«Ապագան պատկանում է ոչ թե գլոբալիզմին, այլ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագան պատկանում է ոչ թե գլոբալիզմի գաղափարախոսությանը, այլ երկրների ինքնիշխանության եւ անկախության պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե դուք ազատություն եք ուզում, հպարտացեք ձեր երկրով, եթե դուք ժողովրդավարություն եք ուզում, պահպանեք ձեր ինքնիշխանությունը, եւ եթե դուք խաղաղություն եք ուզում, սիրեք ձեր երկիրը: Իմաստուն առաջնորդները միշտ առաջին տեղում են դասում իրենց երկրի եւ ժողովրդի բարօրությունը: Ապագան պատկանում է ոչ թե գլոբալիստներին, այլ հայրենասերներին, այն պատկանում է ինքնիշխան եւ անկախ երկրներին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին, հարգում են իրենց հարեւաններին եւ այն տարբերությունները, որոնք յուրաքանչյուր երկիր հատուկ եւ եզակի են դարձնում»,- հայտարարել է նա:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում համընդհանուր քաղաքական դեբատների ժամանակ խոսելով իր երկրի դիրքորոշման մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմների» քաղաքականությունն ու ձգտում է մրցակցության փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ:

«Ամերիկան պատրաստ է բարեկամությանը բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ձգտում են խաղաղությանն ու հարգանքին: ԱՄՆ-ի մտերիմ բարեկամներից շատերը նրա երբեմնի թշնամիներից են: ԱՄՆ-ը երբեք չի հավատացել, որ կան մշտական թշնամիներ: Մենք ցանկանում ենք գործընկերներ ունենալ, այլ ոչ թե թշնամիներ: Ամերիկան գիտի, որ բոլորը կարող են պատերազմ սկսել, սակայն ամենախիզախներն են ունակ ընտրելու խաղաղությունը»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հենց այդ պատճառով Վաշինգտոնը սկսել է «Կորեական թերակղզում խիզախ քաղաքականությունը»:

«Ամբողջ աշխարհում մեր դիրքորոշումն առավելագույնս պարզ է. ԱՄՆ-ի նպատակն այդ անվերջ պատերազմները շարունակելը չէ: Իր առջեւ հստակ նպատակ դնելով՝ մեր վարչակազմը ձգտում է կյանքի կոչել Աֆղանստանում առավել լուսավոր ապագայի հույսը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen − 14 =