Արքեպիսկոպոս Աջապահյան. “Լևոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի…”

Arjeq.am-ը Հայաստանում պարտադրվող կապիտուլիացիոն քաղաքական օրակարգի մասին զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

Arjeq.am Լևոն Տեր-Պետրոսյանն, իր վերջին հարցազրույցում, հերթական անգամ ուզեց ապացուցել, որ տարիներ շարունակ ինքը եղել է ճիշտ, ուզեց հերթական անգամ ժողովրդին համոզել, որ դեռևս այսքանից հետո ճիշտը պարտության հետ համակերպվելն է ու չարյաց փոքրագույնն ընտրելը։ Ըստ նրա՝ «քաղաքական պրագմատիզմ» կոչվածը շատ ավելի նախընտրելի է, քան ազգային մտածելակերպը։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք առաջին նախագահը, Սրբազան Հայր։

 Արքեպիսկոպոս Աջապահյան – Իհարկե սխալ է։ Ուրեմն, նրա ասածում քաղաքական պրագմատիզմ կամ քաղաքական պրագմատիզմի նշույլ չկա։ Փոխարենը կա պարտվողականություն, ճակատագրապաշտություն, ֆատալիզմ, և ապատիա։ Այն թեզը, թե մեզանից ոչինչ կախված չէ, որ մեզանից կախված է միայն զիջելը,  պրագմատիզմի հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը, կարող ենք ասել, որ վերջապես հասել է իր նպատակին, նրան, ինչին ուզում էր հասնել 1998 թվականին, որպեսզի ինքը ճիշտ դուրս գար։ Հիմա՝ 22 տարի հետո, իբրև թե ճիշտ է դուրս եկել։ Ժամանակակից լևոնիզմը  մեր պատմության ախտն է եղել, ներքին վիրուսը, որը պարբերաբար ախտահարելով մեր գիտակցությունն ու դիմադրողականությունը, մեզ պահել է 29,8 հազար քառակուսու մեջ։

Հիմա լևոնիզմի հերթական ալիքը դա էլ չի թողնելու հաջորդ սերունդներին: Հետևաբար լևոնիզմը իրատեսության հետ կապ չունի, այդ արատավոր տրամաբանությունը մեզ հուշում էր, որ պետք է իբր ռեալիստ լինել և Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այդ ազգակործան գաղափարին հետևելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջևանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն։ Քաղաքական պրագմատիզմով փաթեթավորված փոքրոգության պատճառով է, որ սրա մեջ ենք։ Իսկ պրագմատիզմն իրականում այն է, երբ քո առաջ դնում ես նպատակ ու քո նպատակին հասնելու պրագմատիկ միջոցներ ես գտնում, ոչ թե հարմարվում ես միջավայրին, հյուսիսից ու հարավից եկած քամիներին՝ ինքդ ոչինչ չանելով ու օրակարգ չձևավորելով։

Ժամանակին այն, ինչ Լևոնը գովերգում էր, որ իբր դաշնակցականներից ու կոմունիստներից փրկվեց երկիրը,  ոչ թե պրագմատիզմ էր, այլ՝ պարտվողականություն, անգործության ու ապիկարության կատարյալ դրսևորում, որի հետևանքով մենք ունեցանք այն, ինչի գերին ենք առ այսօր։ Եվ առ այսօր չենք կարողանում այդ գերությունից դուրս գալ։

Մեր սերունդը փորձեց դուրս գալ, սակայն Լևոնը կանխեց, կասեցրեց ժամանակին, հետո էլ սպասեց 22 տարի, որ ուրախանա այդ ամենի ձախողումով։ Այդ ձախողումն անխուսափելի չէր, այդ ձախողումը կարելի էր կանխել, եթե մենք ընթանայինք ճիշտ ճանապարհով, դնեինք նպատակ Արցախը յուրացնելու, այսպես ասած, միջազգային տերմինալոգիա օգտագործելով՝ Արցախը անեքսիայի ենթարկելու ճանապարհով եթե գնայինք, մենք հիմա Արցախի սեփականատերը կլինեինք։ Սա է իրական պրագմատիզմը, մնացածն անգործության արդարացում է։ Անգործության արդարացումը պրագմատիզմ չէ, վախկոտությունը պրագմատիզմ չէ, նահանջվողականությունը  պրագմատիզմ չէ։

Arjeq.am Սրբազան Հայր, փաստորեն 1998 թվականից լևոնիզմը դարձավ քաղաքական օրակարգ և մտավ մեր իրականություն: Տարիներ առաջ հստակ տեսանելի էր, որ այն հանգեցնելու է ազգային դիմադրության ոչնչացման և դառնալու է ազգային դժբախտությունների պատճառ: Բայց այդ օրակարգն արմատախիլ չարվեց։ Ազգային ներկայացող ուժերը, որոնք իբր ազգային դաշտում էին, սեփական առաքելությունը տեսնում էին լոկ լևոնիզմը կոչելով ապազգային, իսկ իրենց՝ ազգային։ Այս ամենը ժամանակի ընթացքում այնքան դեգրադացվեց, որ լևոնիզմը վերափոխվեց ավելի ապարժեք երևույթի՝ նիկոլիզմի։ Սա պրագմատի՞զմ էր, թե՞ դավաճանական ընթացք։

Արքեպիսկոպոս Աջապահյան – Դավաճանության խնդիր չէ, ապիկարությունը միշտ չէ, որ դավաճանություն է։ Մարդը, եթե ապիկար է, արդեն իսկ դավաճան է՝ «դե ֆակտո»։ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր խառնվածքով արկածախնդիր մարդ է, միջազգային տերմինալոգիայով՝ ավանտյուրիստ։ Ինքն է եղել հեղինակը՝ «պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգի, ուրիշը չի եղել։ Լիակատար միացման, Արցախի անվերապահ միացման ջատագովը 88 թվականին եղել է հենց ինքը, իսկ 10 տարի հետո գրել է՝ «եկել է լրջանալու պահը»։ Բայց չի ասել, որ ինքն է եղել անլուրջ, կարծես ազգն էր անլուրջ, իսկ ինքը՝ լուրջ։ Սա ավանտյուրայի հերթական դրսևորումն էր։ Նույն ավանտյուրան կրկնվեց 2008 թվականին, 2013 թվականին, նույն ավանտյուրան գնում է նաև հիմա։ Լուրջ ընդունել այս ամեն ինչը, ճիշտ չէ։

Arjeq.am Սրբազան, այն, որ ճիշտ չէ՝ ընդունում ենք։ Ժողովրդի գիտակից հատվածը ներքին դիմադրողականության արդյունքում փորձում է հակառակվել։ Բայց այսօր մեր պետությունը գտնվում է ապարժեքային քաոսի ու ճահճի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ներքին հրճվանքով ապացուցում է իր ճշմարտացիությունը։ Հիմա հարց է առաջանում՝ կա՞ արդյոք հնարավորություն դիմադրողականության վերականգնման, վերջիվերջո 20 հազարից ավել նահատակ ունենք Արցախի ազատագրական պայքարում։ Հնարավորություն կա՞ արդյոք, որ չպղծենք այդ հիշատակը։

Արքեպիսկոպոս Աջապահյան – Իհարկե կա այդ հնարավորությունը։

Arjeq.am Բայց չէ՞ որ ազգը կարծես այսօր դիմադրողականություն չունի։

Արքեպիսկոպոս Աջապահյան – Եթե դիմադրողականություն չունի, ուրեմն հնարավոր չէ։ Նախևառաջ դիմադրողականություն պետք է ձևավորել, թոթափել պարտության անխուսափելիությունը, ձերբազատվել այդ բարդույթից։ Մեզ ներշնչել են դարեր շարունակ, որ այս պարտությունները անխուսափելի էին, իբր մենք շատ լավն էինք, բայց պարտությունը անխուսափելի էր։ Չէ, եթե մենք լավը լինեինք, պարտության անխուսափելիությունը կմերժեինք։ Այնպես չէ, որ Արցախում պարտությունն անխուսափելի էր։ Բայց հիմա դա մտցվում է մարդկանց բանականության մեջ շատ ստոր կերպով՝ արդարացնելու սեփական ապիկարությունն ու անճարությունը, իբր մենք ամեն ինչ արել ենք, բայց պարտությունն անխուսափելի էր։ Իբր աշխարհը կամ միջազգային հանրությունը մեր դեմ էր, Թուրքիան մեր դեմ էր, Ռուսաստանն էլ չօգնեց։ Բայց այդ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնվեին, պետք է հստակ գիտակցեինք, որ կարող է մնանք մենակ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, ռուսները կարող է չօգնեն, և այդ ռիսկերը պետք է կառավարելի լինեին։

Arjeq.am Սրբազան, առաջին նախագահը հստակ քաղաքական օրակարգ է առաջարկում՝ տոտալ կապիտուլյացիան՝ որպես չարյաց փոքրագույն, նորից չարախնդությամբ զգուշացնելով, որ եթե այս անգամ ևս ընդդիմանանք, ապա կկանգնենք պետականության վերջնական կորստի առաջ։ Ո՞րն է այլընտրանքը, շատերն ասում են՝ այլընտրանքը պատերազմն է։

Արքեպիսկոպոս Աջապահյան – Այլընտրանքը մեր նպատակը ֆիքսելն է, և այդ նպատակի ուղղությամբ ընթանալը՝ անկախ ամեն ինչից, եթե պետք է՝ անգամ մեն-մենակ։ Մեր հայրենիքի տեսլականը պետք է ֆիքսենք, և քայլ առ քայլ, սերնդեսերունդ պետք է գնանք այդ տեսլականը իրականացնելու ճանապարհով։ Լևոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր Հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի…

Arjeq.am

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 − six =