Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից կշռադատված որոշում է ակնկալում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության հարցում։ Այս մասին, regionmonitor-ի փոխանցմամբ, հուլիսի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հետևում ենք Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցող զարգացուներին։ Ակնկալում ենք, որ այդ բացառիկ կոթողի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ կշռադատված որոշում կկայացվի՝ հաշվի առնելով հավատացյալների համար այս հարցի կարևորությունը, խնդրի հայտնի միջկրոնական համատեքստը, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման ոլորտում կուտակված փորձը», – նշել է Զախարովան։
Նա ընդգծել է տաճարի՝ որպես համամարդկային ժառանգության բացառիկ նշանակությունն ու կարևորությունը և այն, որ Սուրբ Սոֆիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողների ցանկում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ խստորեն կպահպանվեն կառույցի կարգավիճակի, ինչպես նաև՝ նրա ամբողջականության պահպանման ու հասանելիության վերաբերյալ պահանջները։
Բյուզանդական բացառիկ պատմաճարտարապետական կոթող հանդիսացող Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի որպես քրիստոնեական տաճար է գործել, իսկ օսմանյան Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից 1453թ․ Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել է մզկիթի։
1930-ականներին մզկիթը փակվել է, ավելի ուշ տաճարը վերաբացվել է որպես թանգարան և այդ կարգավիճակը պահպանում է մինչ օրս։ Այսօր Սուրբ Սոֆիայի թանգարանը Ստամբուլի կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի բազմահազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Սակայնը Թուրքիայի իշխանությունները օրակարգ են բերել այս պատմական կառույցը կրկին մզկիթի վերածելու հարցը, ինչը հարուցել է քրիստոնյա աշխարհի դժգոհությունը։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի դատարանը հայտնեց, որ որոշում կկայացվի 15 օրվա ընթացքում։