VIDEO
Новогоднее послание Председателя Национального Собрания (Парламента) Западной Армении Армена Тер-Саркисяна 2019 года
(на армянском языке)
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի 2019 թվականի Ամանորի շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ։
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
2018 թվականը շրջադարձային էր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացում:
Հատկապես մեծ ոգեւորություն ապրեցինք Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը անցկացված 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններում ձեռք բերված աննախադեպ արդյունքների կապակցությամբ, որոնց մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:
2018 թ. սեպտեմբերի 29-ին 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի նախագահին եւ 15 Մշտական հանձնաժողովների ղեկավարներին, ինչպես նաեւ ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Ռադիկ Խամոյանին եւ հաստատեցին վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյանին ու կառավարության նոր կազմը: Այսպիսով ամբողջությամբ ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական եւ գործադիր մարմինները:
Հիշեցնենք, որ Խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններին՝ 2013 թվականի վերջին, մասնակցել էին 17.837 ընտրող, 41 երկրից, որոնք ընտրել էին 64 պատգամավոր:
Մյուս կողմից, 2018 թվականի ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից ՄԱԿ ուղարկվեցին երեք դիմումնագրեր՝ ՄԱԿ-ին անդամագրության, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման եւ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Վստահ ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր ազգի՝ արդեն հարյուր տարուց ավելի առկախված սրբազան նպատակների իրականացմանը՝ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ազատագրմանը։
Տարին հաջող էր նաեւ այլեւայլ ձեռնարկների իրականացման տեսակետից, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Առաջին Սահմանադրության ընդունումը ավարտին հասցնելու տեսակետից: 2019-ի ընթացքում Սահմանադրության նախագիծը կդրվի համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն կհամարվի ընդունված:
Կատարված աշխատանքները պարտավորեցնող են եւ ստիպում են նոր եռանդով ու հույսով առաջ ընթանալ:
Ուստի թույլ տվեք կրկին ջերմորեն շնորհավորել հայ ժողովրդի եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել ամենայն բարիք:
Թող 2019 թվականը բոլորիս համար դառնա նոր ձեռքբերումների, նվաճումների ու հաջողությունների տարի։
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
01.01.2019 թ.