Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր, «Armenia Today» կայքի խմբագիր, վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ

2022 թվականի հուլիսի 11-ին հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, «Armenia Today» լրատվական կայքի խմբագիր, վաստակաշատ լրագրող, թարգմանիչ եւ հրապարակախոս, մեր շատ սիրելի ընկեր եւ համախոհ Աշոտ Գարեգինյանը:

Աշոտ Գարեգինյանը ծնվել է Երեւանում 1960 թվականի օգոստոսի 5-ին։ Երեւան քաղաքի Տարաս Շեւչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թվականին։ Լինելով բացառիկ տաղանդավոր լրագրող՝ երկար տարիներ եղել է TASS եւ INTERFAX լրատվական գործակալությունների, VGTRK եւ «MIR» հեռուստաընկերությունների, «Օգոնյոկ» եւ «Երիտասարդ տեխնիկ» ամսագրերի թղթակից։ Վերջին տարիներին նա համագործակցել է հայկական եւ արտասահմանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հետ։

Աշոտ Գարեգինյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող անձնավորությունն էր, որ իր կյանքի 62 տարիների ընթացքում դարձավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Աշոտ Գարեգինյանը հայ մտավորականություն ու լրագրության այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ պատմական Վանի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան եւ ընտանիքի հայր, պրոֆեսիոնալ լրագրող ու թարգմանիչ փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին եւ գործընկերներին, ովքեր այսօր շարունակում են ապրել այս հայկական արժեքներով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Հենց այս հայրենասիրական զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Աշոտ Գարեգինյանի հայրենանվեր գործունեությունը հայ ազգային լրագրության  զարգացման ու պահպանման գործում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) տեղեկատվության եւ ԶԼՄ-ների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Նա իր գործընկերների հետ միասին, ակտիվորեն մասնակցել է հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությանը, որի նվիրյալներից էր։

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին հայտնում նաեւ մեր զորակցությունը Աշոտ Գարեգինյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

11.07.2022 թ․

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 × 3 =