ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահների հայտարարությունները՝ պատահականությո՞ւն, թե՞ ծրագրված հարված

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահները շարունակում են զարմացնել Արցախի և Հայաստանի մասին արած հայտարարություններով:

Նախ՝ ամսվա սկզբին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի գրած հոդվածը, որում վերջինս փաստացի մեղադրեց Մինսկի խմբին 30 տարի անարդյունավետ աշխատանքով զբաղվելու մեջ, Մադրիդյան սկզբունքներին ու Լավրովի պլանին անդրադառնալով փորձեց որոշակի հակառուսական տրամադրություններ հրահրել հանրության շրջանում, և ակնարկեց, որ Ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը պատերազմի վերսկսումն էր: Այնուհետև՝ Հոգլանդի այս հոդվածին հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի այցն Ադրբեջան, որի ժամանակ վերջինս միակողմանի դիրքորոշում որդեգրելով ոչ միայն հակահայկական հայտարարություններ արեց՝ մասնավորապես Աղդամ քաղաքի հետ կապված, այլ նաև ընդգծեց, թե որքան «դրական ու մարդկային» է գործում Ադրբեջանը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո:

Ամերիկացի նախկին համանախագահների այս պահվածքն ու հայտարարությունները չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ուղեգծում և հարված են հասցնում կառույցի որդեգրած սկզբունքներին՝ ընդհանուր վերցրած: Այստեղ հետաքրքրականն այն է, որ նախկին համանախագհներն են լծվել կառույցի համբավը վարակաբեկելու գործին:  Այո, կասկած չկա, որ Հոգլանդի հոդվածն ուղղված էր հիմնականում Ռուսաստանին և միտված էր տարածաշրջանում հակառուսական տրամադրություններ տարածելուն, միևնույն ժամանակ ուղերձ էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել միջնորդական ջանքերը Ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն հարկ է նկատել, որ փաստացի Հոգլանդն իր հոդվածով նաև արդարացնում է պատերազմական գործողություններով Ղարաբաղյան հարցի լուծման հասնելն՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների անարդյունավետությունը (ինչն ինքնին թուրք-ադրբեջանական դիրքորոշում է), իսկ Բրայզան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ներկայացնում է «դրական» տեսանկյունից՝ դրանով խրախուսելով վերջինիս ագրեսիվ քայլերը:

Հարկ է նշել, որ անգամ այն փաստը, որ խոսքը վերաբերում է պաշտոնաթող դիվանագետների, միևնույն է, հարցեր է առաջացնում:  Այստեղ հարկավոր է հասկանալ, թե արդյոք նախկին համանախագահները գործում են ԱՄՆ պետական ինստիտուտների հետ համաձայնությամբ, թե բարձրաձայնում են նմանատիպ հայտարարություններն իրենց իսկ նախաձեռնությամբ:  Այսպիսի հարց առաջանում է հաշվի առնելով ԱՄՆ համապատասխան մարմինների կողմից Հոգլանդի և Բրայզայի այսպիսի պահվածքին չարձագանքելը: Տարօրինակ է նաև  ԵԱՀԿ ՄԽ լռությունը:  Առավել տարօրինակ է նախօրեին նրանց տարածած հայտարարության համատեքստում, որում կողմերին կոչ են անում իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը…

Այս անորոշությունն ինչ-որ չափով հստակեցնելու համար հարկավոր է հասնել ինչպես ԱՄՆ համապատասխան ինստիտուտների,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների  պաշտոնական արձագանքին:  

Արփինե Մելիքյան

Armedia.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 + twelve =