Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Թաթուլ Չոբանյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք:

2023 թ. սեպտեմբերի 3-ին հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր, մեր շատ սիրելի ընկեր եւ համախոհ Թաթուլ Չոբանյանը:

Թաթուլ Չոբանյանը ծնվել է 1966 թվականի ապրիլի 13-ին, Արարատի մարզի Նորաշեն գյուղում, բանվորական ընտանիքում։ Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արարատի մարզի գյուղ-տեխնիկումը, որին զուգահեռ մեծ եռանդով սկսում է աշխատել եւ հոգ տանել իր բազմանդամ ընտանիքի մասին։

Դպրոցում սովորելու տարիներին՝ 1980 թվին, երբ նա ակտիվ պատանի էր, առաջնորդն էր շիրազականների խմբավորման (նրանք Շիրազի մեծ երկրպագուներն էին եւ երազում էին անգամ Շիրազի նման. ետ վերադարձնել Արեւմտյան Հայաստանը և բարձրանալ Մասիս սարը…):

1994 թվականից մինչև 2016 թվականը եղել է ՀՅԴ շարքերում, անձնազոհությամբ ծառայել  իր կուսակցությանը, կիսելով նրա գաղափարները: Վերջին տարիներին ապրել և աշխատել է Ռուսաստանում։

Թաթուլ Չոբանյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող անձնավորությունն էր, որ իր կյանքի 57 տարիների ընթացքում դարձավ հայրենասիրության, մարդասիրության եւ ընկերասիրության վառ օրինակ:

Թաթուլ Չոբանյանը լինելով արմատներով Արեւմտյան Հայաստանից՝ Տիգրանակերտից,  ապրում էր Հայրենիքի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատն այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու Հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան եւ մեծ ընտանիքի հայր, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին եւ ընկերներին, ովքեր այսօր շարունակում են ապրել այս հայկական արժեքներով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Հենց այս հայրենասիրական զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Մենք մշտապես բարձր ենք գնահատել Թաթուլ Չոբանյանի հայրենանվեր գործունեությունը Ռուսաստանի հայ համայնքի առօրյա կյանքում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով: անդամ։

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին հայտնում նաեւ մեր զորակցությունը Թաթուլ Չոբանյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Մարտիկ Գասպարյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հայաստան պետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 26.09.2023 թ

 

****

Թաթուլ Չոբանյանի ընտանիքի անդամների և ընկերների ցավակցական խոսքերը

Թաթուլ Ռազմիկի Չոբանյան, ծնվել է 1966 թվականի ապրիլի 13-ին, Արարատի մարզ գյուղ Նորաշենում, բանվորի ընտանիքում։ Հայրը` Ռազմիկ Թաթոսի Չոբանյանը մեղվապահ , մայրը`Շահանդուխտ Բազիկյանը կթվորուհի։

Նրա ծնունդով Չոբանյանների գերդաստանը ցնծության մեջ էր։ Պապը` Թաթոսը և տատը` Աչինը օրեցօր հպարտանում էին իրենց անդրանիկ թոռով, և ամենուր ասում. «Թաթուլը սաղեն տարբերվելի…»։

Դեռ մանկուց աչքի էր ընկնում իր բարությամբ, նվիրվածությամբ, խիզախությամբ և հայրենասիրությամբ։

1973 թվին հաճախել է տեղի միջնակարգ դպրոց, որտեղ հայտաբերվել է  նրա մեծ սերը արվեստի և սպորտի  հանդեպ։ Դպրոցում և շրջանում մասնակցել է բազմաթիվ նկարչական  ցուցահանդեսների ունենալով մեծ հաջողություններ, ինչպես նաև ունեցել է մեծ հաղթանակներ սպորտի ոլորտում։ 1980 թվին, երբ նա  ակտիվ պատանի էր առաջնորդն էր շիրազականների խմբավորման (նրանք Շիրազի մեծ երկրպագուներն էին և իրենց կրծքին կրում էին իրենց իսկ ձեռքով, կավից պատրաստած  Շիրազի  կրծքանշանները)։ Նրանք  երազում էին անգամ Շիրազի նման. ետ վերադարձնել Արևմտյան Հայաստանը և բարձրանալ Մասիս սարը…

1983 թ. ավարտելով դպրոցը ընդունվում է Արարատի մարզի Գյուղ-Տեխնիկումը  և կիսատ թողնելով ուսումը մեկնում է զինվորական ծառայության։ 2 տարի ծառայելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ և շարունակում է կիսատ թողած ուսումը, որին զուգահեռ մեծ եռանդով սկսում է աշխատել և հոգ տանել իր բազմանդամ ընտանիքի մասին։

1988 թ. տեղի ունեցած երկրաշարժին նա առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց   տուժածներին և իր  համառ բնավորության և ուժեղ կամքի շնորհիվ  փրկեց  բազում կյանքեր։

Ցավոք այս ամենին հաջորդեց Արցախյան առաջին պատերազմը և Թաթուլը առաջիններից էր, որ վերցնելով զենքը մեկնեց Արցախ, արիությամբ պայքարեց, ունեցավ մարմնական վնասվածքներ և վերադարձավ միայն հաղթանակով։

1994 թվին նա ընդունվեց ՀՅԴ-ի շարքերը, անձնազոհությամբ ծառայեց  իր կուսակցությանը։ Կիսեց գաղափարներ և տվեց նորերը, որոնք դարձան հետագայում նոր ձեռքբերումների հիմնասյուն։

2016 թ. փետրվարի 24-ին տեղի ունեցող հերթական ՀՅԴ  ընկերական  հանդիպմանը նա ըմբոստացավ լսելով այնպիսի որոշումներ, որոնք դեմ էին իր սկզբունքներին և  ծրագրերին։ Սույն թվականի փետրվարի 25-ի գիշերը` Թաթուլին և իր գաղափարակից ընկեր Մխիթար Մովսիսյանին անօրինական հեռացրեցին ՀՅԴ շարքերից բյուրոյի որոշմամբ։ Բայց նա իր անկոտրուն բնավորությամբ  չդավաճանելով իր սկզբուներին, ամենուր հպարտանում, պայքարում, օգնում էր իր ժողովրդին ասելով. «ոչ մեկ չի գինա ընձի չթողնի, որ ես չսիրամ իմ հայրենիքը և իմ ժողովրդին..»

2020 թվականի 44 օրյա  պատերազմին չմասնակցեց առողջական խնդիրներ ունենալու պատճառով, բայց անմասն չմնաց իր ներդրումներով։ Բացի պարտությունը այս պատերազմը նաև մեծ վիշտ առաջացրեց Թաթուլի սրտում, որին հաջորդեց շրջափակումը։ Օր ու գիշեր մտածում էր իր ազգի համար, թե ինչ է լինելու և ասում. «մենք դախ ուտես ենք, խմես ենք նրանք դախ սովից կոտորվես են»

Նա  մարդ էր ածականի գերադրական աստիճանով, ՄԱՐԴ ՄԵԾԱՏԱՌՈՎ։ Սիրում էր բոլորին։

Նրա վիրավոր սիրտը կանգ առավ 2023թ. սեպտեմբերի 3-ին, որը մեծ ցավ ու կսկիծ պատճառեց իրեն սիրողներին։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

7 − 5 =