Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը, ուստի ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Հենց Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, Ալիեւը սկսեց հայտարարել՝ Զանգեզուրն իմն է, Սեւանն իմն է, Երեւանն իմն է:
Նա հող է պատրաստում: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից բողոքի ցույցի տեսքով դիվանագիտական արձագանք չկա: Այս ամենը Էրդողանի ծրագիրն է՝ նա պատերազմում է Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինային զենք է մատակարարում», – նշել է Տեր-Գրիգորյանցը: Ըստ նրա՝ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները գծել են բոլշեւիկները եւ այդպես էլ մնացել է: «Այժմ պատերազմ է ընթանում տարածքների համար, եւ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բանակցություններ է վարում սահմանների վերաբերյալ: Իսկ նա ինչ-որ բան հասկանո՞ւմ է այս մասին: Քարտեզներ ունի՞: Ո՞վ է Նախիջեւանն ու Արցախը հանձնել Ադրբեջանին: Բոլշեւիկները:
Մենք պետք է աշխատենք հասնել նրան, որ այն ժամանակ ստորագրված փաստաթղթերում հակահայկական դրույթները չեղարկվեն: Այսօրվա բանակցությունները պետք է վարվեն երկրների նախագահների մակարդակով՝ Ռուսաստանի մասնակցությամբ», – ընդգծել է գեներալը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններ կառուցել: «Ո՞վ կանգնեցրեց պատերազմը: Եթե չլիներ Պուտինը, եւ եթե ռուսական զորքեր չմտցվեին, ապա զոհերը ավելի շատ կլինեին: Մենք պետք է նոր հայեցակարգ ստեղծենք, նոր քաղաքականություն, պետք է զինենք բանակը նոր զենքերով», – հավելել է Տեր-Գրիգորյանցը:
Նա նշել է, որ ադրբեջանցիները, օգտվելով Հայաստանում տիրող քաոսից, առաջ են շարժվում, իսկ բանակը ոչ մի միջոցառում չի ձեռնարկում: «Սահմանը խախտելու դեպքում պետք է կրակել: Ոչ ոք նման հրաման չի տալիս, իսկ իշխանությունը օգնություն է խնդրում ՀԱՊԿ-ից: Նման պայմաններում հարյուրավոր հայ զինծառայողներ կարող են գերեվարվել: Չգիտես ինչու՝ Տավուշում պատասխանում էին սադրանքներին, իսկ այստեղ՝ ոչ:
Սպան հրաման է տալիս չկրակել, սակայն ինքն էլ չգիտի՝ ինչ է կատարվում դիրքում: Նման հրամաններ տալիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել Սահմանադրության դրույթը՝ ՀՀ զինված ուժերը նախատեսված են արտաքին սպառնալիքի դեպքում երկրի անվտանգությունն ապահովելու համար: Պետության ղեկավարն ինքը չի կատարում այս դրույթը», – եզրափակել է գեներալը: