«Յուրա ջան անունդ անջնջելի կերպով արձանագրված պիտի մնա ժամանակակից հայոց պատմության մեջ». Մացակ Փօլատեան

Յուրի Վարդանյանի հիշատակին

Հարգելի Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներ, հարազատներ,
Յուրի Վարդանյանի անժամանակ կորուստ, հավատք, նվիրում, աշխատանք, նպատակասլացություն, հայրենասիրություն, մի խոսքով ազգիս պարծանք:

Աներեւակայելի բարձրունքներ նվաճած անկրկնելի մարզիկ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, 101 մեդալներ նվաճած, 43 ռեկորդների հեղինակ, որոնցից շատերն անգերազանցելի են մինչեւ այսօր:

Կարելի է միայն պատկերացնել, թե 1970-80-ական թվականներին, երբ հայ ժողովուրդը վերջապես դանդաղորեն ձերբազատվում էր ցեղասպանության ու բռնագաղթի մղձավանջից, արմատներով Արեւմտյան Հայաստանից, ծնունդով՝ Լենինականից հայ մարզիկն իր սխրանքով ու նվաճումներով ինչպիսի ոգեւորություն էր առաջացնում ոչ միայն գյումրեցիների, այլեւ ամբողջ աշխարհի հայ մարդկանց սրտերում ու հոգիներում:
Կարելի է միայն պատկերացնել, իսկ նկարագրել դժվար է, թե ինչ բերկրանք ու հպարտություն էր ապրում արտերկրում բնակվող հայ մարդը հայ դյուցազնի հաղթական ելույթներին հետեւելիս:
Դիցուք, պատահականության արդյունք չէ, անշուշտ, Գյումրիի ծանրամարտի դպրոցի արձանագրած հաջողությունները:

Այդքան բազմաշնորհ, այդքան հաջողություններ արձանագրած, բայց եւ միշտ պարկեշտ ու համեստ՝ ընկեր… ու քաղաքացի:

Ես հիմա չեմ խոսի Յուրի Վարդանյանին բաժին ընկած բարդ ճակատագրից, դա այլ թեմա է, միգուցե այլ ժամանակի համար, բայց կխոսեմ այն մասին, որ Յուրի Վարդանյանը, ինչպես եւ փառապանծ մեր մյուս մարզիկները՝ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը եւ մյուսները, օգնեցին եւ միշտ օգնելու են ճանաչելու ինքներս մեզ, որպես ժողովուրդ եւ օգնելու են էլ ավելի մեծ սիրով փարելու Հայրենիքին:

Ինչպես հպարտանալու շատ առիթներ ունեինք, այնպես էլ այսօր տխրելու, որովհետեւ այս մահը վաղաժամ էր, դեռ շատ բան կար անելու…
Յուրա ջան անունդ անջնջելի կերպով արձանագրված պիտի մնա ժամանակակից հայոց պատմության մեջ: Քո լուսավոր հիշատակդ միշտ վառ պիտի մնա մեր սրտերու մեջ, իբրեւ մարդ, ընտանիքի հայր, հայրենիքի ու ազգի իսկական նվիրյալ: Դու թողեցիր մեծ ավանդ, որով պիտի դաստիարակվեն սերունդներ:

Մխիթարվենք նրանով, որ Յուրի Վարդանյանի հիշատակը վառ ենք պահելու մեր սրտերում, այդ թվում՝ աշխատելով, մաքառելով ու տքնելով հայ ժողովրդի ու Հայաստանի նոր օրվա համար, հույսերով լեցուն հայ ժողովրդի ստեղծագործ ներկայի ու արժանապատիվ ապագայի համար:

Հանգիստ աճյուններուդ… հիշատակդ անթառամ սիրելի Յուրա:

Մացակ Փօլատեան
Սփյուռքահայ հասարակական – քաղաքական գործիչ,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ

13.11.2018 թ.

http://nt.am/am/news/261562/

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − 12 =