Հարգելի ընկերներ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հոբելյանն է՝ 70-ամյակը։ Մեր շատ հավատարիմ ընկերն ու զինակիցը, հայ ժողովրդի նորագույն զինված ազատագրական պայքարի ակտիվ մասնակից, պետական և հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության վերածննդի հետևողական կողմնակից և հիմնադիրներից մեկը։ Մարդ, որը իր ողջ վառ կյանքը նվիրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների կառուցմանը և հնարավորինս փորձում է պաշտպանել և իրականացնել այն բոլոր իրավունքները, որոնք միջազգային հանրությունը շնորհել է հայ ժողովրդին, այն է՝ Հայկական հարցի արդարացի ու վերջնական կարգավորումը։
Տիգրան Փաշաբեզյանը այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության և բարձր մասնագիտական որակներ կրող անձի վառ օրինակ:
Լինելով մեր Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչն ու լինելով Կիլիկիայի հայերի հետնորդը, Տիգրան Փաշաբեզյանն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Հայկական Կիլիկիայի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատն այն բանի նկատմամբ, որ գալու է նաև արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։
Եվ որպես հայ օջախի պահապան և ընտանիքի հայր՝ նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, աշակերտներին և համախոհներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։
Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը և Քաղաքացին։
Մենք բարձր ենք գնահատում նրա հայրենանվեր գործունեությունն ու պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետական կառույցների ձևավորման գործում, ինչպես նաև 2011 թվականից ի վեր Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետի պաշտոնում, այդ կառույցների միջոցով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մեծ Մերձավոր Արևելքի հայերի և, անշուշտ, Արևմտյան Հայաստանի հայերի շահերի ու իրավունքների պաշտպանության գործում։
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհարանի) պատգամավորների, Կառավարության անդամների, մեր քաղաքացիների, գործընկերների ու համախոհների, Հայաստանի Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) բարեկամների անունից սրտանց շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին՝ 70-ամյա Հոբելյանի առթիվ և մաղթում նրան հաջողություններ իր հայրենասիրական նախաձեռնություններում, երջանկություն, քաջառողջություն և երկար ու գեղեցիկ կյանք։
Մենք միասին ենք։ Հաղթանակը, անկասկած, մերն է լինելու:
Մարտիկ Գասպարյան
Հայաստան Պետության (Արևմտյան Հայաստանի Հանրապետության) նախագահ
Արմեն Տեր-Սարգսյան
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհարանի) նախագահ
25 սեպտեմբեր 2025 թ.







