Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:
«Սիրելի’ հայրենակիցներ
Այսօր թշնամին ոչ միայն զավթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերյալների հանդեպ, այլև ոչնչացնում է մեր հոգևոր ժառանգության նյութական վկայությունը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանությունների գնահատանքին ու շնորհակալություններին։
Մենք, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ,
մեր շնորհավորանքներն ենք հղում 1988թ․ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթոնքով տոգորված բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում,
մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների ընտանիքներին և
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը,
պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը,
ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ,
ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:






