ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի տարեդարձի կապակցությամբ

2017 թ. նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 97-րդ ամյակը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են 1920 թ.-ին՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում, որոնք տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ այլ երկրների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ նախագահ Վիլսոնը։

1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի եւ Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։

1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.

1) Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,

2) որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

Սեւրի Խաղաղության պայմանագրի 88-րդ եւ 89-րդ հոդվածներում նշված է.

«Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն»:

«Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի… վերաբերյալ» Իրավարար վճիռը եւ այն կնքել ԱՄՆ-ի մեծ կնիքով:

Դյուրին է նկատել, որ հայոց իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունվել են որոշումներ, որոնք տեղ են գտել. ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:

Այդ որոշումները կայացվել են, սակայն առ այսօր դեռ չեն իրականացվել:

Հայերին տրված իրավունքները պաշտպանելու եւ կյանքի կոչելու համար է, որ 2004–2014 թթ. ընթացքում ձեւավորվում է ազգային-պետական նոր օրակարգ, երբ 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրն ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ.՝ հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ, որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին, նախօրոք կայացած ընտրություններում, 41 երկրներից ընտրողներ ընտրում են 64 պատգամավորների, որոնց միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն իր հերթին ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ եւ հաստատում վարչապետի թեկնածությունը:

Մնում է միայն հաստատագրել, որ թե Հայկական Հարցի վերջնական լուծման եւ թե Մերձավոր Արեւելքում կայուն ու երկարատեւ խաղաղություն հաստատելու համար հարկավոր է կյանքի կոչել եւ իրականացնել, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի հոդվածները, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր որոշումները:

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 22.11.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

6 − 1 =