Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաեւ Սեւրինը: Ինչն է դրդել Իրանին հիշելու խնդրահարույց մեկդարյա փաստաթուղթը

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են նաեւ Կարսի պայմանագիրը: Այդ փաստաթուղթը ստորագրվել է ուղիղ 100 տարի առաջ, եւ ընդամենը մի քանի օր անց կլրանա ուղիղ մեկ դարը: Չնայած մասնագետների պնդումներին, որ այն իրավական ուժ չի ունեցել, այնուամենայնիվ, պայմանագիրը գործել է վերջին հարյուրամյակում: Բանն այն է, որ պայմանագրի կողմերն այդ ժամանակ միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել, հետեւաբար՝ այդ փաստաթուղթը չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից:

Այն 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների կառավարությունները՝ մի կողմից, եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ: Նկատենք, որ այն հաստատում էր մի քանի ամիս առաջ՝ շաբաթների բանակցություններից հետո ստորագրված Մոսկվայի պայմանագիրը, որի հիմնական դրույթներն էլ ներառվեցին Կարսի պայմանագրում:

Պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի մարզը, որը ձեւավորվել է Երեւանի նահանգի Նախիջեւանի եւ Շարուր-Դարալագյազի գավառների մի մասի տարածքում: Այն ժամանակ մարզը հայտարարվեց ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի որեւէ երրորդ կողմի։ Այստեղ խոսքը Իրանի մասին է, որն այդ եւ մի շարք այլ տարածքներ ցարական Ռուսաստանին էր զիջել Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերով եւ փաստացի չէր մասնակցում Լենին-Քեմալ բանակցություններին:

100 տարի անց, փաստորեն, Իրանը տեսնում է Կարսի պայմանագրի դիտարկման հնարավորություն կամ միտում: Ժամանակակից Իրանը մեկ դար առաջվա երկիրը չէ, այն այսօր ունի բավական զարգացած եւ ինքնաբավ ռազմական արդյունաբերություն եւ տնտեսություն: Գտնվելով աշխարհի կոմունիկացիոն ուղիների խաչմերուկում՝ այս երկիրը ծանրակշիռ դեր ունի համաշխարհային տնտեսական եւ քաղաքական գործընթացներում: Զարգացվածության նման մակարդակի Իրանը հասել է արդեն տասնամյակներ ձգվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում: Թեհրանն այդ մասին աշխարհին, մասնավորապես՝ տարածաշրջանի «խաղացողներին» ազդարարեց Արցախի օկուպացված տարածքների մոտ կազմակերպած աննախադեպ զորավարժություններով:

Արցախյան վերջին պատերազմը եւ դրան հաջորդած Թուրքիայի ներկայության ուժեղացումն Ադրբեջանում փաստեցին նոր աշխարհաքաղաքական զարգացումների մասին, որոնք անմիջականորեն վերաբերում էին Իրանի անվտանգությանը, եւ նա չէր կարող չարձագանքել դրանց: Եթե նման աշխարհաքաղաքական տեղաշարժեր են դիտարկվում, ապա բոլոր հիմքերը կան վերանայելու, մասնավորապես, 100 տարի առաջ ընդունված այդ վիճահարույց փաստաթուղթը, եւ Իրանն այդ ուղղությամբ քննարկումներն արդեն սկսել է:

Սա լավ առիթ է Հայաստանի համար՝ օրակարգ բերելու շատ ավելի իրավական հիմք ունեցող 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագիրը, որով Կարսի մարզը եւ Արեւմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվել են Հայաստանի Հանրապետության մաս։ Այս փաստաթուղթն ստորագրողները ժամանակին եղել են միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներ, եւ այն կյանքի չկոչվեց միայն քեմալական Թուրքիայի միակողման գործողությունների հետեւանքով:

Հետեւաբար, եթե մեկնարկած աշխարհաքաղաքական ձեւափոխումներն իրոք առարկայական են դառնում, ապա իսկական ժամանակն է ուղղել մեկդարյա սխալները եւ վերականգնել պատմական արդարությունը՝ պայքարելով Սեւրի պայմանագիրը ճանաչելու ուղղությամբ՝ մեզ համար իր բոլոր նպաստավոր հետեւանքներով հանդերձ:

Արմեն Վարդանյան

HH Press.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − 5 =