«ԽՆՈՒՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՕԲՆԻՆՍԿ ԵՒ ՏՎԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

«Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Այբ Քէ» գրքի շնորհանդեսը

2016 թ. հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում «Արաքս» կրթամշակութային կենտրոնն իր հյուրընկալ դռներն էր բացել «Խնուս» մշակութային հիմնադրամի առջեւ, որտեղ դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճում տեղի ունեցավ հիմնադրամի տնօրեն՝ Սամվել Մհերյանի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը:

Երեկոյի բացումը կատարեց «Արաքս» կենտրոնի ուսուցչուհիներից՝ Նառա Ավետիքյանը, ով ներկայացրեց կենտրոնի մեկամյա գործունեության ընթացքում իրենց ձեռք բերած հաջողությունները եւ կարեւորեց «Խնուս» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության սկիզբը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, հայազգի Սարգիս Գրիգորի Մովսիսյանը: Նա ողջույնի խոսքով քաջալերեց այս նախաձեռնության հեղինակներին եւ ներկաներին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ֆիլմի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին Մոսկվայի, Կալուգայի, Օբնինսկի եւ Տուլայի հայ համայնքների ներկայացուցիչներ, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ Օբնինսկի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կամավորներ ու աշխատակիցներ:

Ֆիլմի դիտումից հետո հեղինակի ու ներկաների միջեւ տեղի ունեցան առանձնազրույցներ ու կարծիքների փոխանակություն, այդ թվում՝ նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ 2004-2016 թթ. իրականացված գործընթացի վերաբերյալ, որը ձեռնարկել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառուցները:

2016 թ. հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Տվեր քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւոր – լուսավորչական կենտրոնում եկեղեցու հոգեւոր հովիվ Ներսես Խանանյանի օրհնությամբ եւ «Վեմ» Երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը, ինչպես նաեւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Այբ Քէ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն անցավ ջերմ ու սրտրառուչ մթնոլորտում, որը եզրափակվեց ավանդական առանձնազրույցներով եւ հարց ու պատասխաններով:

«Տունդարձի Ճամփան», որը նկարահանվել է 2014 թ., ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով ժամանակավորապես բռնազավթված Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

26.10.2016 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nine + fourteen =