Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Մեծահարգ պարոն Միրզոյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր նորընտիր պատգամավորներին:

Թավշյա հեղափոխության առաջին փուլի հաջող իրականացման արդյունքում այլեւս ունենք աշխարհին հայտնի ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն եւ խանդավառ ու լիահույս աշխարհասփյուռ հայություն, որի ուշադրության, ձգտումների ու նպատակների կիզակետում է հայտնվել Մայր Հայաստանը։

Տեղեկացնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվեցին ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ, համացանցում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի տարածքային գրասենյակներում: Մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:

2018 թ. սեպտեմբերի 29-ին 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի նախագահին եւ 15 Մշտական հանձնաժողովների ղեկավարներին, ինչպես նաեւ ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Ռադիկ Խամոյան եւ հաստատեցին վարչապետին՝ Տիգրան Փաշաբեզյան ու կառավարության նոր կազմը:

Այսպիսով ամբողջությամբ ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական եւ գործադիր մարմինները:

Առաջարկում ենք գործնական քայլեր ձեռնարկել ձեւավորելու եւ ամրապնդելու համար Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության միջեւ միջպառլամենտական կապերը: Այսինքն, համայն հայության մի կարեւոր հատվածին՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերին դիտարկել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ, իրականացնելու համագործակցություն եւ փոխօգնություն, ինչպես նաեւ համաձայնեցված դիրքորոշում միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:

Վստահ ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր ազգի՝ արդեն հարյուր տարուց ավելի առկախված սրբազան նպատակների իրականացմանը։

Կրկին շնորհավորում եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ազգային – պետական նշանակության Ձեր բոլոր ձեռնարկումներին այդ կարեւոր գործում:

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 14.01.2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × two =