ՀՀ վարչապետ Փաշինյանը հաստատել է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵՏՄ-ի շրջանակում

ՀՀ վարչապետ Փաշինյանը հաստատել է երկրի հավատարմությունը միջազգային պարտավորություններին, այդ թվում նաեւ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

«Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների եւ աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել եւ երիտասարդ սերունդներին փոխանցել թանկագին վետերանների հերոսական սխրանքների մասին հիշողությունը, անել ամեն հնարավորը՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման եւ մեր երկրների բարգավաճման համար:

Ցանկանում եմ նաեւ սրտանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության, ինչպես նաեւ նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար»— նշել է Փաշինյանը:

ՀՀ նորընտիր վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում: «Մենք արդեն ձեւավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:

ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաեւ տարբեր խոչընդոտների առկայությունը դեռեւս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը եւ ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետեւողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում եւ ելնում է նրանից, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել առեւտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր եւ նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»։

Մինչ օրակարգի երկու-երեք հարցերի վրա կանգ առնելը, ընդգծեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը: ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձեւաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել եւս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը եւ շատ ավելիին:

2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Վերջում ցանկանում եմ հույս հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության եւ ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով», — ասել է Փաշինյանը:

News.am

Please follow and like us: