Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ երկրների առաջնորդներին եւ առաջարկել բացել սահմանները՝ պահպանելով կարանտինի պայմանները

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՀ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդին, ՌԴ Դաշնային ժողովի անդամներին, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովին, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանին, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ.

Ուղերձում ասվում է.

«Հարգելի ընկերներ,

Աշխարհն այսօր ապրում է, հնարավոր է, ամենաշրջադարձային պահը՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:

COVID-19 վիրուսի համաշխարհային համավարակը, ավելի քան կես միլիոն վարակվածները, տասնյակ հազարավոր զոհվածները վերհանել են առկա լրջագույն համաշխարհային խնդիրները:

Բոլոր հակասությունները, որոնք կուտակվել են երկրների եւ ժողովուրդների, հայացքների եւ պատկերացումների միջեւ այսօր վերհանվել են, եւ մարդկությունը կանգնել է ընտրության առաջ:

Եթե նախկինում նոր պատմական ժամանակաշրջանի մեկնարկը կորդինատների այլ համակարգով թվում էր կանխատեսելի, սակայն հեռու ապագայում, ապա այսօր մեզնից մեծամասնության համար դառնում է ակներեւ, որ աշխարհն արդեն նույնը չէ, իսկ համավարակը միայն թույլ է տվել մեզ դրա ականատեսը լինել:

Գլոբալիզմի գաղափարները, համընդհանուր լուծումներ գտնելու հնարավորությունը լուրջ հարվածի տակ է այսպես կոչված զարգացած երկրներում: Արեւմտյան մոդելը ցույց է տվել իր խոցելիությունը վիրուսի տարածման հարցում: Իսկ Եվրամիությունը՝ առավել զարգացած եւ հաջողված տարածքային ինտեգրման խորհրդանիշը, սկսել է փակվել եւ մասնատվել «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով հենց հիվանդության տարածման տեմպերից ավելի արագ:

Ակնհայտ է, որ «եվրոպեիզմի» գաղափարի նկատմամբ վստահությունն ավելի կթուլանա այդ ճգնաժամից հետո, չէ՞ որ եվրոպական վերազգային ինստիտուտների գործողությունները գրեթե բացակայում էին:

Անշուշտ, այդ իրավիճակը ստեղծում է բոլոր նախադրյալները բազմակողմանիության ճգնաժամի եւ «ազգային պետությունների» գաղափարի ամրապնդման համար:

Հարց է ծագում՝ ինչպես կարձագանքի այդ մարտահրավերներին ԵԱՏՄ-ն եւ մեր քաղաքակիրթ հանրությունը: Կընկղմվե՞նք արդյոք մենք առկա ճգնաժամի մեջ կամ կլինե՞նք գործուն եւ միասնական: Արդյոք պատրա՞ստ կլինենք միասին հաղթահարել ներկայիս մարտահրավերները եւ մուտք գործել նոր ժամանակաշրջան:

Մենք բոլորս հիշում ենք, որ ԵԱՏՄ-ի հիմքում ընկած է մեր երկրների միջեւ որակապես նոր փոխհարաբերություններին անցում կատարելու անհրաժեշտությունը նոր միջպետական միավորման հիման վրա, որի հիմքը պետք է կազմեն վերազգային մարմինները:

Այդ գաղափարի ստեղծման պահից ի վեր մենք անցել ենք երկար ճանապարհ՝ սկսած 2015 թվականից, երբ միության պայմանագիրն ուժի մեջ է մտել: Թվում էր՝ ստեղծվել է ամբողջ վերազգային ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է առկա մարտահրավերներին արագ արձագանքելու համար: Սակայն արդյո՞ք դա այդպես է:

Օրերս ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շատ ճիշտ է նկատել. «Այսօր մեր ԵԱՏՄ-ն ապացուցում է ամրությունը: Որոշումները պետք է համաձայնեցված լինեն: Այլ կերպ չի կարելի վարվել»:

Դրա հետ դժվար է չհամաձայնվել:

Սակայն ինչո՞ւ են գործողություններն այդքան պասիվ բնույթ կրում:

Արդյո՞ք մենք կսահմանափակվենք միայն եզակի միջոցառումներով, ինչպես սահմանների բացումը կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման համար նախատեսված ապրանքները ներկրելու համար:

Ինչո՞ւ առ այսօր չի անցկացվել հանդիպում պետությունների ղեկավարների միջեւ, թեկուզեւ տեսակոնֆերանսի ֆորմատով:

Ինչո՞ւ է սահմանների փակումը միության ներսում պետությունների միջեւ կրում չհամաձայնեցված բնույթ: Որտե՞ղ է ընդհանուր տարածությունը, որը կառուցվել է տարիներ շարունակ:

Ինչո՞ւ դեռեւս մշակված եւ իրագործված չեն ընդհանուր միջոցներ եւ մոտեցումներ կորոնավիրուսի դեմ պայքարում: Մասնավորապես, COVID-19-ի թեստավորումը կազմակերպելու եւ անհրաժեշտ սարքավորումներով ու պաշտպանիչ նյութերով մատակարարելու հարցերը:

Ինչո՞ւ դեռեւս չկա համընդհանուր տեսլական մեկնարկած տնտեսական ճգնաժամի վերաբերյալ:

Պատրա՞ստ է արդյոք մեր ընդհանուր տնտեսական տարածությունը վերապրել այդ ճգնաժամը:

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում արձագանքել էներգառեսուրսների համաշխարհային ճգնաժամին:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Միությունը, որ պաշտպանի Միության նպատակները՝ համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի: Խոսքը վերաբերում է նախ անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել բնակչության կյանքի որակը:

Հիշեցնեմ, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը վատթարացրել է համաշխարհային տնտեսությունը մի քանի տարով, իսկ COVID-19-ից կորուստներն արդեն գերազանցել են 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ունեցած վնասը:

Փաստորեն, իրականում մենք բաց ենք թողնում ստեղծվող ընդհանուր տունն ու եղբայրության եւ համերաշխության սկզբունքները: Մենք մոռացել ենք բազմադարյա պատմության մասին, որը սովորեցրել է մեզ պայքարել համաշխարհային մարտահրավերների դեմ միասին, կողք կողքի, սատարել միմյանց ոչ միայն ուրախության, այլ նաեւ տխրության ժամանակ:

Ի վերջո հարց է ծագում՝ Միությունն արդյո՞ք իրականություն է, կենդանի մարմին, որն ունակ է արձագանքել համաշխարհային սպառնալիքներին եւ ռիսկերին, թե «եղբայրությունն» ամրապնդված է միայն թղթի վրա:

Ստեղծված իրավիճակում առաջարկում եմ որպես առաջին լուրջ քայլ բացել սահմանները ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ՝ պահպանելով հնարավոր բոլոր բժշկական եւ սանիտարական միջոցառումները վիրուսի տարածումը կանխելու համար: Այդ քայլը թույլ կտա ցույց տալ սկզբունքների կայությունը, որոնք ԵԱՏՄ հիմքում են:

Բացի այդ, կոչ եմ անում ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվացնել համատեղ աշխատանքը երկկողմանի եւ բազմակողմանի շփումների շրջանակում, ինչպես նաեւ ԵԱՏՄ ինստիտուտների միջեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Դեռ ավելին, անհրաժեշտ եմ համարում ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպումը բարձր մակարդակում ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու եւ առաջիկա հեռանկարում մեր գործողությունների շուրջ նույն տեսլականը կառուցելու համար:

Իմ ուղերձի վերջում ես կցանկանայի բոլորիս հիշեցնել Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերի մասին, որոնք այսօր առանձնակի ակտուալ են. «Մենք պետք է սովորենք ապրել միասին եղբայրների պես կամ մեռնել միասին հիմարների պես»: Խաղաղության եւ բարօրության հույսով»:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × four =