Հայտարարություն. Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ՝ ուղղված Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած պետություններին

Հայտարարություն

 Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ՝

ուղղված Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած պետություններին

 Իրավամբ, Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած, Եւրոպայի ու Մերձավոր Արեւելքի ժողովուրդներն ու պետությունները կարող են հանդիսավոր կերպով նշել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը:

Չէ որ համաշխարհային այդ աղետը միլիոնավոր կյանքեր էր խլել ու հազարավոր բնակավայրեր ավերակների վերածել՝ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ 1,5 միլիոնից ավելի հայերի կյանքեր խլել ու ավերակի վերածել Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան: Պատերազմը շուտուփույթ ավարտին հասցնելու գործում նշանակալի դեր ունեցավ նաեւ հայ զինվորն ու սպան, թե՛ կանոնավոր բանակներում եւ թե՛ կամավորական ուժերում, քաջաբար կռվելով արեւմտյան ու արեւելյան ճակատներում:

Սակայն ընդունենք, որ այս նշանակալի իրադարձության 100-ամյակի տոնական տրամադրությունը իրականում խամրում է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զինված հակամարտությունների, քաոսի ու մարդկայնության դեմ իրականացված նոր հանցագործությունների հենքին:

Ի՞նչն է պատճառը: Չէ՞ որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի ամփոփիչ փաստաթուղթը՝ Սեւրի Խաղաղության պայմանագիրը, խաղաղության պայմանագիր է: Ինչո՞ւ պայմանագիրը չի ապահովում տեւական ու կայուն խաղաղություն տարածաշրջանում:

Միգուցե արժե դադար առնել ու խոստովանել, որ այո՛, թեեւ պատերազմն ավարտվել է 100 տարի առաջ, սակայն նրա ամփոփիչ արդյունքների վերաբերյալ կայացված որոշումների մեկ կարեւոր բաժինը, այդ թվում՝ Սեւրի Խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, մինչեւ այսօր չի իրականացվել, մասնավորապես, հայ ժողովրդի եւ Մերձավոր Արեւելքի բնիկ այլ ժողովուրդների՝ քրդերի, հույների, ասորիների… իրավունքների մասով:

Որովհետեւ ժամանակին թույլ տրված այդ խոշոր սխալը իրականում պատանդի կարգավիճակում է պահել հակամարտող կողմերին, նրանց երկրներն ու սերունդները եւ հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվել հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում:

Միգուցե արժե խոստովանել, որ միանգամայն ճիշտ էր զորավար Հարբորդի ԱՄՆ Սենատ ներկայացրած եզրակացությունը, թե՝ «Նախընտրելի է միլիոններ ծախսել հոգատարութեան, քան թէ միլիառներ` ապագայ պատերազմներուն»:

Ներկայի համառ իրողությունը հենց դա է, որ Եւրոպայում ու Մերձավոր Արեւելքում եւ ոչ մի պետություն ու ժողովուրդ անմասն չի մնալու ներկայի ու ապագայի սպառնալիքներից, եթե չընտրվի գոյություն ունեցող խնդիրների ու սպառնալիքների խաղաղ կարգավորման եւ ժողովուրդների իրավունքների հաստատման ճանապարհը:

Մերձավոր Արեւելքի ժողովուրդների ու պետությունների միջեւ կայուն խաղաղություն եւ իրական համագործակցություն հաստատելու համար վերջապես պետք է կյանքի կոչել եւ իրականացնել այն բոլոր որոշումները, որոնք կայացվեցին 1920 թ. Փարիզի Վեհաժողովի կողմից, այդ թվում՝ հայ ժողովրդի իրավունքների մասով:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 11.11.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twelve − 11 =