Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը

Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ:
Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր Հռչակագիր են ընդունել, որը ներկայացնում ենք ստորև՝

Հ ռ չ ա կ ա գ ի ր

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝
–հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները,
–վերարժեվորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները,
–արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար,
-բարձր գնահատելով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը և կարևորելով ազգային հենքի վրա կրթական համակարգի հիմնարար բարեփոխումները և մշակութային քաղաքականության իրականացումը,
-անհրաժեշտ համարելով Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը, գործադիրից անկախ և բարձր մասնագիտական, բարոյական հատկանիշներով օժտված մարդկանցից կազմված դատաիրավական համակարգի միջոցով,

հայտարարում ենք՝

  • 2018թ. իշխանափոխությունը չի ապահովել մեր ժողովրդի արդարացի ձգտումները՝ կառուցելու ապահով, անվտանգ, ավելի ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն։ Հակառակը, «թավշյա հեղափոխության» հետևանքով ստացել ենք պատերազմ, բազմահազար զոհեր, հիասթափություն, խաբված ու պառակտված հասարակություն: Դրվել են Արցախի հարցում աղետալի զարգացումների հիմքերը:
  • 1991-2018թթ. արատավոր երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դարձել է պոպուլիզմի զոհ։
  • Դատական իշխանության կախվածությունը գործադիրից խորացել է։ Դատաիրավական համակարգը դարձել է բոլոր ընդդիմախոսների դեմ կիրառելու դագանակ: Իշխանության քաղաքական հակառակորդները՝ անվանի զինվորականներ, ընդդիմադիր գործիչներ, ապօրինաբար կալանավորվում են: Այս ամենը զուգորդվում է իշխանական շրջանակների կողմից, բացահայտ և անպատիժ կերպով, մարդկանց անարգման, բռնության ու սպանությունների երևույթներով:
  • Կոռուպցիայի, իշխանության ու բիզնեսի սերտաճման, արատավոր այլ երևույթների դեմ խոստացված պայքարը տապալվել է. ավելին՝ «թավշյա հեղափոխությունը» ծնել է դոլարային միլիոնատերերի: Գնաճի պայմաններում առավել անապահով են դարձել խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները, ցածր աշխատավարձով ապրողները: Հանրապետության բնակչության 40%-ից ավելին հայտնվել է աղքատության շեմին։
  • Ստվերային գումարների շրջանառությունն ավելացել է: Թմրամոլությունը, խաղամոլությունը, հանցավորությունը, հատկապես երիտասարդության շրջանում, արձանագրել են աննախադեպ աճ: Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից: Վերջերս բացահայտվել է այդ շղթայի մի փոքր մասը՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյի կոկայինի տեսքով։
    Թշնամին հայտնվել է Հայաստանի տարածքում՝ սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը և միջազգային սուբյեկտայնությանը: Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է: Պատերազմը բերել է հազարավոր զոհեր, անհետ կորածներ, 11 հազարից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Բաքվի բանտերում շարունակում են մնալ գերիներն ու այլ պահվող անձինք։
  • Իշխանությունը դրժել է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ տված իր նախընտրական խոստումը: «Խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականության փոխարեն ստացել ենք նոր պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ: Իշխանությունը դավադրաբար Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, պատրաստ է զիջել ՀՀ տարածքից հատվածներ: Իրենց այս դիրքորոշմամբ նրանք ամբողջությամբ հայտնվել են իրավաքաղաքական ոչ լեգիտիմության տիրույթում:
  • Իշխանության կողմից վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ: Այս իշխանությունը քանդել է պետության անվտանգային ճարտարապետությունը՝ հարվածի տակ դնելով մեր ռազմավարական ու բնական դաշնակիցների հետ հարաբերությունները:
  • 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանության ձեռամբ դե ֆակտո վիժեցվել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել շրջափակել Արցախն ու հավակնել Հայաստանի տարածքներին: Բերձորի միջանցքը փակվել է Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում:
  • Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը անքակտելի են ու դրանց տարանջատումը հղի է ողբերգական հետևանքներով: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը ոչ միայն անբարոյական է, այլ նաև` կեղծ ու վտանգավոր:
    Իշխանությունը հետևողականորեն պառակտում է Սփյուռքը և օտարում նրան Մայր Հայաստանից:
  • Ելնելով վերը նշվածից, գիտակցելով պահի օրհասականությունը, առաջնորդվելով բարձր պատասխանատվությամբ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ժողովրդական շարժում՝ համախմբելու հանրության լայն շրջանակներին հետևյալ նպատակների շուրջ.
    Առաջին. երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:
  • Երկրորդ. շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
  • Երրորդ. նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը։
  • Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։ Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է:

Շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:

Հայաստան, Երևան,
28.05.2023թ.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Նաիրա Մելիքյան,
Դավիթ Սահակյանց,
Ավետիք Իշխանյան,
Արթուր Խաչիկյան,
Հովհաննես Հարությունյան,
Ձյունիկ Աղաջանյան,
Ստեփան Դանիելյան,
Արտակ Հովհաննիսյան,
Մանուկ Սուքիասյան,
Բորիս Մուրազի,
Հովհաննես Խուդոյան,
Երվանդ Բոզոյան,
Անդրանիկ Թևանյան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

11 + 12 =