Վիկտորիա Նուլանդ. Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Լսումներին հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը բարձրացրեց Հայաստանին և Հարավային Կովկասին վերաբերող հարցեր, որոնց թվում նաեւ հայ ռազմագերիների, մարդասիրական օգնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:

«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», – ասել է Բոբ Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում:

Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացման համար։

“Եթե Ձեզ հաստատեն, դուք պարտավորվու՞մ եք աջակցել կայուն մարդասիրական օգնության տրամադրմանը, ներառյալ միջոցներ ականազերծման համար` Հարավային Կովկասի հայերին, ովքեր տեղահանվել են իրենց տներից կամ այլ կերպ տուժել Ադրբեջանի հարձակման արդյունքում, օգնելու նպատակով: Եվ երկրորդը` ի՞նչ կարող ենք անել ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու համար՝ ավելի կայուն խաղաղ գործընթաց ձևավորելու նպատակով՛՛,- հարցրել է Մենենդեսը:

Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակում է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:

«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»,- ասել է Նուլանդը։

Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը նախկինում անդրադարձել է Թուրքիայում ընթացող միտումների շուրջ երկխոսության անհրաժեշտությանը: Ամերիկացի դիվանագետը կոչ արեց շարունակել ճնշում գործադրել Թուրքիայում «ժողովրդավարության և մարդու իրավունքների, մամուլի ազատության» հիմնախնդիրների հարցում: Անհրաժեշտ է միասին վերադառնալ նույն էջին Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերում, պնդում է Նուլանդը:

«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլ նաև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:

Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ:

Amerikayidzayn.com

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × 2 =