Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլեւս չի «լուծի ուրիշների խնդիրները» եւ «չի վերականգնի այլ երկրները»

Ամերիկյան զինվորականները այլեւս չեն վերականգնի այլ երկրները եւ «չեն լուծի ուրիշների խնդիրները», հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը վերադառնում է հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն ամերիկյան զինվորի խնդիրը արտաքին թշնամիներից ԱՄՆ-ին վճռականորեն պաշտպանելն է։

«Մենք ավարտում ենք անվերջ պատերազմների դարաշրջանը»,- ասել է ամերիկյան առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Վեստ Փինթ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ:

Թրամփը հայտարարել է, որ «Ամերիկայի կենսական կարեւոր շահերը պաշտպանելու հանդեպ հստակ հայացքը վերադարձել է իր տեղը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ ամերիկյան զորքերի պարտականությունների մեջ չի մտնում «հեռավոր երկրներում հնագույն հակամարտությունների կարգավորումը, որոնց մասին շատ մարդիկ նույնիսկ չեն էլ լսել»:

«Մենք այս աշխարհի ոստիկանները չենք: Բայց թող մեր թշնամիները իմանան, որ եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք երբեք, երբեք չենք հապաղի: Եվ երբ մենք սկսենք մարտնչել, ապա այսուհետ մենք մարտնչելու ենք միայն հաղթելու համար»,- եզրափակել է նախագահը:

Հետաքրքիր է, որ մի քանի օր առաջ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր ամերիկյան զինվորականների պահպանման մասին մի քանի երկրներում, որտեղ զորք են մտցրել դեռեւս նախորդ նախագահները:

Բացի Աֆղանստանից, որտեղ ԱՄՆ-ի գործունեությունը շարունակվում է մոտ 19 տարի, խոսքը այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Հորդանանը, Թուրքիան, Լիբանանը, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Արաբական թերակղզին, Կոսովոն, Արեւելյան Աֆրիկան, Չադ լճի ավազանը եւ Սահելի տարածաշրջանը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 + 14 =