Մայիսի 26-ը Սարդարապատի ճակատամարտում Հայ ժողովուրդի հաղթանակի օրն է

Մայիսի 26-ին Հայաստանում նշվում է հիշարժան օր՝ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը. ճակատամարտ Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918), որը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին՝ մի կողմից հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ մյուս կողմից՝ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ:

Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ: 1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արեւմտյան Հայաստանի մարզերը: Դրանից օգտվելով՝ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ օկուպացնել Արեւելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը:

Խախտելով 1917 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը՝ թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի): Կովկասյան ճակատում գործող կորպուսը բաղկացած էր ոչ լրիվ կազմով երեք դիվիզիայից: Հայերը, թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո, նահանջեցին: Վեհիբ փաշայի գլխավորած թուրքական 100 հազարանոց բանակին դիմայակում էր հայկական 20 հազարանոց զորքը՝ կազմված զինվորներից եւ սպաներից, որոնք զինված էին հին ռուսական բանակի հրացաններով եւ գնդացիրներով: Կային նույնքան էլ աշխարհազորայիններ եւ օժանդակ զորքերի մարտիկներ: Զորքերի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Թուրքերն Արաքսի հովտով շարժվում էին արեւմուտից արեւելք՝ Երեւանի ուղղությամբ: Դանիել Բեկ-Փիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մատույցներում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու հետ շպրտեց:

Սարդարապատի հաղթանակը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար. Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքերի նվաճումից, հայկական պետականության վերականգնման պայմաններ ստեղծվեցին: Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի եւ թուրքական բանակի ջախջախման պատվին հաստատվեց հիշատակի օր, իսկ ճակատամարտի 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսին Երեւանից ոչ հեռու բացվեց Սարդարապատ ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × 3 =