VIDEO – «Անդառնալիորեն վնասվել են արեւմտյան շինությունները». Հատիսի ամրոցը գրեթե ոչնչացված է շինաշխատանքների հետեւանքով

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը: Չնայած Մայր աթոռի, Հնագիտական եւ Երկրաբանական ինստիտուտների առարկություններին, կառավարությունը հավանություն է տվել նախագծի իրականացմանը եւ այն, ըստ էության, արդեն կյանքի է կոչվում: 2528 մետր բարձրությամբ Հատիս լեռան վրա, որը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ դեռեւս վերջնական պեղումներ չեն իրականացվել այնտեղ, նախատեսվում է կառուցել 1700 աստիճան, ճոպանուղի, որոնք քաղաքացիներին պետք է հասցնեն 77.7 մետր բարձրությամբ արձանի մոտ:

2019-ին այս լեռան տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել էր 3000 տարվա վաղեմության ամրոց: Հնավայրի փաստագրմանը մասնակցել է նաեւ Հայ-իտալական հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավար, հնագետ Արթուր Պետրոսյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, սակայն ամրոցի մեծ մասը մինչեւ հիմա կատարված աշխատանքների հետեւանքով ոչնչացվել է:

«Վնասներ հասցվել են հիմնականում կենտրոնական մասին։ Կենտրոնական հատվածի շինությունները չկան։ Անդառնալիորեն վնասվել է արեւմտյան շինությունները»,- ասաց նա։

Արթուր Պետրոսյանը նշեց, որ իրենք սիստեմատիկ պեղումներ են իրականացնում եւ 2019-ին էլ եղել են Հատիս լեռան գագաթին. «Մեր հերթական հետախուզական աշխատանքների ժամանակ այցելել ենք, տեսել ենք, որ մեր ուսումնասիրությունների դաշտում է, շատ հետաքրքիր ստրատեգիական դիրք ունի, լավ պահպանված ամրոց է, եւ սա նույնպես արձանագրել ենք»։

Հնագետը դժվարացավ նշել, թե ինչ ամրոց է լեռան վրա. «Եթե խոսեինք պեղումների մասին, ապա այն կենթադրեր հողի հետ աշխատանք, այս դեպքում քարերի մեջ հուշարձաններ են։ Ինքը վերահսկողական ֆունկցիա ունեցող ամրոց է եղել, այստեղից հնարավոր է տեսնել շրջակայքի ամենակարեւոր ամրոցները, ստրատեգիական նշանակություն ունեցող ամրոց է եղել»։

Մանրամասները՝ տեսանյությում

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 + 6 =