Երեւանում մեկնարկել է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը

Այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում մեկնարկել է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը:

Այս տարի համագումարի աշխատանքին մասնակցում են մոտ 650 մասնագետներ Հայաստանից եւ սփյուռքից: Օտարերկրյա ամենամեծ թվով պատվիրակներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից եւ Ֆրանսիայից։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 սեկցիոն նիստ։

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համագումարի շրջանակում տեղի եւ արտասահմանցի մասնագետները հնարավորություն կստանան քննարկել ակտուալ հարցերը: Բացի այդ, հնարավորություններ կստեղծվեն նոր կապերի ձեւավորման, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության հաստատման համար:

Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած գլոբալ փոփոխություններն անդրադարձել են նաեւ առողջապահական ոլորտի վրա: Մասնավորապես, կյանքի են կոչվել մի շարք կարեւոր լուծումներ՝ կապված բժշկական ապահովագրության համակարգ բուժաշխատողների ներառման, ինսուլտի անվճար բուժման համակարգի իրականացման եւ պետպատվերի շրջանակում օնկոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժման ծրագրի հետ:

Բացի այդ, այս տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ 0-18 տարեկան երեխաների համար ստացիոնար բուժումն ու բժշկական ծառայություններն անվճար կլինեն: Եվս մեկ կարեւոր նորարարություն՝ սանիտարական ավիացիայի օգնությամբ հիվանդների տեղափոխումը ՀՀ մարզերից Երեւան:

Իր հերթին, համագումարի նախագահ, պրոֆեսոր Արմեն Չարչյանն առաջարկել է միջոցառման շրջանակում քննարկել Համահայկական բժշկական համագումարի ստեղծման, ձեռքբերված համաձայնությունների իրականացման մոնիթորինգի համար համակարգող խմբի ձեւավորման, ինչպես նաեւ 2023 թվականին Արցախի հետ համագումար անցկացնելու հարցերը:

Նա նաեւ առաջարկել է Արա Բաբլոյանին ընտրել հայ բժիշկների միջազգային համագումարի պատվավոր ղեկավար:

Հավելենք, որ համագումարն իր աշխատանքը կավարտի հուլիսի 6-ին:

NEWS.am 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − four =