Տեսակետ. Հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. Ռուբեն Սաֆրաստյան

Պատահական չէ, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդի Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը ներկա էր ԱՄՆ Սենատի` Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեմը, որն էլ Սենատում վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, թե հանդիպմանը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնցից մեկն էլ Սենատում Հայոց ցեղասապնությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելն է:

«Հաշվի է առնվել նաև Մերձավոր Արևելքում, Սիրիայում Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերի համար: Այսինքն` հերթական անգամ գործարք տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որն էլ խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,-ասաց Սաֆրաստյանը:

Վերջինս ընդգծեց` կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով հասկանալ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև եղած գործարքներն ինչերին են վերաբերում, թեև դրանց մասին առանձնապես չի բարձրաձայնվում:

«Ես կարծում եմ, որ առաջին բանը, որի վերաբերյալ երկու նախագահները կարողացել են գալ համաձայնության, հետևյալն է` ամենաթեժ խնդիրը, որ ներկայումս կա թուրք-ամերիկյան հարաբերություններում, ռուսական S 400 հակաօդային համակարգերի` Թուրքիայի կողմից քննարկման, գնման և տեղակայման խնդիրն է, որն էլ կողմերը որոշել են դնել մի կողմ»,-ասաց Սաֆրաստյանը:

Վերջինիս կարծիքով` մյուս խնդիրը, որի վերաբերյալ կողմերը կարողացել են համաձայնության գալ, վերաբերում է քրդական գործոնին, որն էլ իր հերթին առնչվում է նավթի գործոնին:

«Կարելի է վերլուծության արդյունքում գալ հետևյալ եզրահանգումներին: Առաջինը` ամերիկացիները շարունակելու են պահել իրենց ձեռքում նավթահորերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում: Քրդական գործոնն էլ հետևյալն է` թուրքերն ու ամերիկացիները, հավանաբար, եկել են համաձայնության, որ պետք է քրդերին հնարավորիս հեռացնել թուրք-սիրիական սահմանից, ինչը Թուրքիայի վաղեմի պահանջն է, և կենտրոնացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են հանքերը: Ամերիկացիները կողմ են դրան, որովհետև արդյունքում հնարավորություն կստանան քրդերի միջոցով հետագայում ևս, երբ Սիրիայում սկսի կարգավորման իրական գործընթացը, քրդերի միջոցով ստեղծեն ինչ-որ ինքնավար պետություն, որ կգտնվի ամերիկյան հսկողության տակ, ու հնարավորություն կստեղծի այդ նավթահանքերը նաև հետագայում»,-մեկնաբանեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդուհետ ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ դրվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որի վրա սենատոր Գրեմը վետո դրեց:

Tert.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 2 =