Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում. Коммерсантъ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում պատասխանել են դաշնակցային հռչակագրի խախտման վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին։ Մոսկվան հավաստիացրել է, որ հարգանքով է վերաբերվում հանրապետության տարածքային ամբողջականությանը, բայց նորից Բաքվին կոչ է արել լուծել Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով եւ այնտեղ ապրող հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Օրերս այս նույն խոսքերն Ադրբեջանի ԱԳՆ-ում «տարակուսանք եւ հիասթափություն» էին առաջացրել, քանի որ, ինչպես այնտեղ հայտարարել են, հենց Բաքուն է նախաձեռնում  գործնական քայլեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար։

Ինչպես կարծում է Коммерсантъ-ի մեկնաբան Մաքսիմ Յուսինը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագել է վերջին տասնամյակի ամենալուրջ ճգնաժամը։

Հարավային Կովկասը, գուցե,   կանգնած է դրամատիկական իրադարձությունների շեմին։ Դա պարզ դարձավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարությունների աննախադեպ կտրուկ փոխանակումից հետո։

Սկզբում Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց այն պատճառով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, այն է՝ խորանում է հումանիտար ճգնաժամը, տեղի բնակչությունը սննդամթերքների, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սուր անբավարարություն է զգում, գրեթե զրկված է էլեկտրա- եւ գազամատակարարումից։ Սրանք բոլորը մեջբերումներ են ԱԳՆ-ի հայտարարությունից։

Եվ չնայած ուղիղ արտահայտություններ Բաքվի հասցեին փաստաթղթում չկան, տեքստից հասկանալի է՝ ճգնաժամի պատճառը Ադրբեջանի կողմից իրականացվող Ղարաբաղի շրջափակումն է։ Բաքվի պատասխանը հետեւեց անհապաղ, եւ անասելի կոշտ էր։

Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումընանվանվել է անընդունելի, ավելին, չհամապատասխանող Բաքվի եւ Մոսկվայի միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրին, որն ընդունվել է անցած տարվա փետրվարին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։

Իսկ ահա ամենահետաքրքրիր պասաժը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից. «Մինչ այժմ չի ապահովվել հայկական զինված կազմավորումների հեռացումն Ադբեջանից։ Ավելին, այդ կազմավորումներին ցուցաբերվում է աջակցություն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի դիտարկման ներքո»։

Այլ կերպ ասած՝ Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային անկարողության եւ 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների չկատարման մեջ։ Բացի այդ, պնդում է, որ «հայկական զինված կազմավորումները» լքեն Ղարաբաղը։

Իսկ հայերը «զինված կազմավորումները» անվանում են «Արցախի պաշտպանության բանակ», որը ստեղվեծ է դեռեւս 1992 թվականին եւ ապահովում է անվտանգությունը։ Այն վերահսկվում է հայերի կողմից։ Գլխավոր հարցն այն է, թե որքան երկար այն կվերահսկեն հայերը։

Կասկած չկա, որ Ալիեւն ու իր թիմը պատրաստ են արագացնել իրադարձությունների զարգացումը, եւ, հնարավոր է, չսպասեն հինգ տարին լրանալուն, որի ընթացքում ԼՂ-ում կարգն ու ստատուս-քվոն պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվւոմ է, որ Բաքվում խաղաղապահներին այլեւս չեն համարում չեզոք կողմ, իսկ դա նշանակում է, որ չի բացառվում այն տարբերակը, որ նրանց ներկայությունը չի խանգարի ադրբեջանական բանակին մաքրել Ստեփանակերտն ու հարակից հողերը «զինված կազմավորումների մնացորդներից»։ Բաքվում հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ գտնվող Հայաստանը չի միջամտի (իսկ եթե նույնիսկ միջամտի, ուժերի դասավորությունն ակնհայտորեն հօգուտ Բաքվի է)։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա էլ այսօր պատրաստ չէ հանդես գալ հօգուտ Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որ տեսականորեն կարող էր զսպել Բաքվի ռազմատենչությունը, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է, առաջին հերթին՝ նավթի ու գազի նկատմամբ։ Բայց Արեւմուտքը չի կարող դա իրեն թույլ տալ։

Նրա համար գլխավոր հակառակորդը Մոսկվան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկվում են որպես այլընտրանք ռուսականին։ Իսկ ինչ վերաբերում է Կրեմլին, ապա նրա արձագանքից Բաքվում, կարծես, առանձնապես չեն վախենում։ Այնտեղ, հավանաբար, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորացել է Ուկրաինայի հարցում եւ Հարավային Կովկասում եւս մեկ ճակատ բացելու համար չունի ո՛չ ուժ, ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

6 + seventeen =