Տիգրան Փաշաբեզյան. «Հայկական Հարցի լուծման վերաբերյալ անընդունելի առաջարկների մասին»

«Հայկական Հարցի լուծման վերաբերյալ անընդունելի առաջարկների մասին»

(«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի «Նոյյան Տապան» Հեռուստաընկերությանը 2019 թվականի ապրիլի 24-ին տված հարցազրույցում հնչեցրած մի շարք մտքերի ու ձեւակերպումների վերաբերյալ)

Մեր պատրաստած այս հոդվածում առանձնացրել ենք 6 մտքեր ու ձեւակերպումներ, որոնք նա հնչեցրել է։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը նախաբան խոսքում նշենք,

որ մեկ հարցում համակարծիք ենք Արա Պապյանի հետ եւ երկու հարցադրումներ կան, որոնք չենք ընդունում եւ որոնց հարցում համակարծիք չենք.

-Համակարծիք ենք այն հարցում, որ հայկական խնդիրների լուծումը կապված է Հայկական Հարցի լուծման հետ, ավելին՝ բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որ նա իրականացրել է այս ուղղությամբ, մասնավորապես Փարիզի խաղաղության վեհաժողովում ընդունված որոշումների փաստաթղթերը, ինչպես նաեւ Իրավարար վճիռը, վեր հանելու, թարգմանելու, հրատարակելու ու ներկայացնելու գործում իր հրապարակած հոդվածներում ու աշխատանքներում, որոնցից մենք նույնպես օգտվում ենք։

-Համակարծիք չենք երկու սկզբունքային հարցերում, առաջին, երբ նա նահանջում կամ շեղվում է Հայկական Հարցի կարգավորման հիմնական սկզբունքից եւ առաջարկում հիմնահարցի լուծման այլ տարբերակ (ներ), օրինակ՝ «միջազգային համատիրության հաստատում Վիլսոնյան Հայաստանի վրա», դրա մասին կխոսենք հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերում։

-եւ երկրորդ, երբ նա կարեւորելով հանդերձ իրավական – քաղաքական ուղղությունը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում, միաժամանակ անտեսում, մերժում, նսեմացնում է միջազգային իրավունքի ընձեռած այլ հնարավորություններն այդ հարցում, դրանով կրճատելով հայ ժողովրդի իրավական – քաղաքական դաշտում գործելու հնարավորությունները, որի մասին նույնպես կխոսենք հոդվածի 6-րդ կետում։

 Արա Պապյանն ասում է.

1)  «Սփյուռքը միջազգային հարաբերություններում գործոն չէ, որպես պահանջատեր կարող է հանդես գալ պետությունը»։

Թվում է ճիշտ է ասված, սակայն այդպես նախատեսվել, ծրագրվել ու իրականացվել է Միջազգային հանրությունը ներկայացնող որոշ ուժերի կողմից եւ դա նրանց հաջողվել է գործարկել մինչեւ 2011 թվականը, երբ ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի կառավարությունը։ Սակայն հարցադրումը մնում է, ինչպե՞ս դառնալ միջազգային հարաբերություններում գործոն եւ ինչպե՞ս հանդես գալ, որպես շահառու։ Չէ որ, այստեղ նույնպես լուծումը իրավական հարթության մեջ է, այսինքն՝ անհրաժեշտություն կա դիմելու միջազգային իրավունքի օգնությանը, հիմնվելու դրա վրա։

Առաջինը դա ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրն է (13.09.2007 թ.), որի նախաբանում նշված է. «Բավարարվելով այն փաստով, որ Բնիկ ժողովուրդները կազմակերպվում են բարելավելու իրենց կարգավիճակը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքում, վերջ դնելու համար ամեն տեսակ խտրություններին եւ ճնշումներին, ամենուրեք, ուր նրանք ապրում են», իսկ 3-րդ հոդվածում. «Բնիկ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի շնորհիվ, նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը»:

Ըստ այդ իրավունքի, Արեւմտյան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները եւ սփյուռքահայության (հայության) այն հատվածները, որոնք հայտ են ներկայացնում վերադառնալու իրենց ինքնությանն ու արմատներին ստանում են քաղաքական – քաղաքացիական իրավունքներ ինքնուրույն կազմակերպելու իրենց քաղաքական կյանքը։

Անդրադառնանք նաեւ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրին (10.12.1948 թ.), որի 21-րդ հոդվածի համաձայն. 1. Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի: 2. Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի: 3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը, այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական եւ անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձեւերի միջոցով:

Միջազգային իրավունքի այս սկզբունքներից բխած եւ միանգամայն օրինական կերպով ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության համակարգը, որն իր հերթին, համացանցում անցկացված թափանցիկ ընտրությունների միջոցով, ձեւավորել է պետական համակարգի մաս կազմող մարմինները, ըստ էության, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը։

 

 2) «ՆՋՕ-ի, այսինքն՝ Հասարակական Կազմակերպության մակարդակով հանդես գալը վնասակար է գործի համար, իջեցնում է հարցի հետապնդման մակարդակը․․․»

Հայկական Հարցի վերջնական ու արդարացի կարգավորման հարցում մեծ է հայկական հասարակական, քաղաքական, բարեգործական, հայրենակցական միությունների ու կառույցների դերը։ Սակայն, 1918-1920 թթ. հայ ժողովրդին տրված իրավունքների հետապնդման ու իրականացման գործում վճռական դերակատարությունը պատկանում է պետությանը։ Թե ո՞ր հայկական պետությանը, դա պարզ կդառնա պատմական անհրաժեշտության արդյունքում։

Ինչպես արդեն նշեցինք 1-ին կետում, մի կողմից հիմնված ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) եւ մյուս կողմից՝ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.)՝ կազմավորվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը։ 2011 թվականի փետրվարի 4-ին ընդունվել է հռչակագիր կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին։ 2013 թ. դեկտեմբերին ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։ 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրությունները, որին մասնակցել են 51.505 ընտրող 47 երկրից եւ միասնական ցուցակով ընտրել 101 պատգամավոր: Այսպես քայլ առ քայլ ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. ազգային ժողովը (խորհրդարանը), կառավարությունը, նախագահի ինստիտուտը։ Պատգամավորները նստաշրջանում ընտրել են հանրապետության նախագահ՝ Ռադիկ Խամոյանին, խորհրդարանի նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյանին, հաստատել վարչապետի թեկնածությունը՝ Տիգրան Փաշաբեզյանին։

Ինչպես կարելի է տեսնել ու համոզվել այստեղ խոսք անգամ չի կարող լինել ՆՋՕ-ի՝ Հասարակական կազմակերպության մասին։ ՆՋՕ՝ Հասարակական կազմակերպություն ձեւավորելու դեպքում այսքան մեծ ջանքեր գործադրելու կարիք չէր զգացվելու ոչ էլ այսչափ մանրամասն հետեւելու, որ այդ ամենը խստորեն իրականացվի միջազգային ու ներպատական օրենքների դրույթների ու սկզբունքների համաձայն։

 

3)«Գոյություն ունեն երեք-չորս կառավարություններ»։

Այս հարցը հայկական կազմակերպությունների եւ ազգային պետական կառույցների գարշապարն է, դժբախտությունը, որը պարզ բացատրություն չունի։ Պատճառները բազմաթիվ են, սկսած մարդկանց սեփական եսակենտրոն մղումներից՝ ամբիցիաներից, ինչի մասին նշում է Պապյանը, մինչեւ խնդիրների բարդություն ու առատություն, մինչեւ արտաքին ու ներքին գործոններ։ Սակայն, ըստ էության, արտաքին գործոնները այնուամենայնիվ վերջին տեղում չեն, հաճախ որոշիչ են, անկախ այն հանգամանքից նախկին ընկերներն ու գործընկերները դա նկատում են, թե ոչ։ Որովհետեւ սադրանքը կարող է թելադրվել քաղաքական գրավիչ համագործակցության առաջարկներով ու խոստումներով, մինչեւ ֆինանսական լայն աջակցության հեռանկարներ։ Հասկանալի է, որ երկու դեպքում էլ դրանք հիմնականում մնում են խոստումների մակարդակի վրա, որովհետեւ այլ նպատակներ են հետապնդում։ Անշուշտ, այս հարցերում պատասխանատվություն կրողների անունները հնչեցնելու ենք, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ իր տեղում եւ իր ժամանակին։ Եւ քանի որ մենք տասնամյակների գործունեության ու պայքարի փորձ ունեինք, գնացինք այլ ճանապարհով. ինքնամաքրման, ավելորդ ու խանգարող բեռից ազատվելու, իրավունքների պաշտպանության գործընթացի անվտանգությունն ապահովելու ճանապարհով։ Որոշեցինք հավատարիմ մնալ օրենքին ու օրինականությանը, պահել ու պահպանել իրավաչափության (legitim) սկզբունքը, հեռու մնալ կասկածելի առաջարկներից ու գործարքներից, պահպանել մեր ազատությունն ու անկախությունը։ Ահա թե ինչու, այսօր կարող ենք ասել, որ իրականում մեկ իրավաչափ կառավարություն գոյություն ունի՝ դա Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն է (Հայաստան պետությունը)։ Այս հարցով այսքանը բավարար է, ցանկացողները կարող են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝ կառավարության http://gov-wa.info եւ խորհրդարանի https://parliament-wa.info, նայել այս հարցի վերաբերյալ մեր բազմաթիվ հոդվածներն ու հրապարակումները, նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընդունած համապատասխան որոշումները՝ սկսած 2014 թվականից։

 

4) «Իրավարար վճռի հիմնական շահառուն ՀՀ-ն է։ Վճիռը կայացված է ՀՀ-ի օգտին»։

 Նախ պետք է ծանոթանալ հարցի նախապատմությանը։

1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր ձեռնարկներից մեկը եղել է Հայկական միացյալ պատվիրակության ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի հաստատումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:

1919 թ․ փետրվարի 26-ին Հայկական միացյալ պատվիրակությունը ներկայացել է Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Իսկ 1919 թ. ապրիլի 17-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Հայկական միացյալ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 22 նոյեմբերի 1920 թ.-ին Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում իր կողմից կայացված Իրավարար վճռի վերաբերյալ շեշտում էր. «անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը»։

Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

-Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

-այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

1920 թ․ հունվարի 27-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայկական Միացյալ պատվիրակությանը:

1920 թ․ մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Այսպիսով Հայկական պետությունը ճանաչվել է նաեւ «դե յուրե»:

Այստեղ է հաստատվել Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվել է Սեւրի պայմանագրի հիմքում (10 օգոստոս 1920 թ.)։ Հայաստանը ճանաչվում էր դաշնադիր կողմ, ստեղծվում էր Միացյալ Հայաստան։

Հետեւաբար կարեւոր է արձանագրել, որ հայկական միասնական պահանջները ներկայացվել են Հայկական միացյալ պատվիրակության կողմից, իսկ նրանք երկու շահառուներ էին՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Արեւմտյան Հայաստանի հայերը՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Պողոս Նուբարի գլխավորությամբ։

Ասվածից բացի պետք ուշադրություն դարձնել եւ հետագա զարգացումներին։ Այն հարցերին, թե որո՞նք են պատճառները, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին դժվարանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որպես ճանապարհ ընտրել Հայկական Հարցի լուծման տարբերակը։ Նշենք դրանք:

Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը ագրեսիայի եւ պարտադրանքի պայմաններում (Ալեքսանդրապոլի պայմանագիր, 02.12.1920 թ. եւ Կարսի պայմանագիր 13.10.1921 թ.) ստիպված են եղել դուրս գալ Հայկական միասնական պահանջների համեմատ 1920 թ. հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) տրված իրավունքների շրջանակից, հարկադրված լինելով մնալ միայն Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակներում։

Հայաստանի երրորդ Հանրապետությունը իր նախագահների պաշտոնական հայտարարությունների միջոցով կրկնել է, որ դուրս է մնում Հայկական միասնական պահանջների համաձայն հայ ժողովրդին եւ հայկական պետությանը (Հայաստան պետություն) 1918-1920 թթ. տրված իրավունքների շրջանակից եւ հարկադրված է մնալ Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակներում, եւ այդ հարցի հետապնդման գործը փոխանցում է հայ ժողովրդին՝ համահայկական լայն շրջանակներին։ Հիշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը (29 մարտ 2015 թ.), որի 6-րդ հոդվածում նշված է. «Արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

 Ոչ պակաս կարեւոր խոչընդոտ է ռազմա-քաղաքական եւ դրա հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվարին այն իրավիճակը, որի մեջ 1988 թ.-ից հետո հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այն է՝ գրեթե ամբողջական շրջափակում, պատերազմական իրավիճակ սահմանամերձ գոտիներում ու Արցախում եւ այլ։

Այնուհանդերձ, լինելով Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդը, լինելով Արցախի հայության ու Արցախի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը, վերը նշված պատճառներով Հայաստանի Հանրապետությունը դժվարություն ունի հանդես գալու Ղարաբաղյան հակամարտությունը, որպես Հայկական Հարցի մի շատ կարեւոր մաս՝ Հայկական Հարցի լուծման միջոցով կարգավորելու դիրքերից։

Ընդ որում, մի շարք փաստեր եւ իրողություններ հուշում են, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակը մեթոդաբար միտումնավոր կերպով է սրվում թույլ չտալու համար Հայաստանի Հանրապետությանը զբաղվելու Հայկական Հարցի վերջնական ու արդարացի լուծման խնդրով, այդ թվում եւ դրա միջոցով Ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման հարցով։

Այստեղ կարող ենք հիշել եւ բրիտանացի հետախույզ եւ Մերձավոր Արեւելքի փորձագետ Լոուրենս Արաբացու 1919 թվականին հնչեցրած առաջարկը. այն է՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար սահմանված մեկ մանդատի՝ հովանավորության փոխարեն, երկու մանդատ, մեկ մանդատ՝ հայ ժողովրդի համար (Սփյուռքահայության), մեկ այլ մանդատ՝ Հայաստանի (Հայաստանի Հանրապետության), որն էլ, ըստ էության, այն ժամանակ փաստացի գործարկվել է եւ ուժի մեջ է ու գործում է մինչեւ այսօր։ Այլ բացատրություններ առայժմ դժվար է գտնել։

Սակայն այդ ամենը չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերը կարող են հաշտվել Հայաստանի Հանրապետությանը ու Արցախի Հանրապետությանը պարտադրված այս իրողությամբ։ Ճիշտ հակառակը։ Աշխարհով մեկ սփռված հայերը ընտրել են եւ ընտրում են Միջազգային հանրության կողմից 1918-1920 թթ. Հայկական Հարցի վերջնական եւ արդարացի կարգավորման նպատակով հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը տրված միասնական իրավունքներին տեր կանգնելու ուղին:

 

5) «ՀՀ նախկին իշխանությունները պատրաստ չէին ընթացք տալու հարցին, տեսանելի ապագայում հայտնի չէ, թե ՀՀ-ն ե՞րբ եւ ինչպե՞ս պատրաստ կլինի հարցին ընթացք տալու, մինչեւիսկ փաստորեն նախապատրաստական աշխատանքներ վարելու իմաստով։ Օրինակ Համահայկական հռչակագրի հրապարակումից 4 տարի է անցել, սակայն ոչ մի աշխատանք նույնիսկ չի սկսվել»։

Վերջին տասնամյակի ընթացքում ի՞նչ է հիմնականում ասել Արա Պապյանը, երկու միտք, առաջինը, որ հայ ժողովուրդին հատուկ իրավունքներ է տրված Իրավարար վճռով, եւ երկրորդ, որ այդ իրավունքների միակ իրավատերը ՀՀ-ն է։ Երկրորդ հարցադրման հետ կապված Պապյանը նշում է նաեւ, որ ՀՀ իշխանությունները, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, դրական կերպով չեն արձագանքում այդ հարցով զբաղվելու առաջարկներին։ Այսպես օրինակ.

«Թուրքիան տրոհվում է. Հայաստանի համար հավանական սցենարը», 20 փետրվար 2016-ի հարցազրույցում նա ասում է․ «Ըստ այդմ՝ ես առանձնացրել եմ երեք հնարավոր սցենար: Առաջինը լավատեսական է՝ Թուրքիան տրոհվում է, ստեղծվում է Քրդական պետություն՝ Վանից հարավ ընկած հատվածում: Հայաստանն իր գերիշխանությունն է հաստատում Կարսի մարզի վրա եւ միջազգային համատիրություն է հաստատում Վիլսոնյան Հայաստանի վրա՝ հայերի, թուրքերի, քրդերի շահերի համադրմամբ: Հայաստանին հաջողվում է դատավարությունների եւ քաղաքական համաձայնությունների արդյունքում Թուրքիայից կորզել բազմամիլիարդ հատուցումներ», – ասում է Արա Պապյանը եւ հավելում, – «քանի որ սցենարն իրականացնելու համար անհրաժեշտ է տեւական, խելամիտ ու հետեւողական աշխատանք ՀՀ իշխանությունների կողմից, որն այսօր տեսանելի չէ, հետագայի համար էլ ինքը չի տեսնում, հետեւաբար այս սցենարի հավանականությունը համարում է միջինից ցածր»։

Սա փակուղի է։ Փակուղի է առնվազն տեսանելի ապագայում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը փակուղուց դուրս գալու համար։ Այդ հարցի պատասխանը Պապյանը չի տալիս։ Իսկ դա լուրջ հարց է, քանի որ վերաբերում Բալկաններից մինչեւ Մերձավոր Արեւելք, Կովկաս ու Աֆղանստան ձգվող ժամանակակից մարտահրավերներին եւ ուղղակի առնչվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի հայ համայնքների, Արեւմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների անվտանգության ու ապագայի խնդիրներին։

Մի՞գուցե սպասողական մարտավարություն որդեգրել, բայց դա անլուրջ մոտեցում է, իրադարձությունները այնպիսի արագությամբ են զարգանում, որ մենք չենք հասցնի նույնիսկ թարթել, երբ բոլոր գնացքներն արդեն մեկնած կլինեն։ Եւ այսպես, փակուղուց դուրս գալու պատասխանը չի տրվում։

 

6) «Մեր խնդիրները լուծելու համար, այդ թվում Արցախի խնդիրը, պետք է լուծել Հայկական Հարցը, տարածքների վրա հաստատել մեր իրավունքները, անպայման չէ հողերը վերցնել, բայց դրանց վրա մեր իրավունքը հաստատելու միջոցով կարելի է այնպիսի եկամուտներ ստանալ, որի միջոցով կարելի է ապահովել ՀՀ-ի եւ հայ ժողովրդի զարգացումն ու ապագան»։

2009 թվականից՝ արդեն 10 տարի է, ինչ Արա Պապյանը շրջանառության մեջ է դրել հետեւյալ միտքը։ «Սպասելով Փոքր Մհերի վերադարձին» հոդվածից («Ասպարեզ», 10 նոյեմբեր 2009 թ.) մեջբերենք հետեւյալ պարբերությունը. «Կը սկսենք յառաջիկայ 10 տարուան մէջ Թուրքիայից տարին 3-5 միլիառ տոլար նիւթական կորուստների հատուցում եւ Թուրքիայի կողմից հայկական գոյքի ու տարածքների օգտագործման վարձավճար ստանալ, ապա, միգուցէ, դուրս կը գանք ժողովըրդագրական անդունդից…»:

Սա մի կողմից նահանջ է Իրավար վճռից, երբ ըստ Պապյանի Հայաստանը՝ «միջազգային համատիրություն է հաստատում Վիլսոնյան Հայաստանի վրա (տես, 5-րդ կետ)՝ հայերի, թուրքերի, քրդերի շահերի համադրմամբ», մյուս կողմից՝ հայոց պահանջատիրության նշաձողի իջեցում է վտանգավոր ցածր աստիճանի՝ «անպայման չէ հողերը վերցնել, բայց դրանց վրա մեր իրավունքը հաստատելու միջոցով կարելի է այնպիսի եկամուտներ ստանալ, որի միջոցով կարելի է ապահովել ՀՀ-ի եւ հայ ժողովրդի զարգացումն ու ապագան» (տես, 6-րդ կետ)։

Մանավանդ վերջին այս առաջարկի դեպքում՝ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների համար բացվում է նյութական վնասի հատուցման հարցի շուրջ անվերջ ու անդադար բանակցելու եւ հայ ժողովրդին պահանջատիրական բուն հարցերից շեղելու բացառիկ հնարավորություն։ Պարզապես վերհիշենք, թե որքա՜ն այսպիսի ծուղակներ ու որոգայթներ էին պարունակում 2009 թ. հրապարակ բերված Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված Արձանագրությունները, սկսած «առկա սահմանի փաստացի ճանաչումից», մինչեւ՝ «Հայոց ցեղասպանության հարցերի քննության պատմաբանների հանձնաժողով»։

Պապյանի հնչեցրած հարցադրումներում (տես, 5-րդ կետ եւ 6-րդ կետ)՝ Հայկական Հարցի կարգավորման նպատակով դեռեւս 1918-1920 թթ. կայացված բոլոր որոշումներն ու Իրավարար վճռի պահանջները անտեսված են.

-անտեսված է այն որոշումը, որ Հայաստանի տիտղոսը ճանաչվում է Արեւմտյան Հայաստանի չորս մարզերի վրա,

-անտեսված է այն որոշումը, որ Հայաստանը ստանում է դեպի ծով ելք, մասնավորապես Տրապիզոն նավահանգստով,

-անտեսված է այն իրողությունը, որ Փարիզի խաղաղության վեհաժողովի հատուկ հանձնաժողովը 1919 թ. հաշվարկել ու ներկայացրել է հայերի նյութական կորուստները, որն այսօր կազմում է մոտավոր այն նույն թիվը, ինչ Արա Պապյանը «տարածքների օգտագործման վարձավճար»-ի եղանակով առաջարկում է ստանալ, առաջիկա տասը տարիների ընթացքում։

Ասվածին հավելենք.

-որ անտեսվում է հեռանկարում Հայկական Հարցի կարգավորման արդյունքում Թուրքիայի Հանրապետության մեջ եւ Արեւմտյան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների բռնության ու ճնշումից ազատագրվելու եւ սեփական ինքնությանը վերադառնալու հնարավորությունը,

-որ անտեսվում է հեռանկարում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների Բնօրրան Հայրենիք վերադառնալու եւ գոյատեւման, զարգացման ու ապագա ունենալու իրավունքն ու հնարավորությունը։

Ի վերջո, մենք չանտեսենք, որ Հայկական Հարցի արդարացի, վերջնական, ամբողջական կարգավորումը բարոյական, իրավական եւ քաղաքական խոշոր նշանակություն ունի եւ հայության, եւ առաջադեմ մարդկության համար։

Ամփոփելով մեր խոսքը նշենք, որ երրորդ հարցադրման պարագայում, երբ Արա Պապյանը կարեւորելով իրավական – քաղաքական ուղղությունը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում, միաժամանակ անտեսում, մերժում, նսեմացնում է միջազգային իրավունքի ընձեռած այլեւայլ հնարավորություններն այդ գործընթացում, իրականում անտեսում է այն հանգամանքը, որ դրանք կարեւոր են

-ոչ միայն Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում,

-այլեւ հայկական այլ խնդիրների կարգավորման հարցերում նույնպես, ինչպես օրինակ՝ Համահայկական համախմբան այն ծրագրերում, որոնց մասին խոսում են «Հայք» նախագծի հեղինակները, կամ Աշխարհի հայերի միավորման ծրագրերում՝ հեղինակ Վահե Կարապետյան, կամ Քաղաքացիական հիմնադրամի ստեղծման գործընթացում՝ Արամ Գաբրիելյան, եւ կամ Համասփյուռյան այն ծրագրերում, որոնց մասին խոսում է Հարութ Սասունյանը։

Ճիշտ է այս վերջին ծրագրերն իրավական-քաղաքական դիրքերից ուղղակի միտված չեն Հայկական Հարցի լուծմանը, սակայն պարզ է, որ մեծ ներուժ կարող են կուտակել այլեւայլ խնդիրների կարգավորման նպատակով, ինչպես նաեւ հետագայում կարող են շատ կարեւոր դեր խաղալ Հայկական Հարցի արդարացի կարգավորման գործում։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 30 ապրիլի, 2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

11 + eighteen =