերաբերող հատվածներ։ Դեռեւս այն ժամանակ պարզ էր, որ հայ ժողովրդին ու Հայոց պետականությանը սպառնալու են նոր մարտահրավերներ եւ որ կարիքը կա լրջորեն խորհելու Արցախյան ազատամարտում ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները պահպանելու ու ամրագրելու մասին։ Հոդվածներից մեկը կոչվում էր՝ «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը, ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», հեղինակը պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսն էր, հրապարակումը՝ ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթերթի, 2006 թ․։ Մեջբերենք մի հատված հոդվածից․ «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:

Ի դեպ, բովանդակային ընդգրկմամբ դա համահունչ է Եվրոպական Պառլամենտի 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերության հայտնի դրույթին, որ ձեւակերպված է այսպես․ «Նշում է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»: Մի խոսքով, եւ 1987-ին, եւ 2006-ին պարզ էր, թե առաջիկայում ինչ անակընկալներ են սպասվում հայ ժողովրդին ու Հայաստանին։ Պետք էր պատրաստվել։ Եվ նկատի առնելով այն հանգամանքը, որ հիմնական իրադարձություները ծավալվեցին 2016, 2018-2020 թթ․ սկսած, ապա կարելի է ասել, որ բավարար չափով ժամանակ կար պատրաստվելու։

Սա որպես նախապատմություն, բայց նաեւ, որպես մեկնակետ՝ երեկ, այսօր եւ վաղը մեր անելիքների հետ կապված։ Այն ինչ նշել ենք տարբեր առիթներով՝ «համաժողովրդական պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն»։ Եվ քանի որ պետությունը դա չի արել, հատկապես ներկայի իշխանությունը խաղաղության իր կեղծ օրակարգով, ուրեմն համայն հայ ժողովուրդը պետք է հանդես գա որպես իրավական – քաղաքական սուբյեկտ, պետք է պեղի իր մեջ ու ի հայտ բերի առաջնորդների ու գնա ազգային պետություն կազմավորելու ճանապարհով։ Դա անելու համար երբեք ուշ չէ, ուղղակի պետք է հանդես բերել կառուցողական մոտեցում եւ կամք։ Դրանից հետո միայն, մեր մեջ եւ մեր շուրջ, տեղի կունենան այն բոլոր փոփոխությունները, որոնց հարյուրամյակներ ու տասնամյակներ շարունակ ձգտել է հայ ժողովուրդը։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

ՀՀ թերթ

Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 × 4 =