Ոտքի՛․ Արցախում ցեղասպանություն է ու պատերազմ

Արցախում պատերազմ է։ Նրանք, ովքեր կփորձեն թշնամու կողմից ռազմական այս հարձակմանը «սադրանք» անվանումը տալ, ուրեմն՝ մեղմ ասած, կամ տկարամիտ են կամ կեղծում են՝ թաքցնելով իրականությունը։

Օրվա երկրորդ կեսի հենց սկզբին գույժը տարածվեց։ Մինչեւ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ավագանու ընտրությունների հետեւանքը եւ մանդատ փախցնելու առ եւ տուրն են քննարկում, հայկական երկրորդ պետությունը՝ Արցախի Հանրապետությունը հրետակոծվում է։ Ուշադրություն դարձնենք՝  երեւանյան տեղամասերում սկսում են վերահաշվարկը ժամը 13։00-ից։ Թշնամին Արցախի վրա հարձակվում է ժամը 13։00-ից։ Զուգադիպությու՞ն է, թե՞ ոչ․ յուրաքանչյուր ոք կգտնի ճիշտ պատասխանը, եթե ինքն իրեն չխաբի։

Ադրբեջանական այս քայլը սպասելի՞ էր։ Բնականաբար՝ այո։ Ու հենց հիմա՞ էր սպասելի։ Միանշանակ՝ այո։ Դատելով ադրբեջանական վերջերս ակտիվացած տեղեկատվական գրոհների շարքից՝ անսպասելի չէ այսօր Արցախի, վաղը՝ Հայաստանի հրետակոծումը։ Իրավիճակը չի փոխվելու, քանի դեռ․․․ խաղաղության կեղծ օրակարգի ու դրա վնասների մասին շատ ենք խոսել։

Արցախի նախագահի ընտրության ու Երեւանի ավագանի ընտրությունների համապատկերում Ադրբեջանն արագացրե՞ց քայլերը։ Կարող ենք քննարկել եւ՛ այո-ի եւ ոչ-ի տարբերակը, բայց դա, ըստ էության, ոչինչ չի փոխում։ Հայտարարը նույնն է՝ թյուրքական տանդեմը ուզում է լուծել հայկական հարցը վերջնականապես, այդ նպատակը չի թաքցնում՝  հնչեցնելով դա Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի բերաններով։

Ադրբեջանը 2020-ից հետո շատ հաճախ խոսում էր եւ երեկ կրկնեց Արցախում «հայկական զինված ուժերի անհապաղ զինաթափման եւ ռազմական ու կառավարական կառույցների լուծարման» իր թեզը։ Հակառակ պարագայում խոստանում էր Արցախում «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնել։

Թյուրքական տանդեմը (Թուրքիա եւ Ադրբեջան) այսօր հարձակվեց Արցախի վրա եւ ցեղասպանության՝ Արցախին սովի մատնելու ձեւը փոխեց արյունալի ձեւի՝ ուղղակի պատերազմի։ Դրա արդարացումը փորձեց ապահովել տեղեկատվական գրոհով․ թե իբրեւ Արցախի ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։  Մինչդեռ իրականությունն այն է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է, որովհետեւ  հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն Արցախի օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։

Որպեսզի միջազգային հանրության (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ) կոչերը դուրս գան զգացմունքային դաշտից եւ Ադրբեջանին ուղղված (Թուրքիային հաստատ չեն ուղղվելու)՝ հրետակոծությունը դադարեցնելու ուղերձային ոճից, հարկ է, որ հայկական կողմը ճիշտ ներկայացնի այն շահը, որ հայկական կողմին գործնական պաշտպանեով կարող է ունենալ միջազգային հորջորջյալ հատվածը։

Բայց, ցավն այն է, որ 1․ հայկական կողմից Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բավարար գիտելիք, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ կամք ունի ներկայացնելու հայկական շահը, 2․ հայկական կողմից Արցախի Հանրապետությունն է ստանձնել, իսկ ավելի հստակ՝ ՊԲ-ն, ամբողջ այն մարտը, որ անհրաժեշտ է թե Արցախին, թե Հայաստանին չկործանվելու համար։

Թյուրքական բերանը փակելու եւ գոնե առժամանակ զսպելու մի ձեւ կա, եւ այդ ձեւը պիտի արվի Երեւանում, եւ այդ ձեւը հայտնի է բոլորիս։ Սպասել պետք չէ, որովհետեւ․․․

Թե՛ ադրբեջանական եւ թե՛ թուրքական մեդիան «երրորդ ղարաբաղյան պատերազմ» խոսույթն է շրջանառում։ Եթե ի մի բերենք նաեւ, թե թշնամական երկրների մեդիաներում վերջերս ինչ տոնայնությամբ ու ինչ հաճախականությամբ է խոսվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ապա իրավիճակն ու հետագա զարգացումները ավելի կհստակեցվեն։ Այն է՝ պատերազմը տեղափոխվելու է Հայաստան, եւ դրա համար 2020-ից հետո Ադրբեջանն ամեն ինչ արել է՝ ՀՀ տարածք մուտքով եւ դիրքերի ամրացմամբ։

Կրկնում ենք՝ թյուրքական բերանը փակելու ձեւը կա, եւ այդ ձեւը հայտնի է․․․

ՀՀ Թերթ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eleven − three =