Գոյաբանական վտանգները զսպող գլխավոր գործոնը ՊԲ-ն է՝ կազմավորված բացառապես Արցախի քաղաքացիներից. ԱԱՄ

Ի պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասված է.

«Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ երևույթին, այս անգամ էլ տեղեկատվական գրոհով փորձում է հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար, որը պատճառաբանվում է Արցախի բռնազավթված տարածքներում իբր ադրբեջանական նախատեսվող բնակչության պաշտպանության անհրաժեշտությամբ:

Արձանագրելով, որ 2020թ. պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հատկապես շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է աճող գոյաբանական վտանգներ ներկայացնել Արցախի ժողովրդի համար, բարձր տեմպերով ռազմականացնում է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները՝ դրանք վերածելով զորավարժությունների հարթակի՝ ընդգծում ենք, որ այդ վտանգները զսպող գլխավոր գործոնը լոկ ինքնապաշտպանության գործառույթ կատարող, բացառապես Արցախի Հանրապետության քաղաքացիներից կազմավորված ԱՀ Պաշտպանության բանակն է: Ադրբեջանի իշխանություններին քաջ հայտնի է, որ 1990-ականների պատերազմում ձևավորված Պաշտպանության բանակը իրացրել է սեփական ժողովրդի ինքնապաշտպանության անվիճարկելի իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով: Ինքնապաշտպանության իրավունքի իրացմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանել է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը: Արցախի ազատամարտիկների միությունը շեշտադրում է, որ անընդունելի ու ապօրինի է Պաշտպանության բանակը զինաթափելու ցանկացած պահանջ, իսկ Միությունն ու Արցախի ամբողջ ժողովուրդը կանգնած են Պաշտպանության բանակի կողքին:

Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ապակայունության միակ աղբյուրը Ադրբեջանի զինված ուժերն է, որը հաճախակի ռազմական գործողություններում ներգրավում է ահաբեկիչներ ու վարձկաններ, ինչպես նաև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ագրեսիվ ռազմականացումը և հերթական ահաբեկչական գործողությունները կանխելու համար»:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four + ten =