Կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ անդամ մյուս 190 երկրների ճանաչել ԼՂՀ-ն. Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:

Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն  ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական hայրենիք»

«Արդարություն»

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + seven =